«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2008-09-18 | #171, 2008-09-19 | #172, 2008-09-20


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՀԵՔԻԱԹԻՑ ԴԱՌՆՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Սա նոր կառույց չէ, այլ 20 տարի կանգնած, տառապած, կիսատ կառույց է, որն այսօր հնարավորություն ունենք կառուցելու եւ ավարտին հասցնելու»: Մատենադարանի նոր մասնաշենքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը երեկ հուզված էր, որովհետեւ երկար տարիներ հեքիաթ եւ միֆ թվացող իր նախագիծն ի վերջո քարե կերպարանք էր առնելու: Նոր մասնաշենքի հիմնարկեքն էր, եւ այդ առիթով շինհրապարակ էր այցելել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, «Մոնարխ» շինարարական կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Համբարձումյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանը եւ այլք: Մատենադարանցիների եւ առհասարակ Մատենադարանը հոգում կրող ամեն մեկի համար գլխավոր մասնաշենքի 3 հազար քմ տարածքը քառապատկելու, նոր ձեռագրատուն, ընթերցասրահներ, վիրտուալ սրահներ, խեցեգործության, միջնադարյան դեղամիջոցների ու բալզամների ուսումնասիրման լաբորատորիաներ, հայագիտական կենտրոն, տպարան եւ հրատարակչություն ունենալու սկզբնավորումը երանելի իրողություն է:

«Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցումը մեր նորանկախ երկրի պատմության մեջ կարեւոր իրադարձություն է, իմ համոզմամբ, վերջին տասնամյակների գիտամշակութային ամենախոշոր ծրագիրն է, որին ի սկզբանե հավանություն է տվել մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանն ու գլխավորել այն: Այս շինարարությունը հոգեւոր ազդակ կդառնա եւ կզորացնի մեր հոգեւոր ու գիտական ներուժը, առիթ կդառնա այլ կենտրոնների զարգացման համար: Սա նաեւ վկայում է, որ գիտամշակութային քաղաքականությունը փոխվում է եւ փաստորեն, բոլորովին նոր ընթացք է այս բնագավառի համար», ասաց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը :

«Շինարարության մեջ ամեն ինչ սկսվում է ֆինանսներից, իմ կյանքում երբեք շնորհակալություն չեմ հայտնել բարերարներին, առաջին անգամ հայտնում եմ Սերգեյ Համբարձումյանինՙ ֆինանսական առաջին հիմնաքարը դնելու եւ շինարարությունը տեղից շարժելու համար: Մատենադարանը այն կառույցն է, որին բոլորը պետք է օգնեն, այլ ոչ թե խանգարեն, նրանք, ովքեր չեն կարող օգնել, թող չխանգարեն: Ինձ համար Մատենադարանը այն ծրագիրն է, որի համար ոչ մի խանգարիչ հանգամանք չպետք է լինի», հավելեց Արթուր Մեսչյանը , սրտնեղած իրեն ուղղված անմիտ հարցերից, նոր շենքի տեղում իբր հյուրանոց կառուցելու մասին դատարկ խոսակցություններից:

Նախագահ Սերժ Սարգսյանը Մեսչյանին խորհուրդ տվեց ուշադրություն չդարձնել դրանց. «Մեր նպատակը Մատենադարանի ձեռագրերը բոլորին տեսանելի եւ հասանելի դարձնելն է, մենք այդ գործն ենք անում եւ եթե Սերգեյ Համբարձումյանն այդքան գումար է ներդնում, ուրեմն գիտակցում է իր արածի կարեւորությունը»:

Սերգեյ Համբարձումյանը 10 մլն դոլար է տրամադրել նոր մասնաշենքի շինարարության համար, որովհետեւ Մատենադարանն իր համար ամենաթանկ օջախն է: «Երբ հանրապետության նախագահը հայտարարեց, որ շինարարությունը սկսելու համար ֆինանսական ներդրումներ են հարկավոր, միանգամից ցանկություն հայտնեցի աջակցելու, հասկանալով, որ դրանից ավելի վեհ գործ չկա ինձ համար»:

Մատենադարանի նոր մասնաշենքի նախագիծը մշակվել է «Հայարդնախագիծ» ինստիտուտի հատուկ ճարտարապետական արվեստանոցում 1987-1988 թթ., ճարտարապետ Արթուր Մեսչյանի ղեկավարությամբ եւ նախագծով: Շինարարական աշխատանքները սկսվեցին, սակայն շատ շուտով դադարեցվեցին երկրաշարժից հետո: Նոր մասնաշենքի նախագծային աշխատանքները վերսկսելու հարցը հրատապ դարձավ 2006-ին, կազմվեց նախագծային նոր առաջադրանք, որը շարունակությունն էր 1988-ին մշակված նախագծիՙ հագեցած ֆունկցիոնալ եւ տեխնիկական նոր չափանիշներով: Նախագիծն անցած տարի ներկայացվեց այն ժամանակ հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանին եւ հավանության արժանանալուց հետո գտավ ֆինանսական հովանավորին:

Նոր կառույցը շինարարության առաջին փուլն է, որից հետո սկիզբ կառնի երկրորդը, որով նախատեսվում է վերանորոգել գլխավոր մասնաշենքի գլխավոր հարթակից մինչեւ ճեմասրահի շարժական աստիճանի տեղադրում, որի անհրաժեշտությունն իրոք վաղուց է զգացվում: Իսկ 3-րդ փուլում կիրականացվի Մաշտոցի պողոտա-Մատենադարան ճանապարհի վերակառուցման աշխատանքներն ու ամբողջ տարածքի բարեկարգումը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4