«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2008-09-19 | #172, 2008-09-20 | #173, 2008-09-23


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Խախտումներ, փաստորեն, չեն եղել

Վերջերս ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի (ՎՊ) կողմից Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող քաղաքային ջեռուցման ծրագրի` ստուգման արդյունքներին վերաբերող հայտարարությունների առնչությամբ երեկ պարզաբանումներով հանդես է եկել Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակը:

Նշելով, որ Համաշխարհային բանկն անմիջականորեն վերահսկում է իր կողմից իրականացվող ծրագրերը եւ վերահսկողական այցերի վերաբերյալ իր հաշվետվությունները ժամանակին տրամադրում կառավարության գործընկերներին, երեւանյան գրասենյակն անդրադարձել է ՎՊ-ի կողմից հիշատակվող երկու առանցքային խնդիրներինՙ 500.000 ԱՄՆ դոլարի փոխանցումը Պանամայում գրանցված մի օֆշորային կազմակերպության եւ ծրագրի «Կապիտալ դրամաշնորհների տրամադրում աղքատներին» բաղադրիչի իրականացման դանդաղ ընթացքը:

Համաձայն ՀԲ բացատրությունների, 460 հազար դոլար իրոք փոխանցվել է Պանամայում գրանցված մատակարարի: Գումարը փոխանցվել է ծրագրի ենթավարկային բաղադրիչի մասնակից բանկերից` «Արդշինինվեստբանկից»: Դա 500 հազար դոլար գումարով ենթավարկի մի մասն է, որն «Արդշինինվեստբանկը» տրամադրել է մասնավոր «Երֆրեզ» ընկերությանը` չորս շենքի համար ջեռուցման, տաք ջրի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման սարքավորումներ գնելու նպատակով: «Երֆրեզ» ՓԲԸ-ն «Արդշինինվեստբանկին» ներկայացրել է հանձնարարական ենթավարկային միջոցներից 460 հազար դոլարՙ ջեռուցման եւ էլեկտրաէներգիայի համակցված 4 միկրոտուրբիններ ձեռք բերելու նպատակով Պանամայում գրանցված մատակարարին փոխանցելու վերաբերյալ:

ՎՊ-ն այս գործարքը համարել է որպես շեղում` ելնելով այն հանգամանքից, որ սարքավորումները դեռեւս Հայաստանում չեն: Մինչդեռ, Համաշխարհային բանկի պարզաբանմամբ, «Երֆրեզ» ՓԲԸ-ի եւ պանամական մատակարարի հետ հաղորդակցության համաձայն, միկրոտուրբինները պետք է մատակարարվեն 2008 թվականի դեկտեմբերին: Հետեւաբար, ՀԲ-ն հավաստիացնում է, որ ծրագրի իրականացումը կարգավորող իրավական փաստաթղթերի որեւէ պահանջ չի խախտվել: Վարկային միջոցներն օգտագործվել են նախատեսված նպատակի, այսինքն` գազով աշխատող ջեռուցման եւ տաք ջրի մատակարարման ապակենտրոնացված համակարգերի ձեռքբերման համար:

Միաժամանակ նշվում է, որ ենթավարկային բաղադրիչի շրջանակներում գնումները կատարվում են առեւտրային հիմունքներով, ինչը խնդրո առարկա 500 հազար դոլար գումարով ենթավարկի դեպքում նշանակում է, որ ենթավարկառուն գնային առաջարկներ պետք է ապահովի երեք մատակարարներից, որպիսին ներկայացրել է «Երֆրեզ» ՓԲԸ-ն եւ ընտրել ամենացածր գինն առաջարկած մատակարարին:

Գործարքն, ըստ ՀԲ-ի, ֆինանսական կառավարման խնդիրներ նույնպես չի հարուցում: Ենթավարկային բաղադրիչով նախատեսված է, որ «Արդշինինվեստբանկը» կրում է տրամադրված ենթավարկերի գծով 100 տոկոս ռիսկերը: Իրականացնող կազմակերպությունը ավտոմատ կերպով գումարը փոխանցել է «Արդշինինվեստբանկին»` վերջինիս կողմից վարկը հաստատելուց եւ գրավը գրանցելուց անմիջապես հետո:

Ինչ վերաբերում է «Կապիտալ դրամաշնորհների տրամադրում աղքատներին» բաղադրիչի իրականացմանը, ապա ՀԲ-ն իր հուշագրերում եւս փաստել է, որ այն իսկապես դանդաղ է ընթացել, ինչի մասին կառավարությանը նույնպես ահազանգել են: Այդուհանդերձ, հաղորդվում է, որ վերջին շրջանում այս բաղադրիչի իրականացման տեմպերը զգալիորեն արագացել են եւ 2008-ի սեպտեմբերի դրությամբ գազամատակարարման միացումների ու ջեռուցման սարքերի տեղադրման աշխատանքներն ավարտվել են ավելի քան 4 հազար աղքատ ընտանիքների բնակարաններում:

Համաշխարհային բանկի պարզաբանումներից կարելի է եզրակացնել, որ Վերահսկիչ պալատի կոնկրետ այս ծրագրի վերաբերյալ հայտարարած շեղումները մի դեպքում չեն եղել, մյուս դեպքում առանց ՎՊ ուսումնասիրության էլ հայտնի են եղել: Հավանաբար, այդ կառույցին պետք էր եղել ցույց տալ, որ ինչ-որ գործով զբաղվում են:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4