«Երեւանի օր» տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 10-11-ին
Մայրաքաղաքում այս տարվա ընթացքում իրականացված շինարարական եւ բարեկարգման աշխատանքներին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը : Այդ շարքում թվարկվածներից էր ոռոգման ցանցի վերականգնումը 5 համայնքներումՙ 12 կմ ընդհանուր երկարությամբ, փողոցների ասֆալտապատումը, ճաքալցումը, կամուրջների վերականգնումը Աճառյան-Մյասնիկյան փողոցներում եւ այլն: Փոխքաղաքապետը հայտնեց, որ ամրացման ենթակա 69 3-րդ կարգի վթարային շենքերից այս տարվա համար 10 նախատեսվածներից 8-ն արդեն ամրացվել են, իսկ 2-ինը կավարտվի առաջիկա օրերին:
Վերելակների կապիտալ վերանորոգման ծրագրի մեծ մասը կատարված է: Ինչպես տեղեկացրեց Վանո Վարդանյանը, 4261 վերանորոգման ենթակա վերելակներից նորոգման են սպասում 426-ը, մնացածները վերանորոգվել կամ ամբողջությամբ փոխվել են անցյալ տարվա վերջին եռամսյակում եւ այս տարվա ընթացքում: Մինչեւ տարեվերջ դրանք եւս կնորոգվեն եւ վերելակների նորոգման ծրագիրը կավարտվի:
Մամուլի ասուլիսի ժամանակ փոխքաղաքապետը հայտնեց, որ հոկտեմբերի 10-11-ին տեղի կունենա Երեւանի օրվա տոնակատարությունը: Մայրաքաղաքի 2790-ամյակի առթիվ նախատեսվում են բազմաթիվ տոնական-մշակութային միջոցառումներ, այդ թվումՙ բացումը օպերայի շենքի դահլիճում, համերգ «Հրազդան» ստադիոնում եւ փակումը Հանրապետության հրապարակում: Սպասվում են հյուրեր Երեւանի քույր քաղաքներից:
Ա. Մ.