«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2008-09-19 | #172, 2008-09-20 | #173, 2008-09-23


ՄԱՅՆԻ ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԲԸՄ «ՀԱՅՔ» ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

Անցած շաբաթավերջին Մայնի Ֆրանկֆուրտում բացվեց Հայկական բարեգործական ընդհանուր միության առաջին գրասենյակը տեղի երիտասարդ հայ պրոֆեսիոնալների «Հայք» կազմակերպության համագործակցությամբ: «Հայքը» 2003 թվականից Մանհայմ քաղաքում գործող հայ-գերմանական երիտասարդական ակումբ է, որին անդամակցում են ուսանողներն ու ակադեմիականները, լայն ցանց ունի Գերմանիայի ողջ տարածքում եւ համագործակցում է 18 գերմանական համալսարանների հետ:

Գրասենյակի բացման արարողությունը կատարվեց Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի հոգեւոր առաջնորդ Գարեգին արք Բեկչյանի , Գերմանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանի եւ ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի ատենապետ Ալեքսի Գովչյանի ՙ կարմիր ժապավենի միասնական կտրումով, օրհնության խոսքով ու շնորհավորանքի ելույթներով:

Ալեքսի Գովչյանը կարեւորեց երեք խնդիրՙ հայ ժողովրդի ինքնության պահպանությունը, Հայաստանի հզորացումը եւ եվրոպահայ սփյուռքի սերտ հարաբերությունները Եվրոմիության հետ: Համարելով, որ Գերմանիան կարեւոր դիրք ունի ԵՄ-ում, ՀԲԸՄ-ն որոշել է այդ գրասենյակի բացմամբ խթանել նաեւ այդ կապերը: Հայաստանի դեսպան տիկին Ղազինյանը նշեց, որ դեսպանությունը միշտ բաց է լայն համագործակցության համար, իսկ սրբազան հայրը կարեւորելով Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ երկարատեւ համագործակցության փորձը, հույս հայտնեց, որ երիտասարդ սերունդը նոր ավյունով կլծվի հայրենանվեր ծրագրերի իրականացմանը:

Այնուհետեւ շնորհակալական խոսքով հանդես եկավ «Հայքի» համանախագահ Կարեն Նավոյանը , որը պատմական համարեց ՀԲԸՄ-ի մուտքը գերմանահայ համայնք: Նշեց, որ երիտասարդական կազմակերպության համար մեծ պատիվ է գործունեություն սկսել ՀԲԸՄ-ի նման 100-ամյա փորձառություն ունեցող կառույցի հետ, եւ հույս հայտնեց, որ այսուհետեւ Գերմանիայում իրականացվող երիտասարդական ծրագրերը նոր թափ ու որակ կստանան: Արարողությանը ներկա էին նաեւ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Շավարշ Հովասափյանը, Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ Գայանե Ափինյանը, սփյուռքահայ տարբեր համայնքներից ժամանած հյուրեր:

Նույն օրը երեկոյան գերմանահայ համայնքի ներկայացուցիչների եւ գերմանացի հյուրերի համար տրվեց մեծ ընդունելություն, որի համերգային մասում ելույթ ունեցավ հայաստանյան «Լույս» երգչախումբըՙ մեծ բավականություն պարգեւելով ներկաներին: Ընդունելության ընթացքում «Հայքի» համանախագահ Փայլակ Մզիկյանը առավել աչքի ընկած հայ երիտասարդներին պարգեւատրեց կազմակերպության խորհրդանշական մրցանակովՙ «Կարմիր նռան» հուշանվերով:

Հաջորդ օրը նորաբաց գրասենյակում տեղի ունեցան հետաքրքրական հանդիպումներ Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ Գայանե Ափինյանի, Գերմանիայում բնակվող հայտնի թուրք իրավապաշտպան Ալի Էրթինի հետ, ինչպես նաեւ անցկացվեց ՀԲԸՄ Եվրոպայի վարչության հերթական նիստը: Հիշեցնենք, որ ՀԲԸՄ Եվրոպայի համակարգող կառույցը ստեղծվեց այս տարվա հունվարին եւ առաջին անգամ ներկայացվեց այս տարվա փետրվարին Բրյուսելում կայացած ՀԲԸՄ ժողովում:

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ, Մայնի Ֆրանկֆուրտ-Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4