Կրթության եւ գիտության նախարարության, ԵՊՀ եւ ճարտարագիտական համալսարանի, Լոնդոնի Միդլսեքս համալսարանի, Ջենովայի համալսարանի եւ Հայաստանի «Տեմպուս» ազգային գրասենյակի նախաձեռնությամբ, երկամյա դրամաշնորհային ծրագրի շրջանակներում երեկ պետհամալսարանի Պալյանների անվան դահլիճում աշխատանքները սկսեց «Ներքին որակի ապահովում: Փորձը, խնդիրներն ու միտումները» խորագրով երկօրյա համաժողովը: Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Ռուսաստանից ժամանած գործընկերների հետ մեր մասնագետները կքննարկեն բուհական կրթության որակի ապահովման համակարգըՙ հիմնվելով Եվրոմիության գործընկեր համալսարանների փորձին:
ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանից տեղեկացանք, որ 9 ամիս առաջ սկիզբ առած վերոնշյալ ծրագրի ընթացքում ուսումնասիրվել է եվրոպական համալսարանների փորձը, քննվել է նաեւ մեզանում առկա վիճակը: «Մեր բուհական կրթության համակարգը եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելու պարտավորությունը թելադրված է Բոլոնիայի գործընթացով, որի հիմնարար սկզբունքներից մեկը կրթության որակի ապահովումն է: Այս ծրագրի շրջանակներում ձգտում ենք պետհամալսարանի եւ ճարտարագիտական համալսարանի փորձը հարստացնել եվրոպականով ու ստեղծել որակի ապահովման ներքին համակարգի դաշտ, որն ընդունելի կլինի մեր պետական եւ ոչ պետական բոլոր բուհերի համար: Վերլուծելով անգլիական եւ իտալական համալսարանների ձեռք բերած որակի ներքին ապահովման փորձը, նկատեցինք, որ դրանք մի փոքր տարբեր են: Անգլիական համալսարաններն ավելի մոտ են անգլոսաքսոնյան մոդելին, որն ընդունված է Մ. Նահանգներում եւ Մեծ Բրիտանիայում, իսկ իտալականները եվրոպական դասական համալսարաններ են: Եվրոպական չափորոշիչները որոշ չափով արդեն առկա են մեզանում, մի շարք բաղադրիչներ մնացել են խորհրդային համակարգից, մյուս մասը ձեռք է բերվել վերջին տարիներին եւ հիմա առաջացել է այդ ամենը մի համակարգում ամբողջացնելու անհրաժեշտությունը», ասաց պրոռեկտորը:
Հայաստանյան բոլոր բուհերի համար այսօր առաջնայինը շրջանավարտների կրթության որակի բարձրացումն է, որի համար չափազանց կարեւոր է կազմակերպչական, մեթոդական եւ այլ աշխատանքները մեկ ամբողջական համակարգի մեջ առնելը: Գրիգորյանի ասելով, մեզ համար ուսանելի է հատկապես անգլոսաքսոնյան մոդելը, քանի որ ենթադրում է պետական ավելի թույլ աջակցություն: «Հաշվի առնելով, որ մեր բուհերն իրենց բյուջեի մոտ 3/4-ը ստեղծում են ներքին միջոցներով, մեզ համար ավելի ընդունելի է անգլիական փորձը, մանավանդ որ կրթական այդ համակարգը մեծ համբավ ունի ամբողջ աշխարհում», հավելեց Գրիգորյանը:
Համաժողովի բացմանը ներկա էին ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հայաստանի «Տեմպուս» ազգային գրասենյակի տնօրեն Լանա Կառլովան եւ ուրիշներ:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ