«Կանաչ ու սեւ»` Թաթուլ Հակոբյանի վերջերս լույս տեսած գիրքը (հեղինակային հրատ. Երեւան-Ստեփանակերտ-2008, 548 էջ) կարելի է համարել մեր նորօրյա պատմության վերջին 20 տարիների տարեգրություն. հեղինակն էջ առ էջ ի մի է բերել այս հակասական` պատերազմական ու ժամանակավոր զինադադարի, նոր հասարակական տնտեսակարգի տարբեր դժվարությունների միջով անցնող, անկախացող մեր երկրի կազմավորման բարդ ժամանակահատվածը: Ի փոխան առաջաբանի կարծիքների էջում «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը այն համարում է «ո՛չ օրագրություն, ո՛չ տարեգրություն, ո՛չ փաստաթղթերի ժողովածու, ո՛չ էլ սոսկ դեպքերի արձանագրություն: Գուցե այդ բոլորն է` համահավաք եւ կարելի ամբողջությամբ մատուցված»: Գրքի առավելությունը նա համարում է նաեւ լրագրողին բնորոշ ազատամիտ անկողմնակալության դրսեւորումը: Թաթուլ Հակոբյանի ներկայիս աշխատավայրի` «Արմենիան ռիփորթեր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վինսենտ Լիման գրում է. «Նրա գաղտնիքը, որը դրսեւորվում է «Կանաչ ու սեւ» այս հատորում, այն է, որ մոռացության չի մատնում այն փաստերն ու իրողությունները, որոնք հիշելն այլեւս ձեռնտու չէ: Իրազեկ եւ լավատեղ լինելու հավակնող մարդը չի կարող խուսափել. նա պարտավոր է ծանոթանալ Թաթուլ Հակոբյանի այս աշխատությանը»:
40 գլուխներից բաղկացած գիրքը բացվում է մեր նորօրյա պատմության ճակատագրական էջով` ցարդ շարունակվող ղարաբաղյան խնդրով, «Պատերազմը մտել է մեր տուն» խորագրով: Գրքի էջերը թերթելիսՙ խորագրից խորագիր տեղափոխվում ես ոչ հեռու ու շատ ծանոթ անցյալ. հայտնվում օպերայի հրապարակում ծնունդ առած ազգային ոգու նորօրյա փոթորկումներում, տեղափոխվում պատերազմական դառն իրականություն, շրջափակում ու դիվանագիտական անցուդարձեր, երկրի փլուզված տնտեսության վերականգնողական աշխատանքներ, մտնում ներքին կյանք` իր վերիվարումներով ու ցնցումներովՙ ընդհուպ 2008-ի նախագահական ընտրություններ, փետրվարյան ու մարտիմեկյան դեպքեր. «Այս գարունը մարդկանց գարուն չէ: Եվ փողոցները մարդկանց փողոցները չեն... Սա գարուն է, որը պատուհանների ոչ մի կողմում չէ: Սա քաղաք է, որտեղ ամենքը պանդուխտ են իրենց անցյալի մեջ», բանաստեղծ ընկերոջից մեջբերելով այս տողերը, հեղինակը ավելացնում է. «Բայց սա դեռ վերջը չէ»:
Քսանամյա մեր տարեգրության էջերը գրավոր վավերացվել են` բնավ ոչ սոսկական փաստաթղթային հավաքչությամբ. պատմական իրականությունը հեղինակը ստեղծել է` հենվելով կյանքի զարկերակի վրա, լրագրողական տեւական ուսումնասիրությունների, հետազոտությունների, տեղեկությունների, բազմաթիվ հարցազրույցների, պարզ մարդկանցից մինչեւ բարձր պաշտոնյաների հետ ունեցած զրույցների վրա, եւ վերջապես, ժամանակակցիՙ իր սկզբունքային վերաբերմունքով եւ ակտիվ մասնակցությամբ` օրերի դեպքերին: Սա է պատճառը, որ այս յուրահատուկ պատմագրության յուրաքանչյուր էջ կենդանի զարկերակ ու շնչառություն ունի: Հեղինակի անաչառության սկզբունքը դրսեւորվում է դեպքերի ու դեմքերի լայն ընդգրկմամբ: Նա փորձել է պատմության տեսադաշտից բաց չթողնել քաղաքական ոչ մի անցուդարձ: Բայց առավել եւս` մարդկային կյանքը, ճշմարտապատում վկայություն ներկայացնելու միտումով: Սա ակնհայտ է գրքի առաջին իսկ խորագրից` պատերազմը, այո՛, մտավ բոլորիս կյանք, եւ յուրաքանչյուրս ապրեցինք ու հատուցեցինք դա յուրովի. մեկը` կյանքով, մյուսը` թիկունքի զրկանքով, մեկ ուրիշնՙ արտագաղթով... Գրքի շնորհանդեսին հեղինակն ասաց. «6.000 հայորդի է սպանվել, 20.000 մարդ վիրավորվել, սակայն այդ թվերը վիրտուալ են հնչում, եթե գրքի մեջ չես հնչեցնում այն տառապանքը, որ կրել են մարդիկ այս պատերազմից: Դեպքերի տակ մարդկային ողբերգություն դնելն արեւմտյան ոճ է համարվում, բայց սա ինձ սովորեցրել է իմ առաջին խմբագիր Մուշեղ Միքայելյանը, որ այժմ 60 տարեկան կարող էր լինել»: Մտածելու տեղիք է տալիս գրքի վերտառությունը. անվանաթերթի դարձերեսին կարդում ենք, որ դա կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի մտահղացումն է` «սեւը պատերազմում սպանված տղաների մայրերի հագուստի գույնն է, կանաչը` զինվորական համազգեստի»: Գրքի «Անավարտ վերջաբան»-ում հեղինակը պատմության համառոտ ուրվագիծ է ներկայացնում, կրկին անդրադառնում «ռոքնռոլի, ֆրանսիական կինոյի եւ ռուս գրականության սիրահար կինոբեմադրիչին», որ պատերազմից հետո նկարահանում է իր առաջին գեղարվեստական գործը` «Սեւ եւ սպիտակ», 2-րդ աշխարհամարտի թեմայով, արցախյան պատերազմի ազդեցությամբ...
«Հարյուրավոր հայ եւ ադրբեջանցի ընտանիքների համար, սակայն, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը շարունակում է տառապանք պատճառել», գրում է հեղինակը: Տառապանք կամ ցավ կրելը, սակայն, իր սահմանն ու ժամանակն ունի, ամեն ինչ մի տեղ դադար է առնում...
Գրքի «Հավելվածներ»-ի հարյուր էջերում զետեղված են ղարաբաղյան խնդրին ուղղակի կամ անուղղակի վերաբերող փաստաթղթեր, որոնք հայերենով ներկայացվում են առաջին անգամ: Վերջում տեղադրված են նաեւ այս շրջանի իրադարձությունների կիզակետում գտնվող քաղաքական, հասարակական գործիչների լուսանկարներ:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ, 17 սեպտեմբեր