«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2008-09-24 | #175, 2008-09-25 | #176, 2008-09-26


ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԴԱՏԱՎՈՐ ԵՎԱ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ

«Պիցցա դի Ռոմայի» տնօրեն Գեւորգ Սաֆարյանի եւ մատուցողուհի Անուշ Ղավալյանի նկատմամբ քրեական գործը քննում է Երեւանի քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանը:

Երեկվա ասուլիսում Գեւորգ Սաֆարյանի եւ Անուշ Ղավալյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը հայտնեց, թե դատավոր Եվա Դարբինյանը օրինազանցություն է թույլ տալիս մի դեպքում մերժելով պաշտպանների միջնորդությունները, մեկ այլ դեպքում անտեսելով դրանք: Ա. Գրիգորյանի խոսքով, դատավորի հետին թվով նշագրված եւ ձեռագրով ու ջնջումներով գրված որոշմամբ իր պաշտպանյալները երկու ամսից ավելի շարունակում են կալանավորված մնալ: Իսկ երբ փաստաբանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, պատճառաբանելով, որ նա գործին ոչ օբյեկտիվ մոտեցում է դրսեւորում, վերջինս առանց քննարկման մերժել է:

Փաստաբան Գրիգորյանը հիշեցրեց լրագրողներին, որ իր պաշտպանյալները մեղադրվում են «Պիցցա դի Ռոմայի» հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ. «իբր իմ պաշտպանյալները ցույց են տվել առեւտրի շրջանառության շատ ավելի պակաս թիվ, քան եղել է իրականում: Բայց այդ շրջանառության հաշվարկման հիմքում դրվել են օբյեկտներից տառացիորեն գողացված համակարգչից հանված տվյալներ»: Փաստաբանի խոսքերով` դեռեւս քրեական գործ չհարուցված, հարկային պետական ծառայության աշխատակիցները, 6-րդ վարչության աշխատողների հետ մտել եւ ուժի գործադրումով տարել են համակարգիչները:

«Մի կտոր թղթի վրա գրել են, որ ստուգումներ պիտի իրականացվեն: Հետո կվերադարձվեն համակարգիչները: Նման քննչական կամ դատավարական գործողություն, կամ այդ օրենքով սահմանված նման գործողություն գոյություն չունի», ընդգծեց փաստաբան Գրիգորյանը:

Փաստաբանի պատմելով` այդ համակարգիչները մի քանի օր մնացել են ոստիկանությունում եւ կապարակնքված չեն եղել. «Ամենայն հավանականությամբ այսօր կարող ենք հայտարարել , որ այդ համակարգչի ծրագրի մեջ կատարվել են այնպիսի փոփոխություններ, որոնք ցույց են տալիս, թե շրջանառությունը եղել է վիթխարի, եւ Գեւորգ Սաֆարյանը խուսափել է հարկերը վճարելուց: Անուշ Ղավալյանին էլ, որ իրականում մատուցողուհի է աշխատել այնտեղ, վերագրում են, թե իբր եղել է գանձապահ եւ Գեւորգ Սաֆարյանի հանցակից», ասում է փաստաբան Գրիգորյանը ու հավելում, որ դատարանի հերթական նիստը նշանակված է եղել սեպտեմբերի 23-ին, սակայն Ե. Դարբինյանի որոշմամբ չեղյալ է հայտարարվել` մեղադրյալի առողջական վիճակի ստուգման պատճառաբանությամբ:

Փաստաբանները բողոք են ուղղել ՀՀ նախագահին, վարչապետին, խորհրդարանի նախագահին, արդարադատության նախարարին, վճռաբեկ դատարանի նախագահին, գլխավոր դատախազին, ինչպես նաեւ տեղեկատվություն են փոխանցել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին, Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի երեւանյան գրասենյակին:

Իրողությունը հաշվի առնելով, փաստաբանները մի քանի անգամ բոյկոտել են դատական նիստը եւ լքել են դատարանի դահլիճը, Ե. Դարբինյանի որոշմամբ նրանց նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել:

Փաստաբանների միության նախագահ Ռուբեն Սահակյանը նշեց, որ կարգապահական հանձնաժողովի անդամներն առայժմ ուսումնասիրում են գործը:

«Օրենքով կարգապահական վարույթի գործը լսելու համար նախատեսված է երկու ամիս, իսկ գործընթացը դեռ նոր է սկսվել», նկատեց Ռուբեն Սահակյանը:

«Եվա Դարբինյանի եւ դատախազի միջեւ տարբերություն չկա: Մենք փաստում ենք, որ կա դատավոր, որ հագել է դատախազի պատմուճան: Եվա Դարբինյանի պատճառով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ-ի դեմ մեկ այլ գործով արդեն իսկ կայացրել է դատապարտող վճիռ, եւ Հայաստանը պետք է վճարի 4000 եվրո», հայտնեց Արթուր Գրիգորյանը:

Ռուբեն Սահակյանը նշեց, որ փաստաբանների աշխատանքում բացթողումներ չեն եղել: «Մեծ բացթողումներ ունեցել է մեղադրող կողմը, եւ ավելի մեծ` քննիչներն ու դատավորը: Վերջիններիս բացթողումները երբեմն այն աստիճանի են հասնում, որ մենք ստիպված ենք լինում ասել, որ նրանք խախտման եզրին են գործում», ասաց փաստաբանների պալատի նախագահը:

Փաստաբանները պայքարելու են մինչեւ վերջ եւ պահանջելու են Եվա Դարբինյանին քրեական պատասխանատվության ենթարկել:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4