ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելյոյի հետ հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն ասել էր, թե եվրոինտեգրման քաղաքականությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից է, եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն` այդ քաղաքականության կենտրոնական տարրերից: Այս առթիվ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն «Ազգին» հայտնեց, որ այս ձեւակերպման մեջ որոշակի տարընթերցում եւ թյուրըմբռնում կա. «Եվրոինտեգրումն, իսկապես, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, եւ դա ամրագրված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրային փաստաթղթերում: Սակայն ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, մեր կարծիքով, զարգանում են եւ պետք է զարգանան «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Հայաստանը Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է, հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկիր եւ 2009 թվականին ստանձնում է այդ կազմակերպության նախագահությունը: Մեր հարաբերությունները Ռուսաստանի եւ պայմանագրի անդամ մյուս երկրների հետ զարգանալու են ըստ ամենայնի: Իսկ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները (նաեւ` մյուս բոլոր հարաբերությունները) փոխլրացման սկզբունքով գալիս են լրացնելու մեր երկրի արտաքին քաղաքական կուրսը», ճշտեց Ա. Սաֆարյանը:
Մեր հարցին, թե արդյոք Ա. Սաֆարյանն իր գործընկերուհու հետ հստակեցրե՞լ է խնդիրը, խմբակցության քարտուղարը պատասխանեց, թե Կանադայից նոր է վերադարձել, որտեղ որպես Հայաստանի պատվիրակության ղեկավար մասնակցել է Տորոնտոյում անցկացվող ԵԱՀԿ աշնանային նստաշրջանին եւ Երեւան է ժամանել միայն նախորդ օրը:
Մ. Խ.