«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2008-09-25 | #176, 2008-09-26 | #177, 2008-09-27


ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐՆ ՈՒ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԸ ԿՐԹԱԹՈՇԱԿ ԿՍՏԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Աշխարհի առաջատար բուհերում ու գիտակրթական կենտրոններում սովորող ՀՀ քաղաքացիներին եւ սփյուռքահայերին օժանդակելու ծրագրի հայեցակարգը մի շարք գերատեսչություններում փորձաքննություն անցնելուց հետո այժմ ներկայացված է կառավարության հաստատմանը: Ամիսներ առաջ ծրագրի վերաբերյալ հակիրճ տեղեկություն տալուց հետո նկատեցինք, որ հասարակությունը կարիք ունի ավելի մանրամասն մեկնաբանության, որի համար զրուցեցինք վարչապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի համակարգող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի հետ:


- Հայեցակարգը հակիրճ ներկայացնելու դեպքում ո՞ր սկզբունքները կմատնանշեք եւ ինչպե՞ս կբնութագրեք:

- Դա ծավալուն փաստաթուղթ է, որտեղ մանրամասն ներկայացված են արտասահմանյան առաջատար բուհերում սովորող հայ ուսանողներին աջակցելու մեխանիզմներն ու սկզբունքները: Ամենակարեւոր սկզբունքները որոշվել եւ ամրագրվել էին վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Հայեցակարգում կիրառված են նորարարական մոտեցումներ ու սկզբունքներ, որոնք առաջին հայացքից նկատելի չեն եւ այդ պատճառով, կարծում եմ, կարիք կա հանրությանն այդ ամենի մասին իրազեկելու: Օրինակ, բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բուհերում սովորողների համար մասնագիտությունների սահմանափակում չի մտցվում: Թվում է, թե տրամաբանական կլիներ, եթե այդ մասնագիտություններն ընտրվեին մեր տնտեսության պահանջներից ելնելով, սակայն կան բազմաթիվ փաստարկներ, որոնք խոսում են այն բանի օգտին, որ այդ ճանապարհով գնալ չի կարելի, թեկուզ այն պատճառով, որ դեռեւս այնքան էլ պարզ չեն մեր գիտության զարգացման գերակա ուղղությունները: Ի վերջո որոշում կայացվեց մասնագիտությունների ընտրության սահմանափակում չմտցնել:

- Իսկ ի՞նչ սահմանափակումներ կան սովորողներին նյութական աջակցություն ցույց տալու առումով:

- Հարցադրումներ է առաջացնում այն, որ նյութական օժանդակություն է տրվելու ինչպես ՀՀ քաղաքացիներին, այնպես էլ սփյուռքահայ ուսանողներին: Բերվող փաստարկները պնդում են, որ մեր բյուջեի հաշվին սփյուռքահայերին օժանդակելը տրամաբանական չի հնչում: Այստեղ, սակայն, պետք է նշել, որ այս ծրագիրն իրականացնող հիմնադրամի միջոցները գոյանալու են ոչ միայն պետբյուջեից, այլեւ իրավաբանական անձանց, ոչ պետական կազմակերպությունների, անհատների նվիրատվությունների, դրամաշնորհների միջոցով: Ակնհայտ է, որ ֆինանսների 2-րդ բաղադրիչըՙ ոչ պետականը, շատ ավելի մեծ է լինելու, հետեւաբար բնավ տեղին չէ միայն բյուջեի մասին խոսելը: Բացի այդ, չպետք է մոռանալ, որ ծրագիրը միտված է հայկական աշխարհի ամրապնդմանն ու Հայաստանի շուրջը համախմբմանը: Այս առումով սփյուռքահայերին օժանդակելը խիստ էական հանգամանք է: Մյուս կողմից, պետք է ասել, որ ֆինանսական օժանդակությունը ՀՀ քաղաքացիներին եւ սփյուռքահայերին հավասարաչափ չի տրվելու, քանի որ որդեգրված է ասիմետրիայի սկզբունքը: Եթե ՀՀ քաղաքացիներին ենթադրվում է հատկացնել ամբողջական ֆինանսավորումՙ կրթավճար, կացարան, բժշկական ապահովագրություն, ճանապարհածախս, ապա սփյուռքահայերին կտրվի միայն մասնակի օգնությունՙ Հայաստան գալու, այստեղ գիտական հետազոտություններ իրականացնելու կամ ուսումնառության վայրում Հայաստանի մասնակցությամբ միջոցառումներ կազմակերպելու համար: Այսպիսով, տեսնում ենք, որ սփյուռքահայերին ֆինանսական աջակցություն ցույց տալն ուղղված է Հայաստանի հետ ամուր կապեր հաստատելուն: Ես նշեցի ընդամենը 2 սկզբունք, սակայն դրանք շատ են:

- Ո՞ր համալսարանների ուսանողներին է ենթադրվում նյութական աջակցություն տրամադրել, ի՞նչ մոտեցում է դրսեւորվում հեղինակավոր համալսարաններն ընտրելիս:

- Ամենից առաջ ծրագիրը խրախուսելու է ուսումը միայն բարձրակարգ այնպիսի համալսարաններում, ինչպիսիք են Հարվարդը, Օքսֆորդը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական, Տոկիոյի, Սորբոնի համալսարանները եւ այլն: Այդ համալսարանների ցանկն ավելի ճշգրիտ կազմելու համար որոշված է վարվել հետեւյալ կերպ: Նախ, սահմանել 15 անառարկելի հեղինակություն ունեցող համալսարանների ցանկը, որից հետո որպես հիմք ընդունել Մ. Նահանգների դեպքումՙ US News and World Report-ի ցանկերը (դրանք 4 առանձին ցանկեր են` ըստ մասնագիտությունների), Ռուսաստանի Դաշնության դեպքումՙ ՌԴ կրթության դաշնային գործակալության ցանկերն ըստ 7 մասնագիտությունների, Եվրոպայի եւ մնացյալ աշխարհի համարՙ Times Higher Education-ի ցանկը: Ինչպես տեսնում ենք, առաջատար բուհերի ցանկերը կազմելիս առաջնորդվում ենք որոշակի սկզբնաղբյուրներով (դրանք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կազմած ցանկեր են), որոնք գտնվում են մեր հանրապետությունից դուրս: Դա նշանակում է, որ պաշտոնյաները չեն կարող կամայական մեկնաբանություններ տալ դրանց վերաբերյալ: Այդ ցանկերը փոփոխական են եւ ամեն տարի թարմացվում են:

- Ի՞նչ մեխանիզմով են հատկացվելու կրթաթոշակները:

- Հատկացվելու են նշյալ ծրագիրն իրագործելու նպատակով ստեղծված լիազոր հիմնադրամի միջոցով:

- Իսկ ե՞րբ է անցկացվելու կրթաթոշակներ հատկացնելու մրցույթը:

- Կրթաթոշակներ տրամադրելու գործընթացը դասական իմաստով մրցութային չի լինելու: Վերոնշյալ համալսարանների համար կրթաթոշակի տրամադրումը կլինի պարտադիր: Ինչ վերաբերում է հայտերի ընդունման ժամկետներին, ապա հաշվի առնելով, որ արտասահմանյան բուհերում ընդունելության քննությունները տեղի են ունենում տարբեր ամիսների, որոշված է հայտերն ընդունել անընդմեջ, ողջ տարվա ընթացքում: Հայտը պաշտոնապես գրանցելուց հետո 30 օրվա ընթացքում պետք է կայացվի կրթաթոշակներ տրամադրելու որոշումը:

- Ի՞նչ մեխանիզմներ են կիրառվելու հնարավոր խեղաթյուրումները նվազեցնելու համար:

- Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հարցը մշտապես եղել է մեր մտահոգության կենտրոնական առարկաներից մեկը: Հայեցակարգի տարբեր հատվածներում նշված են բազմաթիվ մեխանիզմներ, որոնք հնարավորինս կիջեցնեն ռիսկերը: Երկու մեխանիզմների մասին արդեն խոսեցիՙ մասնագիտությունների սահմանափակում չի լինելու եւ բուհերի վարկանշային ցանկերը կազմելու են ոչ մեր պաշտոնյաները: Եվս մեկ օրինակՙ բոլոր հայտերի (ներառյալ մերժված) հաստատման-մերժման պաշտոնական հիմնավորումները պարտադիր պետք է հրապարակվեն մամուլում եւ տեղադրվեն ազատ հասանելի ինտերնետային կայքէջերում:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4