Սարալանջի ավտոմայրուղին շահագործման հանձնվեց
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Երեկ շահագործման հանձնվեց ճանապարհաշինական կարեւորագույն կառույցներից մեկը` Սարալանջի մայրուղին: Սա 2005-ին ընդունված Երեւանի գլխավոր հատակագծով մայրաքաղաքում նախատեսվող ամենածավալուն ճանապարհաշինական ծրագիրն էր:
Սարալանջի մայրուղու շինարարությունը սկսվել է 2006-ին եւ ամբողջությամբ իրականացվել հայ մեծանուն բարերար, Քըրք Քըրքորյանի ստեղծած «Լինսի» հիմնադրամի միջոցներով:
ՀՀ-ում հիմնադրամի իրականացրած բազմաթիվ անգնահատելի ծառայությունների շարքում ամենախոշոր կառույցը շահագործման հանձնվող Սարալանջի մայրուղին է, որի ընդհանուր երկարությունը` տրանսպորտային հանգույցների եւ ուղիների հետ միասին 6 կիլոմետր է:
Նոր մայրուղին առանց լուսացուցային կարգավորող խաչմերուկների կապում է Կենտրոն եւ Արաբկիր համայնքները, հասնելով մինչեւ Դավթաշենի կամուրջ: Մայրաքաղաքի համար բացառիկ նշանակության Սարալանջի մայրուղու շինարարության համար «Լինսի» հիմնադրամը կատարել է շուրջ 6 միլիարդ դրամի խոշոր հատկացումներ:
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի մատուցմամբ` մայրուղու շինարարական աշխատանքներն իրականացվել են ճանապարհաշինական ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան, եւ ընդգրկում է մայրաքաղաքում եզակի կառույցներ, ինչպես, օրինակ, մայրուղու մուտքն ապահովող 186 մետր երկարությամբ թունելը, որը սկիզբ է առնում Մյասնիկյան պողոտայից:
«Սա Երեւանի կենտրոնը շրջանցող առաջին արագընթաց ճանապարհն է, որն ապահովում է այլընտրանք գերհագեցած Բաղրամյան պողոտայով, Աբովյան, Խանջյան եւ մի շարք այլ փողոցներով անցնող տրանսպորտային հոսքերին, վերցնելով դրանց ծանրաբեռնվածության մի էական մասը: Սարալանջի ճանապարհի շահագործմամբ Երեւանի երթեւեկությունը թեթեւացնելու առումով սկզբունքային խնդիր է լուծվում, քանի որ մայրաքաղաքի հյուսիսից հարավ եւ հակառակ ուղղությամբ գնացող տրանսպորտն այլեւս Երեւանի կենտրոն չի մտնի», ընդգծեց Երեւանի քաղաքապետը:
Միջոցառմանը ներկա հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը բարձր գնահատեց շինարարական աշխատանքները` շնորհակալություն հայտնելով «Լինսի» հիմնադրամին նախագծի ֆինանսավորման համար. «Հույս ունեմ, որ ե՛ւ Քըրքորյանը, ե՛ւ «Լինսին» Հայաստանում շարունակելու են իրականացնել ծրագրեր: Սա մեր հզորության, հայկական հզորության մի լուրջ մասն է, որն անպայման Հայաստանում պետք է գործի:
Բոլոր երեք ծրագրերն էլ շատ կարեւոր եմ համարում` ե՛ւ դպրոցաշինությունը, ե՛ւ ճանապարհաշինությունը, ե՛ւ Երեւանի փողոցների վերակառուցումը, որովհետեւ իրար հետ համեմատելը ճիշտ չէ: Դպրոցաշինության շնորհիվ երեխաները ստացան ժամանակակից դպրոցաշենքեր, որոնց նմանը Հայաստանում չկա, հնարավոր է նաեւ` տարածաշրջանում: Այդ դպրոցներն ամբողջովին հագեցած են ժամանակակից գույքով եւ հնարավորություն են տալիս կազմակերպելու 12-ամյա ուսուցում: Ճանապարհաշինությունը եւս կարեւոր եւ օգտակար ծրագիր է. նոր արյունատար անոթներ են բացվում հանրապետությունում: Սկզբնական փուլում որոշակի դժգոհություններ են առաջանում, բայց ծրագիրն ավարտելուց հետո բոլորը շատ գոհ են լինելու: Այնպես որ երեք ծրագրերն էլ շատ կարեւոր են»:
Աբովյան պուրակից Մյասնիկյան պողոտա տրանսպորտային հանգույցը միակողմանի 6 մետր երթեւեկային մասի լայնությամբ ավտոմոբիլային տրանսպորտային ստորգետնյա անցում է, որը կապահովի տրանսպորտային միջոցների անարգել շարժումը Աբովյան փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա: Պատվիրատուն Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման ներդրումային» ԾԻԳ-ն է, նախահաշվարկային արժեքը` 1 միլիարդ 350 միլիոն դրամ, աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտի 18-ին, ավարտվել սեպտեմբերի 20-ին: Տրանսպորտային ստորգետնյա անցումի երկարությունը 220 մետր էր, որից թունելը` 44 մետր: Թունելի բարձրությունը 3,5 մետր է:
Գլխավոր կապալառուն «Բերմա» ընկերությունն է, տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունըՙ «Արման Առաքելյան շին» ՍՊԸ-ն, կառույցը նախագծել է «Երեւաննախագիծը»:
Բացման արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փոխվարչապետ, հիմնադրամի փոխնախագահ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, կառավարության անդամներ եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
«Գեղեցիկ կառույց է, եւ չեմ կասկածում, որ Երեւան քաղաքն ավելի հարմարավետ դարձնելու առումով իր գերազանց դերը կկատարի: Շնորհակալ եմ Քըրք Քըրքորյանին այս հիանալի հնարավորությունը ստեղծելու համար», նշեց Ռոբերտ Քոչարյանը:
Ի պատասխան փողոցը Քըրք Քըրքորյանի անունով անվանակոչելու Ռ. Քոչարյանի առաջարկությանը Ս. Սարգսյանը անհրաժեշտ համարեց այդ հարցի դիտարկումը:
Վերջում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեցին նաեւ լրագրողներին հետաքրքրող հարցերին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նորմալ է գնահատում ԱՄՆ կատարած իր այցը. «Երկու եւ կես օրվա համար հագեցած ծրագիր էր: Ամենից ջերմ եւ հուզիչը համայնքի, հատկապես հայկական դպրոցի սաների հետ հանդիպումն էր: Սուրբ Վարդան եկեղեցի եկած երեխաներին եւս ասացի, որ մենք պետք է հանդուրժողական եւ մրցունակ լինենք եւ մեր ուժը մեր բազմազանության մեջ է: Միշտ Հայաստանից այլ կերպ է երեւում սփյուռքը, բայց տեղում իրոք հզորությունն զգացվում է: Ես ուղղակի հպարտ էի, որ մենք ունենք հայրենակիցներ, որոնք ուժ եւ հզորություն են աշխարհի ամենահզոր երկրում»:
Ինչ վերաբերում է Նյու Յորքում կայացած ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը, ապա Սերժ Սարգսյանը դրա հետ առանձնապես հույսեր չի կապել. «Արտգործնախարարների եռակողմ հանդիպումից առանձնապես սպասումներ չկային, մի քանի հանդիպումներ եղան, որեւէ կոնկրետ արդյունք, որ հիմա կարող եմ ասել, չկա, բայց վստահ եղեք, որ դրանք ամբողջի մի մասն են. շղթայի օղակներ են, եւ արդյունք անպայման կլինի»:
Ռ. Քոչարյանն անդրադարձավ իրեն վերաբերող լուրերին:
«Հիմնական բամբասանքների թեման է. դեռ չեմ ձանձրացել այն ազատությունից, որը վերջապես ստացել եմ: Խոստովանեմ նաեւ, որ երկրորդ անգամ վեց ամսվա ընթացքում փողկապ եմ կապել. առաջին անգամ` մայիսի 28-ին Սարդարապատ գնալիս, եւ դեռ ցանկություն չունեմ ամենօրյա «փողկապավոր» լինելու:
Երբ նման ցանկություն ունենամ կամ ձգտում, անպայման առաջին հերթին ինձանից եք լսելու, այլ ոչ թե տարբեր խոսակցություններից եք իմանալու», նկատեց ՀՀ երկրորդ նախագահը:
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Հայաստանում ներքաղաքական իրավիճակը չի կայունանա, քանի դեռ երկիրը չի ազատվել Ռոբերտ Քոչարյանի ժառանգությունից, նա նշեց. «Ժառանգությունից հնարավոր չէ ազատվել. դա առաջին հերթին կայացած Հայաստանի Հանրապետությունն է, բարեկարգված Երեւանն է, վերականգնվող Գյումրին է, Հյուսիսային պողոտան, այս ճանապարհը, որտեղ մենք կանգնած ենք այսօր: Այս ամենից ձերբազատվելը հեշտ չէ: Նաեւ քաղծառայության համակարգը, որն այս տարիներին է կայացվել, որը մեծ մասամբ արհեստավարժորեն կատարում է իր պարտականությունները: Եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են այդ ամենից ազատվել, պետք է քանդեն դրանք», ասաց Ռոբերտ Քոչարյանը: