«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2008-09-26 | #177, 2008-09-27 | #178, 2008-09-30


ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ, ԻՐՈՔ, ԴԱՐՁԱՎ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ այն նշանավոր օրն էր, երբ Ազգային ժողովի նախագահը դարձավ Հովիկ Աբրահամյանը: Ի դեպ, նա ԱԺ նախագահի միակ թեկնածուն չէր, «Ժառանգությունն» առաջադրել էր իր թեկնածուին` Լարիսա Ալավերդյանին: Ու չնայած անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, մի երկար պատմաքննական անդրադարձ անելով եւ վերջում էլ նշելով, թե Ազգային ժողովի տեղում առաջ Կոզեռն գերեզմանոցն է եղել` այլընտրանքով եւ առանց այլընտրանքի ԱԺ բոլոր նախագահներին հիշեց (նրա ելույթին գուցե առաջիկայում անդրադարձ անենք` զուտ հետաքրքրության առումով»), սակայն ընդհանուր առմամբ երեկվա նշանավոր օրն անցավ առանց էքսցեսների, կարելի է ասել` համարյա բոլոր խմբակցությունների բարի եւ խաղաղ տրամադրվածությամբ առ նոր նախագահը, որը ոչ ոք չէր կասկածում, թե լինելու է հենց Հովիկ Աբրահամյանը: Իսկ Լարիսա Ալավերդյանի առաջադրումը, կարելի է ասել, քաղաքակիրթ երեւույթ տվեց Հ. Աբրահամյանի ընտրությանը` 115 պատգամավորից 110 ձայնը տվել էր հենց նրան, իսկ Լ. Ալավերդյանը ստացել էր իր կուսակիցների 5 ձայնը: Տիգրան Թորոսյանն առավոտյան մի պահ եկավ նիստերի դահլիճ, նստեց բարգավաճականների շարքի վերջում, հետո մի քանի րոպեից գնաց ու չվերադարձավ:

Հովիկ Աբրահամյանին առաջադրեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը, իսկ Լ. Ալավերդյանին` «Ժառանգության» ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Արժե հիշել մի քանի ուղերձներ` ուղղված ընտրվելիք նախագահին: Նախ` Անահիտ Բախշյանը իր խոստացած քննությունից միայն երեք հարց տվեց` երկուսի պատասխանով բավարարվեց, մեկով` ոչ: ԱԺ երկու փոխնախագահներն էլ արտահերթ խոսեցին, Գագիկ Ծառուկյանն անձամբ իր խմբակցության տեսակետը ներկայացրեց` պաշտպանելով իր ընկեր Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, որը պետք է ժողովրդի խնդիրները լուծի, Մկրտիչ Մինասյանը ՀՀԿ-ի անունից նշեց, թե Աբրահամյանն այն մարդն է, որ կարողանում է տեղեկատվություն ունենալ, վերլուծել, որոշում կայացնել եւ հետեւել որոշումների կատարմանը: Վարդան Խաչատրյանը հիշեց, որ կոլեկտիվ ղեկավարումը մոռացված էր ԱԺ-ում, եւ հույս հայտնեց, որ նոր ընտրվողն այն կվերականգնի, գործադիր եւ օրենսդիր իշխանության տարանջատման հրամայականն էլ, ի վերջո, տեղ կունենա, ինչի մասին նաեւ իր ելույթում կարեւորեց ԱԺ նախագահի նրա կուսակից թեկնածու Լ. Ալավերդյանը` ԱԺ-ն հակակշիռ տեսնել իշխանության մյուս թեւերին: Վահան Հովհաննիսյանը հապճեպ արտահերթների պրակտիկայից բողոքեց, որը նոր նախագահը պետք է բացառի, Հեղինե Բիշարյանը նկատեց, թե հաճախ չիմացությունն այնքան վտանգ չունի, որքան մարդկային որակներն` ակնհայտորեն վերջինները վերագրելով Հ. Աբրահամյանին: Զարուհի Փոստանջյանը հույս ուներ, որ ԱԺ նոր նախագահը կորուստները հետ կբերի եւ հատկապես` բանտում գտնվող իր գործընկերներին: Մի խոսքով` բոլորն ինչ-որ հույսեր ունեին եւ դրանք կապում էին Հ. Աբրահամյանի հետ: Եվ բոլորի խոսքում կար ակնկալիքը, թե Ազգային ժողովն, իսկապես, նոր նախագահի օրոք կբարձրացնի իր կշիռը: Երբ ընդմիջմանը լրագրողներս հարցրինք Հ. Աբրահամյանին, թե ինչպե՞ս է, ի վերջո, նա բարձրացնելու ԱԺ հեղինակությունը, «Մի քիչ համբերեք, եւ կտեսնեք», ասաց:

Ընտրվելուց հետո Հ. Աբրահամյանն ասաց. «Այս պահից ամենայն պատասխանատվությամբ եմ ստանձնում ՀՀ օրենսդիր եւ բարձրագույն ներկայացուցչական մարմնի նախագահի պաշտոնը: Ակնկալում եմ եռանդուն եւ արդյունավետ համատեղ աշխատանք` ի բարօրություն ՀՀ-ի»:

Հ. Աբրահամյանը ծնվել է 1958 թվականին, մասնագիտությամբ տնտեսագետ է, նրա բազմաթիվ պաշտոններից նշենք Արարատի մարզպետ, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ԱԺ պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար լինելը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4