Օրեր առաջ քաղաքաշինության նախարարության ոլորտներից մեկում Վերահսկիչ պալատը մեծ խախտումներ էր արձանագրել, որը մամուլում որակվեց վրեժխնդրություն, քանի որ, ըստ մամուլի, դրա համար Իշխան Զաքարյանի ազգականի ինչ-որ խնդիրներ են ազդակ եղել: Իշխան Զաքարյանն այդ լուրն իր վերջին ասուլիսում հերքել էր: Սակայն երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, իսկ միգուցե հենց հատուկ լրագրողների հետ հանդիպման առիթ ստեղծելով, իր նախկին կուսակցին մեղադրեց ՎՊ ստուգումներով անձնական խնդիրներ լուծելու մեջ: Գ. Ծառուկյանն ասաց, որ եթե քաղաքաշինության նախարարության խախտումներն ապացուցվեն` անմիջապես նախարարը կփոխվի. «Մենք եկել ենք աշխատելու, ոչ թե թալանելու, բայց Վարդան Վարդանյանն այս տարի աշխատել է 5 ամիս, եթե 5 ամիս իրենց անձնական խնդիրները վերածում են քաղաքականության ու առաջին հերթին ստուգում են էն կուսակցությանը, ով իրեն առաջարկել է, ով իր կողքն է կանգնել, ու էսօր բոլորն են հասկանում` էդպիսի մոտեցում է, անձնական է. «Բարգավաճ Հայաստանը» Իշխանի համար որեւէ քաղաքական պատասխանատվություն չի կրում եւ չի կրելու: Ու էսօր Վարդան Վարդանյանի մոտ ստուգում է նախագահի վերահսկողական ծառայությունը` ոչ մի բան չկա: Դուք կարող եք գնալ Իշխան Զաքարյանի մոտ, վերցնել ակտերը, գնալ, նայել` ապրիլ-մայիս ամիսներին այդպիսի բան չկար, շարունակական շինարարություն է, ավարտած շինարարություն չկա: Գնացեք, Իշխան Զաքարյանին ասեք` ակտը տվեք. եղել է ծավալների խախտում 37 մլն, որը վճարված է` շինարարներն արդեն վճարվել են, կատարված է ավել աշխատանք»: Գ. Ծառուկյանին լրագրողները տարբեր դիտանկյուններից հարցեր ուղղելով` պարզեցին. «Մեր կուսակցությունում կարող եք հարցնել` իր բաջանաղը մի տարի, որ գործի չի գնացել, Վ. Վարդանյանն ասել է` պետք է գործից դուրս գա, ոչ թե վարչության պետ լինի, ինքը հիմա Վերահսկիչ պալատում է վարչության պետ ու ինքն է ստուգումներ կատարում», խոսքը Ի. Զաքարյանի տվյալ ազգականի մասին է: «Եթե մարդը թույլ է լինում եւ ամեն ինչ վերածում անձնականի` պապենական ասացվածք կա` պաշտոնը տուր, նոր հետո կճանաչես»:
ԱԺ-ն է հաստատել ՎՊ-ի ծրագիրը, միջամտեց ՎՊ մամուլի քարտուղարը. «Եթե դուք նայեք, թե ո՞րն է հաստատված եղել Ազգային ժողովում եւ ո՞րն է փոփոխվել` մենք հո չենք խուսափում, որ առաջինը մեզ ստուգեն, մենք եկել ենք աշխատելու, դա մենք գործով ենք ապացուցում ամեն ժամ, մենք եկել ենք կառուցելու, զարգացնելու, բարգավաճելու»:
Ըստ Ծառուկյանի` եթե ՎՊ-ն դեռ որոշում չի կայացրել, Ազգային ժողովն այդ որոշումը չի հաստատել, նաեւ մատնացույց անելով, թե ստուգումների արդյունքում ո՞վ պետք է մեղադրվի, ո՞ւմ գործը պետք է դատարան գնա, ո՞ր մասը պետք է վերականգնվի ծավալների հարցով, ինչո՞ւ է այդպիսի հայտարարություններ անում. «Նստել եւ հարցազրույց տալ` մարդկանց վրա բիծ քաշելով, այդպես չի կարող լինել, դա պետք է հաստատված լինի, ակտը պետք է ստորագրված լինի, Վարդանյանը չի ստորագրել, կան տարաձայնություններ, դրա համար էլ նախագահն ուղարկել է իր վերահսկիչ ծառայությանը: Դրա համար էլ ասում եմ` հենց այնպես նստել ու հայտարարել` պետք է տեղը տեղին, ծանրակշիռ հաստատված լինի փաստերով: Վարդանյանը եթե լրիվ չիրականացնի գործը, մենք ինչի՞ համար ենք պահելու»: Ապա Ծառուկյանը դետալների մեջ մտավ. «Վարդանյանն աշխատել է 5 ամիս, շինարարության տենդերները դեռ հունվար-փետրվար ամիսներից մրցույթներ են շահում, բայց Վարդանյանն այսօր բոլորի համար էլ պատասխան է տալիս` մայիս-հունիս ամիսներին բոլորն ավարտված է թե՛ ծավալների, թե՛ վճարումների, թե՛ խախտումների հարցում»:
Արդյոք այլ կուսակիցներից եւս Գ. Ծառուկյանը հիասթափվե՞լ է. «Մարդկանց եթե կողքից նայում ես ու հետո հետներն աշխատում ես, նույնիսկ ընտանիքում է այդպես` պատկերացումդ կա, որ լավանում է, կա որ, քո պատկերացրածից շատ քիչ է լինում: Բոլոր կոլեկտիվներում, խմբակցություններում եւ կուսակցություններում սա կա», ասաց նա` ավելացնելով, թե ոչ մեկին թույլ չի տա անտեղի իր կուսակցությանը վիրավորել. «Եթե Ի. Զաքարյանի գրածներն իրականություն են, Վարդանյանն իրավունք չունի նախարար աշխատելու, կան կառույցներ, որոնք 6-8 տարի չեն ստուգվել, բայց պրն Վարդանյանը 5 ամսվա նախարար, էն էլ երբ շինարարությունը շարունակական է... Կան տարաձայնություններ, Վարդանյանը չի ստորագրել ստուգման ակտը, հիմա եթե փուչիկ եղավ` ո՞վ է պատասխան տալու, փուչիկ չեղավ` Վարդանյանը դուրս է գալու, փուչիկ եղավ` ո՞վ է դուրս գալու, դե դա մեր իրավասությունների մեջ չէ, նրանը մշտական է», Ի. Զաքարյանին նկատի ունենալով` ասաց Ծառուկյանը:
ՆԱՏՕ-ի հետ կապված տարբեր տեսակետներ հայտնեցին Գ. Ծառուկյանի տարբեր կուսակիցները, ինչու. նա Արեւիկ Պետրոսյանի հետ զրուցել է` այնտեղ կա թեթեւակի վրիպում. «Չի կարելի այդքան շեշտադրում դնել ու մարդկանց անհարմար վիճակի մեջ պահել», ասաց:
Անդրադարձ եղավ Սերժ Սարգսյանի աշխատանքին եւ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին լուրերին. «Սերժ Սարգսյանն այս ծանր պայմաններում ուզում է ամեն ինչ անել, որ իրականացնի ժողովրդի սպասելիքը, բայց այսօր մի անձով չի լինում, ամբողջ կառավարությունը միասնական այդ ծրագիրը պետք է իրականացնի... Ռ. Քոչարյանը եղել է երկու անկախ պետությունների նախագահ եւ վարչապետ, ամենածանր պայմաններում, 10 տարի, ինքը շատ հոգնել է, ձանձրացել է: Էդ ծանր պայմաններից որ երկիրը դուրս բերեց` բոլորս էլ գիտենք իրա դուխը, նա այսօր հանգստանում է, եթե ուզենար գար, ինքը կհայտարարեր, ու առաջինը դուք կիմանայիք»:
Մ. Խ.
Հ. Գ. - Գ. Ծառուկյանը հերքեց որպես քաղաքապետ ապագայում իր թեկնածությունն առաջադրելու մասին լուրերըՙ նկատելով, թե քաղաքապետն իր համար քիչ է: