Համահայկական լրատվամիջոցների ղեկավարների 4-րդ համաժողովին մասնակցել են սփյուռքի 13 երկրների մոտ 50 լրատվամիջոցների ղեկավարներ: Երեկ «Ուրբաթ» մամուլի ակումբում Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը ներկայացրեց, թե համաժողովի ժամանակ ինչ խնդիրներ են քննարկել:
«Այսօր ունենք լուրջ խնդիր` ամրապնդելու Հայրենիք-սփյուռք համագործակցությունը, ունենք հայապահպանության խնդիր, ազգային մշակույթի պահպանման խնդիր», նշեց տիկին Գեւորգյանը:
Նա նաեւ հայտնեց, որ այսօր, թեեւ կան կապի զարգացած տեխնոլոգիաներ, սակայն մեր եւ սփյուռքի լրատվամիջոցները չեն համագործակցում:
«Օրախնդիր է Հայաստան-սփյուռք համագործակցությունը դնել շատ գործնական ուղիների վրա, քանի որ մենք ունենք հին եւ նոր սփյուռք, ունենք հայապահպանության լուրջ խնդիր, ունենք մայրենի լեզվի անաղարտության համար պայքարի խնդիր, ինչպես նաեւ` ազգային արժեքների պահպանման, համազգային մտածողության ձեւավորման խնդիր», ասուլիսում ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, ամփոփելով «Աշխարհի հետ մեր ինքնությամբ» խորագրով հայկական լրատվամիջոցների 4-րդ համաժողովը:
Ընդունվել է մի բանաձեւ, որը Հայաստանի եւ սփյուռքի լրագրողների միջեւ հետագա գործունեության հիմք է լինելու, ինչպես նաեւ` «ինչ պետք է անել»:
«Այսօր ոչ միայն Հայաստանի լրատվամիջոցները չեն տպագրում սփյուռքի մասին տեղեկատվություն (Աստղիկ Գեւորգյանի մատուցմամբ` միայն «Ազգն» է տպագրում սփյուռքի մասին տեղեկատվություն), այլեւ` սփյուռքի հայկական լրատվամիջոցները: Համաժողովն արձանագրել է, որ սփյուռքի լրագրողներն անգամ իրար չեն ճանաչում: Դա անընդունելի է», նշեց բանախոսն ու հավելեց, որ սփյուռքի հետ համագործակցության նոր մոտեցումներ են հարկավոր ձեւավորել, նոր դաշտ բացել:
Համաժողովի ընթացքում տարբեր առաջարկություններ են արվել: Այսպեսՙ սփյուռքի լրատվամիջոցներում աշխատել ցանկացող լրագրողները վերապատրաստվեն Հայաստանում, Հայաստանի տարբեր լրատվամիջոցներ ընդունեն սփյուռքից լրագրողների, սփյուռքում նույնպես ստեղծել ակումբներ` մամուլի ասուլիսների համար, խրախուսել սփյուռքի լրագրողներին, ստեղծել համահայկական որակյալ թերթ: Նաեւ` օտար երկրների թերթերում ունենալ հայ լրագրողներ, ինչը, ըստ համաժողովի մասնակիցների, կարեւոր է հայաստանամետ լոբբիինգի համար:
Հիմքեր են ստեղծվել, որ սփյուռքահայ լրատվամիջոցները պայմանագրեր կնքեն «Ֆոտոլուրի» հետ եւ Հայաստանում կատարված բոլոր իրադարձությունների լուսանկարները ուղարկվեն սփյուռք:
Աստղիկ Գեւորգյանի խոսքով, իրենց անհանգստացնում է նաեւ սփյուռքի լրատվամիջոցների խմբագիրների տարիքը. այնտեղՙ լրատվական դաշտում աշխատողները երիտասարդ չեն:
«Շատ լավ կլիներ, եթե երիտասարդ լրագրողները, ովքեր ցանկանում են աշխատանքի անցնել սփյուռքի լրատվամիջոցներում, վերապատրաստում անցնեն Հայաստանում»:
Աստղիկ Գեւորգյանը նշեց, որ համաժողովի ընթացքում իրենք խոսել են միայն համազգային խնդիրներից: Ի դեպ, համաժողովն անցկացվում է կառավարության աջակցությամբ:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ