«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2008-09-27 | #178, 2008-09-30 | #179, 2008-10-01


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԵՆ ԲԵՐՎԵԼ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Թբիլիսի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան մի քանի օր ուշացավ, քանի որ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Վրաստանի նախագահները Նյու Յորքում մասնակցեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Երեկ Ս. Սարգսյանը եւ Հայաստանի պատվիրակությունը ժամանեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի: Հավլաբարում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նոր կառուցվող նստավայրում տեղի ունեցավ նախ երկու նախագահների առանձնազրույցը, ապա կողմերի հանդիպումն ընթացավ առավել ընդլայնված կազմով` արդեն երկու կողմի նախարարների մասնակցությամբ:

Քննարկվեցին էներգետիկ, տրանսպորտային համագործակցության հարցեր, քաղաքական երկխոսության խնդիրներ: Միխեիլ Սաակաշվիլին Հայաստանի նախագահին հանձնեց բարձրաստիճան հյուրերին տրվող Վրաստանի ամենաբարձր շքանշան` «Ոսկե գեղմ»: Առանձնազրույցի, ընդլայնված հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին երկու նախագահները մանրամասնեցին լրագրողների համար արված իրենց հայտարարությունների մեջ:

«Հայաստանն ու Վրաստանը սերտ դաշնակից, բարեկամ եւ եղբայրական պետություններ են, որոնք միավորված են ոչ միայն միասնական պատմությամբ, այլեւ ընդհանուր ապագայով», ասաց Միխեիլ Սաակաշվիլին: Ըստ նրա հայտարարության` Վրաստանում հետաքրքրությամբ հետեւում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ բարձր են գնահատում Հայաստանի դիրքորոշումը Վրաստանի իրադարձությունների առիթով. «Մեր ժողովուրդն ամենածանր պահին հիշում է, թե ովքեր աջակցեցին Վրաստանին եւ վրաց ժողովրդին»: Վրաստանի նախագահը ընդգծեց, որ հայերը Վրաստանում մեծ դեր ունեն, համայնքի դերը եւս բարձր գնահատեց, սահմանազատման խնդիրներին անդրադարձ արեց, երկկողմանի հարաբերություններն առավել զարգացնելու մասին խոսեց: Վրաստանի նախագահի կարծիքով` երկու երկրների անցագրային ռեժիմը մեղմելն անհրաժեշտություն է: Ասաց, որ շատ ջերմ հարաբերություններ ունի Հայաստանի նախագահի հետ, ինչը դրական կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա բոլոր մակարդակներում. «Բարեկամությունը միայն բառերով չէ, եւ իմ նախագահության ընթացքում մեկ անգամ չէ, որ զգացել եմ, թե ինչ է նշանակում բարեկամի օգնություն», ասաց նա: Առաջիկա ամիսներին երկու երկրների կառավարությունները համատեղ կոնսորցիում կստեղծեն` Վրաստանը Հայաստանի հետ կապելու այլընտրանքային` Խուլոյի ճանապարհը կառուցելու, ինչպես նաեւ Հայաստանը Բաթումի նավահանագստին կապելու խնդիրները քննարկելու համար:

Հայաստանի նախագահն իր հայտարարությունում նշեց, որ Մ. Սաակաշվիլուն առանձնազրույցի սկզբում մեկ անգամ եւս ցավակցություն է հայտնել` օգոստոսյան իրադարձությունների հետեւանքով զոհված մարդկանց համար: Հայաստանի եւ Վրաստանի նախագահներն ի սկզբանե եկել են այն եզրակացության, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները բարձր մակարդակի են, բայց նաեւ Ս. Սարգսյանը բարեկամությունը խորացնելու, տնտեսությունները ինտեգրելու, մեր կոմունիկացիաներն ավելի անխափան դարձնելու հնարավորություններ է տեսել. «Ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ հաճույքով կրկնում եմ, որ Վրաստանի կայունությունը չափազանց կարեւոր է Հայաստանի համար, այնքան կարեւոր, որ կարելի է համեմատել նույնիսկ մեզ համար նշանակությամբ Հայաստանի կայունության հետ, որովհետեւ մեր արտաքին ապրանքաշրջանառության համարյա 75 տոկոսը անցնում է Վրաստանով, Վրաստանում ունենք հարյուր հազարավոր քույրեր ու եղբայրներ, մենք վրացիների հետ հազարավոր տարիներ ապրել ենք այս տարածքում եւ շարունակելու ենք ապրել, եւ մեր ողջ գործունեությունը բխելու է այս հանգամանքից»: Հայաստանի նախագահը պատմեց իր պայմանավորվածությունների մասին. «Հարեւան երկրի նախագահի հետ պայմանավորվել ենք նոր ճանապարհ կառուցել, այնպես անել, որ պետության սահմանները չխանգարեն մեզ շփվել, մեր տնտեսություններին` ավելի լավ աշխատել, մեր ժողովուրդների համար ավելի լավ կյանք ապահովել: Այս իրադարձությունները ցույց տվեցին մեր ե՛ւ ուժեղ, ե՛ւ թույլ կողմերը. բոլորս համոզվեցինք, որ ռազմական ճանապարհն անընդունելի ճանապարհ է 21-րդ դարում խնդիրների լուծման համար եւ մեզ համար շքեղություն է: Մենք բոլորս համոզվեցինք, որ չնայած Կովկասն աշխարհագրորեն մի փոքր տարածք է, միգուցե համաշխարհային քարտեզի վրա մի կետ է, բայց այդուհանդերձ կարեւոր կետ է, որ այստեղ խաչաձեւվում են հետաքրքրություններ, եւ մենք պետք է կարողանանք այդ հետաքրքրությունները դարձնել մեր ժողովրդի համար բարգավաճման աղբյուր: Ես մեծ ուրախությամբ Վրաստանի նախագահի ձեռքից ընդունեցի Վրաստանի պետական պարգեւը, դա շատ պատվաբեր է, եւ անկեղծորեն ասած, հուզումնալից, քանի որ սա իրադարձություն էր մեր ժողովուրդների կյանքում, սա գնահատական է մեր հարաբերությունների: Մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր հարաբերություններն օր օրի ամրապնդվեն: Շնորհակալությամբ ընդունում եմ առաջարկությունը` մոտակա երկու ամիսներից հետո գիծ քաշել` որոշակի արդյունքները տեսնելու ակնկալիքով: Շնորհակալ եմ, ես իրոք ինձ զգում եմ տանը, ես ինձ շատ լավ եմ զգում եւ վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը մեր երկրներում այցելությունների ժամանակ միայն ու միայն պետք է ունենա այդ զգացողությունը», ասաց Հայաստանի նախագահը:

Իսկ ընդլայնված հանդիպման ընթացքում նա նշել է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը ոչ մեկի համար գաղտնիք չէ, միեւնույն ժամանակ Վրաստանի հետ համատեղ հարեւանություն եւ բարեկամություն ունի մեր երկիրը, եւ այդ զույգ համագործակցությունները չպետք է մեկը մյուսին խանգարեն, եւ մեկը մյուսի հաշվին չպետք է լինեն:

Ավելի ուշ Թբիլիսիի Մեյդան հրապարակում տեղի ունեցավ Սայաթ-Նովայի հուշարձանի բացումը, որտեղ խոսեցին երկու նախագահներն էլ եւ անգամ նախագահ Սաակաշվիլին ողջունեց երեք լեզվով` հայերեն «Բարեւ ձեզ», ասաց` Սայաթ-Նովայի եռալեզու ստեղծագործելու փաստը խորհրդանշելով:

Այլ մանրամասներ` վաղը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4