«Ֆրութֆուլ Արմենիա» 4-րդ միջազգային համաժողովում քննարկվեցին գյուղատնտեսության ոլորտի հրատապ խնդիրները
«Ֆրութֆուլ Արմենիա» 4-րդ եւ «Հայագրոֆորում» 3-րդ միջազգային համատեղ համաժողովը երեկ բացվեց «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: «Ֆրութֆուլ Արմենիա» տարեկան համաժողովները կազմակերպվում են 2005-ից, դրանք ֆինանսավորում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: Համաժողովին իր օրհնությունն էր հղել Ամենայն հայոց կաթողիկոսը, իսկ բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նշելով, որ մեր երկրի համախառն ներքին արդյունքի մեջ գյուղատնտեսության բաժինը կազմում է 30 տոկոսը, վարչապետը դա լավ ցուցանիշ համարեց: Ըստ նրա, դա պայմանավորված էր մի շարք հանգամանքներով եւ նախ նրանով, որ Հայաստանն առաջինը Խորհրդային Միության մեջ գյուղատնտեսության ոլորտում իրականացրեց բարեփոխումներ: 1991-ին սեփականաշնորհվեցին գյուղատնտեսական հողերը, ունեցանք հազարավոր մասնավոր գյուղացիական տնտեսություններ: Սակայն, տարեցտարի զարգանալով, գյուղատնտեսությունը նոր խնդիրներ է դնում երկրի առջեւ, որոնք, Տիգրան Սարգսյանի գնահատմամբ, լուրջ եւ բարդ խնդիրներ են եւ պետք է ըստ արժանվույն հաղթահարվեն: Այդ խնդիրների պատճառով երկրում թանկանում է գյուղատնտեսությամբ զբաղվելը, որից դուրս գալու ճանապարհը, վարչապետի համոզմամբ, արտադրողականության բարձրացումն է: Սակայն «եթե մենք դա անում ենք, ապա հարց է առաջանում, թե զբաղվածների քանակը ոլորտում ինչպիսին պետք է լինի», նշեց Տիգրան Սարգսյանը եւ ավելացրեց, որ պետք է քննարկել, թե արդյոք հնարավո՞ր է փոքր գյուղացիական տնտեսությունների միավորումը եւ ինչպիսի՞ն է լինելու գյուղի ապագան: Վարչապետն ընդգծեց, որ երբ ունենք տասնյակ հազարավոր գյուղացիական տնտեսություններ, երբ բնակլիմայական պայմաններն այնպիսին են, որ մշակվող հողերը կտրտված եւ սփռված են ամբողջ երկրի տարածքով, երբ ունենք շատ լեռնային շրջաններ, ապա պարզ է, որ ծագելու են ենթակառուցվածքների եւ ջրամատակարարման խնդիրներ: Մյուս կողմից, Հայաստանի գյուղատնտեսության վրա ազդում է միջազգային շուկայի իրավիճակը, որն անդրադառնում է ներմուծվող ապրանքների գների վրա եւ նպաստում դրանց արտադրության զարգացմանը տեղում:
Տիգրան Սարգսյանը կարեւորեց գյուղատնտեսության ոլորտում մեծ հաջողությունների հասած երկրների փորձը եւ նշեց, որ դրանք կարող են օրինակելի լինել մեզ համար:
Գյուղատնտեսության խնդիրների եւ ծրագրերի մասին առավել հանգամանորեն խոսեց գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը, ներկայացնելով գյուղատնտեսության զարգացման եւ պարենամթերքի ինքնաբավության մակարդակի բարձրացման 2008-2012 ազգային ծրագրի հիմնադրույթները: Նախարարը նախ հայտնեց, որ այդ ծրագիրը շուտով կներկայացվի կառավարության հաստատմանը: Ծրագրի նպատակներն ենՙ տնտեսվարողների համար բարենպաստ պայմանների ապահովումը, ագրարային հատվածի առավել հաջողակ ճյուղերին խրախուսելը, առաջին անհրաժեշտության ապրանքների ինքնաբավության մակարդակի էական բարձրացումը, գյուղական համայնքների զարգացումն ու աղքատության կրճատումը: Դրա համար պետք է լուծվեն հետեւյալ խնդիրներըՙ գյուղացիական տնտեսությունների խոշորացում, գյուղացիական տնտեսությունների պետական աջակցության հասցեականություն, կոոպերացիայի խորացում, անկախ սեփականության ձեւից հողերի ոչ նպատակային օգտագործման կանխում օրենսդրորեն, պարենային ապահովության բարելավում:
Արամայիս Գրիգորյանը նշեց, որ գյուղացիական տնտեսությունների խոշորացումն անխուսափելի է: Խորհրդային Միության տարիներին Հայաստանում կային 860 խոշոր գյուղացիական տնտեսություններ, իսկ այժմ` 339 հազար փոքր տնտեսություններ: Մինչ դրանց խոշորացումն առաջնահերթ խնդիրը գյուղացիական տնտեսությունների արդյունավետության բարձրացումն է: Այդ նպատակով պետք է նրանց միջեւ ընդլայնվի կոոպերացիան եւ հատկապես սպառողական կոոպերացիան, զարգանան մեքենատրակտորային կայանները: Միաժամանակ, հարկ է ընդլայնել գյուղում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծումը:
Ինչ վերաբերում է մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքներով երկրի ինքնաբավության մակարդակին եւ հեռանկարներին, ապա, ըստ գյուղնախարարի, ցորենի ինքնաբավության համար լուրջ պաշար են չօգտագործվող 150 հազար հա հողերը: Ինքնաբավության մակարդակը 2012-ին, ներառելով Լեռնային Ղարաբաղում արտադրվող ցորենը, կկազմի 79 տոկոս: Կարտոֆիլով Հայաստանն ինքնաբավ է եւ անգամ արտահանում է: Շաքարի ճակնդեղի արտադրությունը Հայաստանում 2012-ին նախատեսվում է հասցնել 200 հազար տոննայի: Շիրակի մարզում ներկայումս կառուցվող գործարանը կշահագործվի 2009-ի սեպտեմբերին, որտեղ կարտադրվի տարեկան 25 հազար տոննա շաքար:
Անասնապահական մթերքներից ինքնաբավ ենք ոչխարի մսով եւ ձվով, իսկ կաթնամթերքով եւ տավարի մսով ինքնաբավ ենք 80-90 տոկոսի սահմաններում: Հայաստանում սպառվող թռչնի մսի 24 տոկոսն է տեղում արտադրվում: Ընդ որում, այս բնագավառում տեղական արտադրության մրցունակությունը խիստ ցածր է: Ինչպես հայտնեց Արամայիս Գրիգորյանը, եթե տեղական արտադրության հավի մսի արժեքը 1100 դրամ է, ապա ներմուծվողի մաքսային արժեքըՙ 420 դրամ: Նախարարը նպատակահարմար գտավ ներմուծվող թռչնի մսի նկատմամբ կիրառել 15 տոկոս մաքսատուրք:
Գյուղնախարարի ելույթից հետո, գյուղատնտեսության նվաճումների համար ոսկե մեդալներ տրվեցին Էդուարդո Էռնեկյանին, գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանին, «Տիեռաս դե Արմենիա» ընկերության տնօրեն Աննա Քրիստինա Շիրինյանին, «Մուլտի ագրո» ընկերության նախագահ Ռոզա Ծառուկյանին եւ ուրիշներին:
Համաժողովն այսօր եւ վաղը կշարունակի իր աշխատանքները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ