ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման հերթական ցուցակը: Հաջող մրցելույթների շնորհիվ Լեւոն Արոնյանը վարկանիշը 20 կետով ավելացրել է եւ 12-րդ տեղից տեղափոխվել 7-րդ հորիզոնական: Այժմ նրա վարկանիշը 2757 է: Իսկ դասակարգման ցուցակը 2791 նիշով գլխավորում է բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովը: Նա իր վարկանիշը հուլիսի համեմատ ավելացրել է 14-ով, որի շնորհիվ էլ 5-րդ տեղից տեղափոխվել է 1-ին հորիզոնական` գահընկեց անելով աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Վերջինս վարկանիշը նվազեցնելով 15-ով, այժմ 2783 գործակիցով զբաղեցնում է 5-րդ տեղը:
Ընդհանրապես լավագույն տասնյակում տեղ զբաղեցնող շախմատիստների ցուցանիշներում փոփոխություններն զգալի են: Նախորդ ցուցակի հետ համեմատ միայն Լեւոն Արոնյանին եւ Դմիտրի Յակովենկոյին է հաջողվել ընդգրկվել լավագույն տասնյակում: Ռուսաստանցի Յակովենկոն իր վարկանիշը ավելացրել է 28-ով եւ 24-րդ տեղից տեղափոխվել է 10-րդ հորիզոնական: Իսկ ամենամեծ առաջընթացն ունեցել է ուկրաինացի Ալեքսանդր Մոիսեենկոն: Նա վարկանիշը 46-ով է ավելացրել եւ 97-րդ տեղից բարձրացել է 43-րդ հորիզոնական:
Գնալով հայ շախմատիստների թիվը դասակարգման ցուցակում նվազում է: Այս անգամ բացի Արոնյանից, 100 ուժեղագույնների ցանկում տեղ են զբաղեցրել միայն Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը, իսկ Հայաստանից Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը: Մովսիսյանը 9 կետով ավելացրել է իր վարկանիշը (2732) եւ 16-րդ տեղից բարձրացել 13-րդ հորիզոնական: 3 տեղով բարձրացել է նաեւ Վլադիմիր Հակոբյանը` 2679 վարկանիշով զբաղեցնելով 42-րդ հորիզոնականը: Նա իր վարկանիշն ավելացրել է 6 կետով: Իսկ ահա Գաբրիել Սարգսյանը զգալի հետընթաց է ապրել` 61-րդ տեղից տեղափոխվելով 84-րդ հորիզոնական, վարկանիշը (2642) նվազեցնելով 18-ով:
Կանանց դասակարգման ցուցակում զգալի առաջընթաց է ունեցել Էլինա Դանիելյանը: Նա 2513 վարկանիշով եզրափակում է լավագույն տասնյակը: Լիլիթ Մկրտչյանը 2443 վարկանիշով զբաղեցնում է 38-րդ տեղը: Ցուցակը շարունակում է գլխավորել հունգարացի Հուդիթ Պոլգարը (2711):
Մինչեւ 20 տարեկան շախմատիստների դասակարգման ցուցակը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը 2786 գործակցով: Այս անգամ էլ 20 լավագույնների ցանկում Հայաստանը ներկայացուցիչ չունի: Երիտասարդ շախմատիստուհիների ցանկը գլխավորում է չինացի Հոու Իֆանը 2578 գործակցով: Այստեղ էլ հայ շախմատիստուհիներից ոչ մեկը չի ընդգրկված: Հայաստանն իր դիրքերը զիջել է երկրների դասակարգման ցուցակում, որը հաշվի է առնում 10 լավագույն շախմատիստների միջին վարկանիշը: Այս ցուցանիշով Հայաստանը ՖԻԴԵ-ի անդամ 138 երկրների մեջ զբաղեցնում է 11-րդ տեղը: Հայաստանի վարկանիշը 2614 է: Ցուցակը գլխավորում է Ռուսաստանը (2720): Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Ուկրաինան (2684), Չինաստանը (2642), ԱՄՆ-ն (2637), Իսրայելը (2637), Հունգարիան (2630), Ադրբեջանը (2622), Ֆրանսիան (2621), Հնդկաստանը (2620) եւ Գերմանիան (2619):
Ներկայացնում ենք դասակարգման ցուցակի լավագույն տասնյակները:
Տղամարդիկ
1. Վեսելին Թոփալով | Բուլղարիա | 2791 |
2. Ալեքսանդր Մորոզեւիչ | Ռուսաստան | 2787 |
3. Վասիլի Իվանչուկ | Ուկրաինա | 2786 |
4. Մագնուս Կառլսեն | Նորվեգիա | 2786 |
5. Վիշվանաթան Անանդ | Հնդկաստան | 2783 |
6. Վլադիմիր Կրամնիկ | Ռուսաստան | 2772 |
7. Լեւոն Արոնյան | Հայաստան | 2757 |
8. Թեյմուր Ռաջաբով | Ադրբեջան | 2751 |
9. Պետեր Լեկո | Հունգարիա | 2747 |
10. Դմիտրի Յակովենկո | Ռուսաստան | 2737 |
Կանայք
1. Հուդիթ Պոլգար | Հունգարիա | 2711 |
2. Համպի Կոներու | Հնդկաստան | 2618 |
3. Հոու Իֆան | Չինաստան | 2578 |
4. Քսիե Յուն | Չինաստան | 2574 |
5. Պիա Կրամլինգ | Շվեդիա | 2550 |
6. Անտոանետա Ստեֆանովա | Բուլղարիա | 2548 |
7. Մարիա Սեբագ | Ֆրանսիա | 2533 |
8. Ալեքսանդրա Կոստենյուկ | Ռուսաստան | 2525 |
9. Ժաո Հուե | Չինաստան | 2518 |
10. Էլինա Դանիելյան | Հայաստան | 2513 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ