Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների կանանց հավաքականը Լեհաստանում ընթացող Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ավարտական տուրում ուժերը չափեց թուրքերի հետ: Երկու թիմերն էլ դեռեւս միավոր չէին վաստակել` զիջելով Ավստրիայի եւ Լեհաստանի ընտրանիներին:
Մեր հավաքականը շատ ակտիվ սկսեց խաղը եւ 14-րդ րոպեին Անի Ղուկասյանի հարվածով բացեց հաշիվը: Սակայն մինչեւ ընդմիջում մրցակիցը 2 գոլ խփեց ու հաշվի մեջ առաջ անցավ: 2-րդ խաղակեսում Քրիստինե Մանգասարյանը երկու անգամ գրավեց թուրքերի դարպասը, որին մրցակիցը պատասխանեց մեկ գոլով: Այսպիսով, գրանցվեց ոչ-ոքի (3-3): Հայաստանի հավաքականը շնորհիվ խփած եւ բաց թողած գնդակների ավելի լավ տարբերության, մեկ միավորով ընտրական խմբում գրավեց 3-րդ տեղը` դուրս մնալով հետագա պայքարից: Իսկ խմբի հաղթող ճանաչվեց Ավստրիայի հավաքականը, որը 5-1 հաշվով հաղթեց լեհերին: Երկու թիմերն էլ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ