Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստին նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձով դիմեց Ազգային ժողովին եւ ժողովրդին: Սահմանադրական բարեփոխումներից հետո առաջին անգամ է, որ Հայաստանի նախագահը սահմանադրության 55 հոդվածի առաջին կետն իրականություն է դարձնում:
Միանգամից ասենք, որ սպասումը, թե Հայաստանի նախագահը ինչ-որ ձեւով անդրադարձ կանի մարտի 1-ի կամ հետաքննությանը, կամ բանտարկյալների խնդրին, եւ անգամ` համաներման մասին հույսեր կային, չարդարացան, նախագահը շրջանցեց այդ հարցը: Իսկ ընդհանրապես` նախագահի ելույթն ընդգրկուն էր եւ պարունակում էր անդրադարձներ շատ հարցերի վերաբերյալ. «Այսօր դնելով նոր ավանդույթի սկիզբը` ես հայտարարում եմ, որ այսօրինակ ուղերձներ ես ունենալու եմ հստակ պարբերականությամբ` ամեն անգամ միասին ենք ամփոփելու մեր երկրի անցած ճանապարհը եւ առանձնացնելու խնդիրները, որոնց շուրջը պետք է մեկտեղենք մեր ջանքերը: Ընդհանրապես սահմանադրորեն ամրագրված այս ինստիտուտը համարում եմ հանրային երկխոսության կարեւոր մեխանիզմ եւ ես այսուհետեւ առանձնակի լրջությամբ եմ պատրաստվում վերաբերվել այս հնարավորության լիարժեք օգտագործմանը», ասաց նախագահը:
Նա նկատեց, որ մեր երկիրը մուտք է գործում իր պատմության նոր շրջափուլերից մեկը, որտեղ կարեւորվում են ժամանակակից գլոբալ մարտահրավերներին, մեր առջեւ ծառացող խնդիրներին, նոր աշխարհի իրողություններին պատրաստ լինելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւՙ հակազդելու Հայաստանի ու մեր հասարակության կարողությունը. «Այս նոր ժամանակաշրջանում մենք ականատեսն ենք լուրջ փոփոխությունների, որոնք տեղի են ունենում մեր շուրջը` թե՛ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային մակարդակներում, թե՛ միջպետական հարաբերություններում եւ թե՛ երկրի ներսում: Պատերազմ հենց մեր հարեւանությամբ, փակ սահմաններ, արտաքին հաղորդակցման խնդիրներ, բարդացող տարածաշրջանային հարաբերություններ, գերտերությունների շահերի բախում. սա է այսօրվա իրականության շրջանակը Հայաստանի համար: Եվ այս պայմաններում է, որ մենք ոչ թե գոյատեւման, այլ վերելքի խնդիրներ պիտի լուծենք»: Ըստ նախագահի` մեր քաղաքականությունը այսուհետեւ եւս լինելու է կայուն, իրատեսական եւ հավասարակշռված, բայց մենք պիտի արմատից մերժենք լճացման որեւէ հնարավորություն որեւէ ոլորտում: «Ես չեմ բացառում, որ մենք կարող ենք եւ սխալվել, քանզի չի սխալվում միայն այն իշխանությունը, որը պարզապես ոչինչ չի անում: Ես չեմ բացառում, որ մեր առանձին որոշումներ կարող են, ասենք, իրատեսության պակաս ունենալ: Բայց հաջողության չի կարող հասնել որեւէ իշխանություն կամ անհատ, որն անկարող է երազել, որն անկարող է տվյալ պահին ընկալվող իրատեսականության սահմաններից անդին քայլ անել, իր քայլերո՛վ մեծացնել այդ նույն իրատեսականության սահմանները: Մենք լինելու ենք նախաձեռնող, բոլոր արատավոր երեւույթների հանդեպ մենք լինելու ենք նախահարձակ, մեր քաղաքականությունը լինելու է «ստեղծագործ քաղաքականություն», իսկ մեր երկիրը` դինամիկ ու ճկուն երկիր»:
Այնուհետեւ նա առաջարկեց դրված խնդիրներին հետամուտ լինել ամենօրյա աշխատանքով, մերժելով աշխատանքից րոպե առաջ ծլկելու կամ համակարգչային խաղ խաղալու տարբերակը. «Հարցրե՛ք իմ աշխատակազմին, թե վերջին մեկ տարվա ընթացքում քանի՞ օր են հնարավորություն ունեցել տանն անցկացնելու կամ միջին օրական քանի՞ ժամ են քնել»: Մենք պետք է կարողանանք կայացնել հանրային ինստիտուտները, խաղի բոլոր գրված կանոնները պետք է կարողանանք արմատավորել հանրային գիտակցության հարթությունում:
«Մեր կողմից իրականացվող քաղաքականության համար եկել է մի ժամանակ, երբ մասերը պարտավոր են լինել ներդաշնակ ու փոխլրացնող եւ ոչ թե միմյանց հանդեպ անհաղորդ կամ նույնիսկ խանգարող: Եվ ես կարծում եմ, որ մեր կողմից իրականացվող քաղաքականության համար եկել է մի ժամանակ, երբ մասերը պարտավոր են ծառայել ամբողջին... Վերելք ապրող Հայաստան. ահա թե որը պետք է լինի մեր գերնպատակը»:
Արտաքին ոլորտին «Մեր եւ աշխարհի մասին» անդրադարձից հետո նախագահն ասաց, թե աշխարհում 10 մլն հայ կա, ուրեմն եւ` Հայաստանի 10 մլն դեսպան. «Ներկա տեղեկատվական պատերազմներում սա է նավթադոլարների դեմ մեր միակ հակակշիռը: Եվ մենք կհակակշռենք, եթե լիովին սթափվենք»:
Տնտեսական քաղաքականության մասին խոսելիս ուշադրություն հրավիրեց մի քանի գործոնի վրա.
ա) առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանն սկսում է նոր ատոմակայան կառուցել,
բ) առաջիկա ամիսների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել,
գ) առաջիկա ամիսների ընթացքում համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու. «Հարցնում եք` կկարողանա՞նք, պատասխանում եմ, որ կկարողանանք: Հեշտությամբ կկարողանանք, եթե միասին գործենք», նկատեց, միայն թե պետք է մտածենք մեր ու մեր գործելաոճի մասին:
Նա հատուկ առանձնացրեց Ազգային ժողովի դերը. «Խորհրդարանը չի կարող դիտվել պարզապես օրենք ընդունող մարմին: Պառլամենտը քաղաքական երկխոսության, պառլամենտարիզմի մշակույթ ձեւավորող կարեւորագույն ինստիտուտն է: ...Հավատում եմ, որ խորհրդարանի նորընտիր նախագահն իր աշխատանքային փորձով ու կարողություններով կկարողանա նպաստել Ազգային Ժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
Ես պատկերացնում եմ Ազգային ժողովի եւ պետական մյուս ինստիտուտների համագործակցության, փոխլրացման ու փոխադարձ կապի շատ ավելի բարձր աստիճան: Եվ որպես այս ուղղությամբ կոնկրետ քայլ` պատրաստվում եմ առաջիկայում հանդես գալ Ազգային ժողովում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ ունենալու նախաձեռնությամբ», սա արդեն առաջարկ էր:
Նախագահի խոսքովՙ լրջորեն մեծացվելու է Ազգային անվտանգության խորհրդի դերը. «Չի կարող լինել երկրի համար կենսական կարեւորության մի հարց, որը համակողմանի քննարկման, բազմագործոն վերլուծության եւ տարբերակային ընտրության առարկա չդառնա: Ազգային անվտանգության խորհրդի գործունեությունը դառնալու է նաեւ շատ ավելի թափանցիկ ու հասկանալի հանրության համար»:
Նա խոստացավ հեռացնել անբարեխիղճ եւ կոռումպացված պաշտոնյաներին, վերացնել «հեռախոսային արդարադատությունը», բազուկների ուժով ուժի դիրքերից հարց լուծող առանձին մարդկանց առաջարկեց ձեռնպահ մնալ արմատավորված արատավոր սովորույթներից` այլապես հետեւանքները տեսանելի են լինելու:
Արդյոք այդ հետեւանքները վերաբերելո՞ւ են Ալրաղացի Լյովիկին, չգիտենք:
Հայաստանի նախագահի ելույթն ամբողջությամբ ընթերցեք «Ազգի» կայքէջի «Լուրեր» բաժնում:
Մ. Խ.