1-ին եւ 2-րդ կարգի «Մարտական խաչով» պարգեւատրված զոհվածների ընտանիքները կստանան 250 հազար դրամ նպաստ
«Պետական նպաստների մասին» օրենքում կառավարության կատարած փոփոխությունների նախագիծը երեկ մանրամասնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը : Համաձայն այդ փոփոխությունների, 1-ին եւ 2-րդ կարգի «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված զոհված անձանց ընտանիքներին 2009-ի հունվարից կնշանակվի պետական նպաստ: Այս ընտանիքների համար, ըստ նախարարի, որդեգրվում է այն մոտեցումը, ինչ գործում է զոհված ազգային հերոսների ընտանիքների պարագայում: Վերջիններս 2008-ի հունվարից ստանում են նպաստ 200 հազար դրամի չափով: 2009-ի հունվարի 1-ից զոհված ազգային հերոսի ընտանիքի նպաստը կբարձրանա եւ կկազմի 250 հազար դրամ: Նույն չափով նպաստ կստանան նաեւ 1-ին կարգի եւ 2-րդ կարգի «Մարտական խաչով» պարգեւատրված զոհված անձանց ընտանիքները:
Արսեն Համբարձումյանը տեղեկացրեց, որ 1-ին կարգի «Մարտական խաչով» պարգեւատրվածների ընտանիքների թիվը 35 է, իսկ 2-րդ կարգի «Մարտական խաչով» պարգեւատրվածներինըՙ 54: Ընդհանուր առմամբ 89 այդպիսի ընտանիք եւ 9 ազգային հերոսների ընտանիք կստանան այդ նպաստները: Այդ նպատակով 2009-ի բյուջեով 150 մլն դրամ է նախատեսված: Գումարը կարող են ստանալ զոհվածի այրին, ծնողները, մինչեւ 18 տարեկան քույրերն ու եղբայրները, երեխաները: Իսկ եթե նրանք դիմեն առանձին-առանձին, ապա գումարը կարող է վճարվել բաժնեմասով:
2009-ի հունվարից կբարձրանան նաեւ կենսաթոշակները: Արսեն Համբարձումյանի հավաստմամբ` կենսաթոշակների բարձրացումը հնարավորություն կտա 2012 թվականին ապահովելու միջին ապահովագրական կենսաթոշակի չափը` այն հավասարեցնելով կենսապահովման նվազագույն բյուջեի չափին: Կառավարության երեկ ընդունած որոշման համաձայն, 2009-ի հունվարի 1-ից բազային կենսաթոշակի չափը սահմանվելու է 5800 դրամ ներկայիս 5000 դրամի փոխարեն, ապահովագրական ստաժի 1 տարվա արժեքըՙ 450 դրամ ներկայիս 395 դրամի փոխարեն, հիմնական կենսաթոշակի չափըՙ 8000 դրամ ներկայիս 6800 դրամի փոխարեն: Միջին թոշակը կկազմի 25600 դրամ կամ 17,5 տոկոս ավելի ներկայիս 21800 դրամ միջին կենսաթոշակից: Սոցիալական կենսաթոշակների միջին չափը կաճի 16 տոկոսով եւ կկազմի 10100 դրամ ներկայիս 8700 դրամի փոխարեն, շարքային զինծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին տրվող կենսաթոշակը կկազմի 20400 դրամՙ աճելով 15 տոկոսով:
Նախարարը հայտնեց, որ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 36 հազար դրամ, որը միջին ապահովագրական ստաժի բարձրացման պարագայում ծրագրային ցուցանիշի 70 տոկոսն է: Կառավարությունը ձգտելու է այդ ցուցանիշը հասցնել 40 հազար դրամի:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ