«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2008-10-01 | #180, 2008-10-02 | #181, 2008-10-03


ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՆՐԻ ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆԸ

Լեւոն Հախվերդյանի եւ Արմեն Հարությունյանի միջեւ տարիների մտերմությունը, բարեկամությունն ուղեկցվել է նամակագրությամբ: Այս նամակները որոշակի մի ժամանակահատված են ներկայացնումՙ ամենատարբեր ասպեկտներով, որոնք ամբողջացել են վերջերս լույս ընծայված շքեղ հատորյակումՙ «Կեանքը նամակագրութեան մէջ» խորագրով («Տիգրան Մեծ» հրատ.): «Ազգ. Մշակույթ-Հավելվածի» վերջին համարում տպագրվեց թատերագետ Վարսիկ Գրիգորյանի հոդվածը սույն գրքի մասին: Վերջերս Բեյրութում լույս տեսավ Արմեն Հարությունյանի նամակների եւս մեկ ժողովածուն («Նամակներ Պէյրութէն»): Սրանով իսկ բեյրութահայության գործարար աշխարհի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը նամակագրության ժանրը զարգացնողներից մեկն է:

Այս օրերին Արմեն Հարությունյանն իր տիկնոջՙ Միմիի հետ Երեւանում է: Աստղիկ Գեւորգյանի նախաձեռնությամբ երեկ ժուռնալիստների միության կլոր սրահում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսըՙ հաճելիորեն հագեցած մթնոլորտում: Հստակ էՙ միջավայրը կրում էր Հախվերդյանական էության ու նկարագրի կնիքը: Ներկա էին իր զավակներըՙ Գագիկ եւ Ռուբեն Հախվերդյանները, Նյու Յորքից Իրմա եւ Սիլվա Տեր-Ստեփանյաններըՙ Հայաստանում մի շարք կրթական ծրագրերի ու մրցանակների հեղինակներ, Լոս Անջելեսի «Արմինյըն օբզերվեր» թերթի տնօրեն-խմբագիր Օշին Քեշիշյանը, մտավորականներ, արվեստագետներ:

Հայրենասիրությունը Լեւոն Հախվերդյանի արյան բաղադրության մեջ խոր արմատներ էր ձգել, մայրենի լեզուն նրա պաշտամունքն էր. ազգային խնդիրներով բոլորանվեր ապրող, հայրենիքի հանդեպ սրտացավ մտավորականՙ այսպես է հիշում Լեւոն Հախվերդյանին Աստղիկ Գեւորգյանը: Լ. Հախվերդյանը տարիներ շարունակ տպագրվել է «Ազգում» , հընթացս բացառիկ ուշադիր եւ նախանձախնդիր է եղել յուրաքանչյուր լրագրողի գրավոր խոսքի հանդեպՙ սիգարետի տուփերի վրա գրառելով դիտողությունները, ներկայացրել խմբագրություն: Հայաստանցի մտավորականներից Հակոբ Ավետիքյանի համար ամենահոգեհարազատն ու սիրելիներից եղել է Լեւոն Հախվերդյանը. «Սրտաբաց, պայքարող, բացառիկ սրտի տեր, ինչ-որ տեղ կռվազան»: Լիբանան մեկնել է այդ երկրի ամենաթեժ օրերին, երբ շատերը խուսափում եւ սպասում էին խաղաղ ժամանակների: Դասախոսությունների շարք է կարդացել ու «փոխել լիբանանահայության հոգեխառնությունը, մտայնությունները: Սփյուռքի հետ աշխատելու գաղտնիքը, նկատեց բանախոսը, սփյուռքը սիրելու, ճանաչելու մեջ է, ինչն արեց Լեւոն Հախվերդյանը»:

Նամակագրության մյուս կողմն Արմեն Հարությունյանն էՙ գրի ու մշակույթի նվիրյալ, գրքի մեկենաս, բարերար, ծագումով այնթապցի, բնօրրանին հարազատ գործարարի ջիղով ու ազգային գործչի հատկանիշներովՙ ի բարօրություն հայ դպրոցի, եկեղեցու, գիր ու գրականության: Գործարարի մյուս առավելությունը, Հակոբ Ավետիքյանը համարեց նրա կողակցիՙ Հախվերդյանի բնորոշմամբ «կախարդական ժպիտով», տիկին Միմիի ներկայությունը: Ելույթ ունեցողը, ապա նրան հաջորդողները հատուկ շնորհակալությամբ գնահատեցին նամակները գրքի վերածող, հատկապես հանրագիտարանային նշանակությամբ, պատկառելի թվով (1112) ծանոթագրությունների հեղինակ, պատմաբան Գեւորգ Յազըճյանի կատարած տքնաջան աշխատանքը:

«Պրոֆ Հախվերդյանը եկավ, տեսավ, խմեց ու հաղթեց. բեյրութահայերին ուղղակի իր հմայքի տակ պահեց ընդամենը 12 դասախոսությամբ»: Արմեն Հարությունյանի ու Լեւոն Հախվերդյանի առաջին հանդիպումն օդանավակայանում եղել է պարզ ու անմիջական. «Պզտիկ պայուսակ ու մի տոպրակով պանիր ձեռքին»: Հյուրընկալվել է նրանց ջերմ հարկի տակ ու պանդոկը մոռացել, Արմեն եւ Միմի Հարությունյանների տունն իր կացարանը համարել. «Իր վարդագույն սենյակը հոն է, ժպիտըՙ հոս» (գիրքը նկատի ունի-Մ. Բ.):

«Շատ մարդկանց եմ լսել, բայց այնպիսի մեկին դեռ չեմ հանդիպել, որ վայրկենապես սրահը գրավեր: Նա միանգամից իշխում էր դահլիճը: Լեւոն Հախվերդյանն աշխարհիկ մարդ էր, կյանքը, մարդուն, հային սիրող մարդ», ասաց Երվանդ Ղազանչյանը: Այս առումով նա մի քանի կյանքային դրվագ հիշեցՙ Արմեն Հարությունյանի բարեպաշտ ու մարդասիրական էությունը բնութագրող:

Ռուբեն Հախվերդյանը, ինչպես իրեն գիտենք իր երգերով ու ինչպես սպասելի էր, ընդգծված տարբեր էր իր մտածողությամբ ու խոսքի դրսեւորմամբ: Նա հիշեց իրենց ընտանեկան հարկը անցյալի, երբ հյուրընկալվում էին Պարույր Սեւակը, Համո Սահյանը, Շիրազն իրենց փողոցում էր ապրում, ու ինքը համալսարանի կարիք էլ չուներ: Կյանքն ու միջավայրն իր կրթարանն են եղել: Ակնհայտ էր նրա հուզմունքը եւ դաՙ ոչ միայն անցյալի հիշողություններով պայմանավորված, այլեւ ներկա դառը իրողություններով: Երգեր գրում է փոքրերի համար, մեծերը վերջացած են, կյանքը, մարդը կոմպյուտերացվում, գլոբալիզացվում են, հայկական իրականությունը ներկայացնում է կիսահանցագործ քաղաքական միջավայր, կիսագրագետ խորհրդարան, սպառնացող գրաքննություն, արգելվում է Տիգրան Խզմալյանի ֆիլմը, քաղաքական սպանությունները չեն բացահայտվում... Լեւոն Հախվերդյանի մյուս որդինՙ Գագիկ Հախվերդյանը հատուկ ընդգծեց Գեւորգ Յազըճյանի աշխատանքը, որով գիրքը «գիտական երեւույթի» արժեք է ստացել:

Վարսիկ Գրիգորյանը կարեւորեց նամականու մեջ առտնին, կենցաղային, առօրեական տարրի բացակայության առավելությունըՙ սա մտավորական մարդկանց զրույց-մտահոգություն է Հայաստանի եւ սփյուռքի համար կարեւորագույն մի ժամանակահատվածի համարՙ մշակութային, տնտեսական, քաղաքական երեւույթների քննությամբ. «Որեւէ պատմաբան կամ տարեգիր չի կարող շրջանցել տվյալ ժամանակաշրջանը բնութագրող այս նամականին»:

Կարեւոր է ներկայացնել նաեւ աշխատանքային գործունեության ընթացքում Գեւորգ Յազըճյանի ունեցած մի շարք խոչընդոտների մասին նրա նկատառումներըՙ 90-ականներին Հայաստան-սփյուռք կապերի խզման պատճառով մեր գրապահոցներում սփյուռքահայ մամուլի բացակայությունը, հայկական տպագիր լրատվամիջոցների թվայնացման անհրաժեշտությունը:

Օշին Քեշիշյանն իրեն հատուկ անմիջականությամբ սրտի խոսք ասաց, Գրիգոր Աճեմյանը գիրքը համարեց ժամանակաշրջանի յուրատեսակ արձանագրություն եւ նամակագրության ժանրի վերջին մոհիկան: «Բնօրրան» հանդեսի խմբագիր Ժոզեֆ Ավետիսյանը ներկայացրեց Արմեն Հարությունյանի նամականու առանձնահատկությունները, հայրենակցական միությունների կայացմանը եւ հանդեսին բերած նրա նպաստը, Նոր Այնթապ ավանում ժանյակի գործարանի կառուցման ժամանակ կատարած հայրենասիրական գործը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4