ՀՀԿ խմբակցության անդամն իր բանդայի հետ Երեւանի փողոցներում մարդ է հոշոտում, արդյոք ՀՀԿ-ն պատրաստվո՞ւմ է քննարկել տվյալ պատգամավորի մանդատը վայր դնելու հարցը, հարցրինք երեկ ՀՀԿ խմբակցությունից Ազգային ժողովի ճեպազրույցների ներկայացած Սամվել Նիկոյանին . նկատի ունեինք «Ալրաղացի Լյով» մականունով պատգամավորի կազմակերպած ծեծուջարդը` մահվան ելքով:
«Ես այս պահին պատրաստ չեմ Ձեր կտրուկ հարցին շատ կտրուկ ձեւավորված պատասխան տալ, բայց գտնում եմ, որ երբ երկրի նախագահը շատ կտրուկ դիմում է ժողովրդին եւ ասում է, որ ինքը անհանդուրժող է լինելու, իր համար անհասկանալի է, որ մարդիկ կարողանում են նման արարքներ թույլ տալ, եւ խոստանում է, որ դրան անպայման հետեւելու է պատիժը, ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ», պատասխանեց նա:
Իսկ ընդհանրապես ճեպազրույցներից առանձնացրել ենք երկրի նախագահի ուղերձին` խմբակցությունները ներկայացնող պատգամավորների արձագանքները:
Ուղերձի երեւույթն ինքնին կարեւոր համարելով` «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանն այն անվանեց բարի ցանկությունների հրովարտակ: Բայց ըստ նրա` ավելի վաղ ընդդիմության արտահայտած մտքերից եւս կային Ս. Սարգսյանի ելույթում, օրինակ` «հեռախոսային արդարադատության» անթույլատրելի համարելու դրույթը: Ա. Բախշյանը գտնում է, որ շատ խնդիրներ դուրս մնացին այդ ուղերձից: Իսկ ուղերձում նշված բացասական երեւույթների դեմ պայքարում «Ժառանգությունը» դիտորդի դեր չի ստանձնի եւ նախագահի հետ կաշխատի: Ըստ Բախշյանի` ժառանգականները սպասում էին, որ երկրի նախագահն անդրադարձ է անելու մարտի 1-ի դեպքերին, անգամ նախագահին մոտ շրջանակներից խոսակցություններ էին հասնում, թե համաներում գուցե լինի, բայց չեղավ` Բախշյանի համար անհասկանալի պատճառով. «Զոհերի ընտանիքները չեն ապրելու ուղերձում նշված մտքերով եւ ավելի չեն սիրելու այս երկիրը», ասաց: Իսկ Լարիսա Ալավերդյանն ավելացրեց, որ եթե ցայսօր չեն բացահայտված մարտի 1-ի 10 զոհերի մարդասպանները, ապա դրա շարունակությունը վերջին օրերին ծեծելով մարդ սպանելու դեպքն է, իսկ պետությունը չի պաշտպանում իր քաղաքացուն բիրտ ուժից:
Նախագահի ուղերձին դրական գնահատականներ տվեցին ՕԵԿ-ը ներկայացնող Հովհաննես Մարգարյանն ու Հեղինե Բիշարյանը . առաջինն առանձնացրեց ուղերձի իրեն դուր եկած հատվածները` ատոմակայանի, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման, ԱԽ-ի դերի բարձրացման եւ այլ հարցերի վերաբերյալ: Իսկ Հ. Բիշարյանը հետագա ուղերձներից ավելի կոնկրետ թեմաներ ակնկալեց: Մարտի 1-ի դեպքերի գնահատականներն էլ, քանի որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն աշխատում է դեռ, Հ. Մարգարյանը վաղ համարեց. ենթադրվում է, որ երկրի նախագահն էլ է վաղ համարել: Այստեղ արժե անդրադառնալ նույն հարցին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ս. Նիկոյանի պատասխանին. վերջինս երկրի նախագահից այդպիսի անդրադարձ չի ակնկալել, քանի որ հանձնաժողովը իր ավարտական եզրակացության մեջ ԱԺ-ին առաջարկ է ներկայացնելու, անգամ խնդիր կա պետական հեղաշրջման` քր. օր. 300 հոդվածի որոշ դրույթները որոշակիացնելու առումով, որը քրեական հոդված լինելով` քաղաքական ինչ-որ երանգ է պարունակում, դրանով են մեղադրվում ընդդիմության ներկայացուցիչների մի մասը: Եթե այդ առաջարկը ներկայացված լիներ, այդժամ գուցե ուղերձից այդպիսի սպասելիք լիներ, այդպիսի սպասելիք կարելի է ունենալ ապագայում: Իսկ ընդհանրապես` Նիկոյանը նախագահի ուղերձն անվանեց երկխոսություն հասարակության հետ. նա առանձնացրեց իր համար կարեւոր` Ղարաբաղի հարցի, տնտեսական, անպատժելիությունը վերացնելու դրույթները:
Ուղերձը նոր մշակույթ համարող ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը առանձնացրեց այդ ուղերձի երկու պահ, որոնք, ի դեպ, իր կուսակցության ծրագրին են համահունչ` ատոմակայանի եւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցում, փաստորեն, ըստ Սաֆարյանի, ԲՀԿ ծրագրի դրույթներն այդպիսով պետական քաղաքականության մաս են դառնում: Իսկ մարտի 1-ին անդրադարձի բացակայությունն, ըստ նույն կուսակցությունից Նաիրա Զոհրաբյանի ` պարտադիր չէ, որ առաջին ուղերձում լինի, հետո, երբ այդ ուղերձները պարբերական դառնան, կոնկրետ խնդիրների անդրադարձներ լինեն, գուցե ուղերձներից մեկը հենց այդ թեմայով կլինի, մանավանդ որ ԵԽԽՎ բանաձեւի կատարման ժամկետը մինչեւ հունվար է:
ՀՅԴ-ն ներկայացնող ԱԺ փոխխոսնակ Հրայր Կարապետյանը հատկապես գնահատելի համարեց նախագահի ուղերձը` որպես քաղաքական մշակույթի ձեւավորում: Իսկ մարտի 1-ին անդրադարձ եւ հատկապես համաներում դեռ պետք չէր սպասել, քանի դեռ չեն ավարտվել դատավարությունները, չի կարելի առանց դատավարությունների խոսել նաեւ քաղբանտարկյալների մասին: Ըստ նրա` արդյոք ճի՞շտ է համաներման մասին խոսելը, երբ եղել են զանգվածային անկարգություններ, թալան, 10 զոհ, այդ համաներումը հասարակությունն էլ չի ընկալի: Լրագրողներից մեկը փորձեց հիշեցնել, որ բանտարկյալներից ոչ մեկի վրա սպանության մեղադրանք չկա, Հ. Կարապետյանը կրկին խորհուրդ տվեց սպասել դատավարությունների ավարտին:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ