Եվրոպա առաքվող ռուսական գազի գինը հոկտեմբերին հասել է ռեկորդային մակարդակիՙ 1000 խմ-ի համար 500 դոլար: Այդ մասին նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը: Այդուհանդերձ, վերլուծաբանները կարծում են, որ այդ գինը նավթի գների անկման պատճառով երկար չի պահպանվի: Ակնկալվում է, որ եկող տարվա երկրորդ եռամսյակում այդ գինը կիջնի 350 դոլարի 1000 խմ համար: «Գազպրոմի» վերլուծաբանների կարծիքով, 2009-ին այդ գինը կլինի 420-470 դոլարի սահմաններում:
Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվելՙ գազի մատակարարման շուկայական գնի անցնել երեք տարվա ընթացքում: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոնՙ Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո:
Ներկայումս Ուկրաինան Ռուսաստանից գազը ստանում է 179,5 դոլարով 1000 խմ համար: Կիեւում հուսով են, որ եկող տարի այդ գինը չի անցնի 300 դոլարից, մինչդեռ «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը չի բացառել, որ Ուկրաինային մատակարարվող գազի գինը 2009-ին կարող է կազմել 400 դոլար:
Հայաստանը ներկայումս Ռուսաստանից գազը ստանում է 1000 խմ համար 110 դոլարով: Ըստ «Գազպրոմի» եւ «Հայռուսգազարդի» միջեւ վերջերս կնքված համաձայնագրի, եկող տարվա ապրիլի 1-ից այդ գինը կկազմի 154 դոլար, իսկ 2010-ի ապրիլի 1-իցՙ 200 դոլար: 2011-ից Հայաստանը եւս գազը կստանա շուկայական գներով, ինչպես եւ Ռուսաստանը շուկայական գնով գազը կվաճառի իր ներքին սպառողներին:
Ա. Մ.