Կինոմիության նորակառույց հսկա շենքում կինոփառատոնի համար տեղ չկա
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
«Ոսկե ծիրան» 5-րդ կինոփառատոնի փայլուն հաջողությունից հետո թվում էր, թե կազմակերպիչների համար ի վերջո պիտի ստեղծվեն աշխատանքային քիչ թե շատ հարմարավետ պայմաններ, որպեսզի հաջորդ կինոփառատոնի ժամանակ այլեւս չլինեն նստելու տեղ փնտրողներ, գերլարումից հազիվ ոտքի վրա կանգնողներ, շոգից ուշագնաց լինողներ... Բայց, ինչպես ցույց տվեցին վերջին 2 ամիսները, փառատոնը հայտնվեց քոչվորական վիճակում եւ ընդամենը մեկ սենյակում տեղավորվելու հնարավորություն ստացավ շնորհիվ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի:
«Փառատոնն արդեն ոտքի էր ելել ու քայլում էր առաջ, սակայն ամեն ինչ գլխիվայր շրջվեց, եւ 5-րդ կինոփառատոնի ավարտից հետո հայտնվեցինք նոր գրասենյակ փնտրելու բարդ խնդրի առջեւ: Գիտեք, որ Երեւանում այլեւս չկան ազատ տարածքներ, քանի որ ժամանակին բազմաթիվ մշակութային օջախներ սեփականաշնորհվեցին ու հիմա ազատ գրասենյակ գտնելը շատ է դժվարացել: Փառատոնին օգնելու անկեղծ ցանկություն ունեն բոլորը` նախագահի աշխատակազմը, մշակույթի նախարարը, Երեւանի քաղաքապետը, կինոգործիչների միությունը, մի խոսքովՙ բոլոր նրանք, ովքեր իրենց մասնիկն ունեն փառատոնի կայացման մեջ, բայց ինչպես երեւում է, նրանք լուրջ դժվարություններ ունեն ազատ տարածքներ գտնելու: Մեզ համար չափազանց կարեւոր է գրասենյակ ունենալ կինոյի տանը, որն այժմ լայն թափով վերակառուցվում ու ծաղկում է ժամանակակից բոլոր պայմաններով, որոնք խիստ անհրաժեշտ են կինոփառատոն անցկացնելու համար, սակայն կինոմիության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը երեկ վերջնականորեն մերժեց «Ոսկե ծիրանին» գրասենյակ տրամադրելու մեր 5 տարվա խնդրանքը:
«Ոսկե ծիրանը» միայն կինոփառատոն չէ, այլ համակարգված մշակութային քաղաքականություն է` տարածաշրջանային ու միջազգային կարեւոր ծրագրերով: Հենց դրանով է փառատոնն արժանացել Եվրոխորհրդի ուշադրությանը, միջազգային կինոլրագրողների ու կինոբեմադրիչների բարձր գնահատականին», ասում է կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը :
Մի քանի օր առաջ նա Գյումրիում էր, որտեղ մեկնարկեց «Ոսկե ծիրանը անիվների վրա» փառատոնը, որը մոտակա օրերին կշարունակվի Ղափանում, Վանաձորում, Շուշիում, Ջավախքում: Արդեն մշակվել են առաջիկա 3 տարիներին իրականացվելիք ծրագրերը, որոնց մեջ առանձնահատուկ տեղ են գրավում տարածաշրջանային կինոնախագծերը, միջազգային կինոփառատոների մրցութային եւ արտամրցութային ծրագրերում հայկական ֆիլմեր ներկայացնելը, «Համահայկական կինոնախագիծը», Լոս Անջելեսում, Սան Պաուլոյում, Բուենոս Այրեսում «Հայկական կինոյի օրեր» անցկացնելը եւ այլն: Մշակվում է տարածաշրջանային նորՙ բարձրագույն կինոդասընթացների ծրագիրը, որի համար հիմք են դարձել այս տարվա հուլիսին Ատոմ Էգոյանի անցկացրած կինովարպետության դասերըՙ ավելի քան 30 երիտասարդ կինոբեմադրիչների մասնակցությամբ Թուրքիայից, Վրաստանից, Հայաստանից: Ծրագրով նախատեսված է յուրաքանչյուր 2-3 ամիսը մեկ կազմակերպել կինոդասընթացներՙ երկամյա կամ եռամյա կինոդպրոց ստեղծելու հեռանկարով: Նոյեմբերին կինոդասընթացները կանցկացնի իրանցի հանրահայտ կինոբեմադրիչ Աբաս Քյառոստամին, իսկ մարտինՙ հոլանդացի անվանի կինոբեմադրիչ Յոս Սթելինգը: Ստամբուլի «Անադոլու կուլտուր» թուրքական մշակութային ասոցիացիայի հետ ապրիլին Թուրքիայում սկիզբ առած կինոքննարկումները նոյեմբերին կշարունակվեն Հայաստանում: Կընդլայնվի նաեւ փառատոնի տեղեկատվական եւ հրատարակչական գործունեությունըՙ կսկսվեն «Հայկական կինո 1924-2008» կատալոգի վերատպման եւ կինոհանրագիտարանի ստեղծման աշխատանքները, տարվա ընթացքում լույս կտեսնի փառատոնային ամսաթերթը, եթեր կհեռարձակվի «Ոսկե ծիրան» հեղինակային հաղորդաշարը եւ այլն:
«Բազմաթիվ մտահղացումներ ունենք, որոնց իրականացման համար նորմալ պայմաններ են հարկավոր: Բարձրագույն կինոդպրոցն անպայման բացվելու է ու տալու է շատ մեծ արդյունք, որովհետեւ տաղանդավոր կինովարպետների հետ շփումը, նրանց անցկացրած մի քանի դասերը շատ ավելի խոր հետք են թողնում ուսանողների կյանքում, քան 1 -1,5 տարվա բուհական դասերը: Փառատոնի աշխատանքները շատ են, միայն պայմաններ են պետք այդ ամենին ընթացք տալու համար: Անչափ շնորհակալ եմ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին, որ մեզ տրամադրեց այս սենյակն ու կարողացանք պահպանել մեր կապն աշխարհի հետ: «Ոսկե ծիրանը» այսպիսի պայմաններում չէր հայտնվի, եթե փառատոնը գնահատող մարդիկ ավելի մեծ անհանգստություն արտահայտեին կոնկրետ քայլերի դիմելով», հավելեց Հարություն Խաչատրյանը:
Հայաստանի կինոգործիչների միությունը 5 տարի ձգձգելուց հետո մերժեց կինոյի տանը տեղ հատկացնել հինգ տարվա տառապալից աշխատանքի շնորհիվ միջազգային հեղինակություն ձեռք բերած մեր միակ կինոփառատոնին, ապացուցելով, որ անձնական շահը վեր է դասում ամեն ինչից, որ «Ոսկե ծիրանն» իր համար գրոշի արժեք չունի, որ իր կողքին տեղ ունեն միայն սողացող միջակությունները Իսկ այդ դեպքում ի՞նչ արժեք ունի կինոգործիչների միությունը: