«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2008-10-02 | #181, 2008-10-03 | #182, 2008-10-04


«ԲՆՕՐՐԱՆԸ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ԿՐՈՂ ՈՒ ՏԱՐԱԾՈՂa

1915-ից հետո պատմական հայրենիք կորցրած արեւմտահայության համար իր բնակավայրի պատկանելության աշխարհագրությունը խիստ ընդլայնվեց: Հետեղեռնյան շրջանի զուտ ֆիզիկական գոյապահպանման փուլին հաջորդեց հայկական գաղութների կազմավորման շրջանը եւ առաջացավ հոգեւոր կյանքի անհրաժեշտություն: Հայապահպան երեք հիմնասյուներիՙ դպրոցի, եկեղեցու հիմնադրման ու մշակույթի աշխուժացումը` բնօրրանային հիշատակների ոգեկոչումով, սկսվեց ու շարունակվում է ցայսօր: Բնօրրանի գաղափարն ու զգացողությունը այսպիսի պարագաներում ծննդավայրային պատկանելությունից զատ ուրիշ մի խորհուրդ ունեն, որ կարող է հայրենիքը ողբերգականորեն կորցնողը միայն զգալ:

«Բոլոր հայերը նույն ճակատագիրն ունեն», ասում էր մի կին` հոր արմատների մասին խոսելիս: Երբ երկու արեւմտահայ պատահաբար հանդիպում են, առաջին հարցը, որ տալիս են իրարՙ որտեղացի ես, ապաՙ հետաքրքրվում են ծնողների ու պապերի ծննդավայրով: Հետեղեռնյան հայ իրականության ամենատենդագին, ամենասուր իրողությունը հարազատների, ապա եւ հայրենակիցների փնտրտուքն է եղել: Աշխարհագրության լայն սփռումի ցավը սեղմելու համար ստեղծվեցին հայրենակցական միություններՙ որպես կորսված եզերքի, բնօրրանի, տեղի բնակչության սովորույթների, մշակույթի ու պատմության պահպանման ու շարունակության, թերեւս, եզակի հնարավորություն: Հայաստանի հայրենակցական միությունների խորհրդի «Բնօրրան» հանդեսը կոչված է այս իրողությունների ու երեւույթների մասին համապարփակ եւ հանգամանալի տեղեկությունների հաղորդմանՙ գերխնդիր ունենալով հայրենակցական գաղափարի տարածումը, դրա մշտանորոգ պահելը: «Բնօրրանի» միասնական` վերջին չորս համարը (17-20), որ լույս տեսավ վերջերս, ամփոփում է հայրենակցական միությունների առօրյանՙ 2004-2007-ի կտրվածքով («Մուսալեռ», «Եդեսիա», «Վասպուրական», «Հաճըն», «Արաբկիր», «Զեյթուն»), գիտական տարաբնույթ հոդվածներ` հայրենագիտական ամենատարբեր ասպարեզներին առնչվող, պատմամշակութային անդրադարձներ, հոբելյանական տարեթվեր ու անուններ:

«Բնօրրանի» շնորհավորական էջերը նվիրված են Հալեպի, Բեյրութի, Այնթապի հայրենակցական միությունների հիմնադիր ատենապետ, Լոս Անջելեսի Այնթապ հայրենակցական միության պատվո նախագահ, հայրենակցական շարժման նվիրյալ Երվանդ Պապայանի ծննդյան 90 եւ վաստակի 70-ամյակի առիթով Լոս Անջելեսում տեղի ունեցած մեծարանքի երեկոյին: Տպագրված են Գարեգին Բ կաթողիկոսի կոնդակը, հիմնական բանախոսի խոսքը, հայրենակցական միությունների ուղերձները:

Հայրենակցական կյանքը լուսաբանված է ամենատարբեր ասպեկտներով. «Հայրենի եզերքներ» խորագրված բաժնի հրապարակումները վերհուշը կամրջում են ներկայիս իրողությունների հետ: Հուզական տպավորություններով Արեւմտյան Հայաստանի պատկերն է ուրվագծում Գրիգոր Ջանիկյանըՙ «Նամակներ լուսահոգի մորսՙ Արեւմտահայաստանից» օրագրություն-հրապարակման մեջ:

Հանդեսի «Պատմության քառուղիներում» էջերն ընթերցողին առաջարկում են մեր պատմության սակավ հայտնի դրվագներ, մեկնաբանություններ, մոտեցումներՙ միջազգային, միջքաղաքական հարթություններում` («Թուրք-խորհրդային մերձեցման ակունքներում» (ըստ թուրքական աղբյուրների), «Հայերը եւ հայկական հարցը Ռուսաստանի քաղաքականության ենթատեքստում»:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հրետանային զորքերի հրամանատարներից կոմս Վոլցկիլտի օրագրային վկայությունները 1915-ին եդեսահայերի ինքնապաշտպանական իրադարձությունների մասինՙ քաղված գերմանական արխիվից, հանդեսին է տրամադրել գերմանաբնակ Ստեփան Թաշչյանը: Գերմանացի հրամանատարի մանրամասն եւ նատուրալիստական նկարագրությունները եւս մեկ ապացույց են 1915-ի Հայոց ցեղասպանության եղելության եւ դրան Գերմանիայի հանցավոր մասնակցության մասին: «Գրավումից հետո ես ցերեկը շրջեցի քաղաքում, գրում է գերմանացի կոմսը: Քաղաքն ամենուրեք գորշ տեսք ուներ, ավերված, ամբողջովին այրված կամ դեռ վառվող տներ, իսկ տներում ու փողոցներում մասամբ կամ ամբողջովին ածխացած բազմաթիվ սպանվածներ: Հրդեհի հոտը խառնվում էր վառվող դիակների հոտին, առանց ծխախոտի այդտեղով անցնելն անհնար էր: Այս ֆանատիկ սեւամորուք այլանդակ դեմքերով կիսավայրենիները դեռեւս մահացած վիճակում ավելի սահմռկեցուցիչ տպավորություն էին թողնում, քան ճակատամարտում նահատակվածները»:

Ազգային ինքնության, լեզվի, կրոնի, եկեղեցու թեմաների անդրադարձների մասին կարդում ենք «Պետություն, եկեղեցի, ժողովուրդ» խորագրի ներքո: Ուշագրավ երկու երկխոսություններ է ծավալում «Բնօրրանը» «Գաղութէ գաղութ» բաժնում: Առաջինը ներկայացնում է գերմանական մամուլի արձագանքները Մեծ եղեռնի 90-ամյակի օրերին այս երկրում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երկու խաչքարերի առիթով: Հետաքրքրականն այն է, որ եթե մինչեւ այս իրողությունը հայերը գերմանական հրապարակումներում դիտվում էին որպես թուրքերի կողմից «անշարժ զոհված մարմին», ապա դրանից հետոՙ որպես գերմանական կյանքին ներգրավված գործող մասնակից: Ազգային տարբեր հիմնահարցերի` մշակութային ինքնության, ինքնաճանաչման, ինքնահաստատման մասին հետաքրքրական զրույց է ծավալվում Ժոզեֆ Ավետիսյանի եւ Գերմանիայի «Հայ մշակույթի հիմնադրամի» ատենապետուհի Էլիզ Պիզանց Կարթալի միջեւ: Հետաքրքրական է նաեւ հրեական Հոլոքոսթի եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանների տեղադրման պատմությունը: Հաջորդ հարցազրույցը երկու բրազիլահայերիՙ Օշին Մատիշյանի եւ անանուն մի հայրենակցի հետ, անդրադարձ է գաղութի կյանքին, արմատներին վերադառնալու անհրաժեշտությանը, Հայաստանի նկատմամբ սփյուռքահայ նոր սերնդի մեջ հատկապես հետաքրքրություն առաջացնելուն, ծանոթացնելուն, սիրել տալուն, թերեւս «օր մը ուզենան» տեղափոխվել հայրենիք:

Գիտական, գրական, մշակութային, տեղեկատվական բազմաբնույթ հրապարակումներով «Բնօրրանը» փորձել է ամբողջացնել հայ կյանքն իր բոլոր արտահայտություններով: Ամենաառանցքայինը հայրենակցական գաղափարիՙ գաղութից գաղութ տարածումն է, անցյալը ճանաչելով փոխել ներկա կյանքն ու վերաբերմունքը ազգային խնդիրներին, պատմությանն ու մշակույթին: Առանձին էջեր տրամադրված են պոլսահայ գրական կյանքին, ներկա են «Հայրենակցական գրադարան», «Հայրենակցական արխիվ-անդրադարձ» խորագրերը:

«Բնօրրանի» հիմնադիր հրատարակիչ եւ ղեկավար խմբագիր Ժոզեֆ Ավետիսյանը նվիրյալ աշխատանք է կատարում, նախանձախնդիրՙ տեղեկությունների, մասնավորապես գիտական աղբյուրների ճշգրտությանը: Աշխատանքը խրախուսելի եւ նպատակն ազնիվ ու հայանպաստ է, մանավանդ որ ամենը արվում է սուղ պայմաններում ու սուղ միջոցներով:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4