ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Զմռված դռներն ու արխիվները մի օր, ի վերջո, բացվում են, եւ պատմության փակ էջերը ի հայտ են գալիս: Եվ որքան շուտ, այնքան լավՙ տվյալ ժողովրդի համար: Պատմությունը անցյալի փորձ է, եւ այդ փորձի յուրացումն ինքնանպատակ չէ, այլ ուսանելի դասՙ ներկա ժամանակների համար: Երբ խոսքը անցյալի մեր մշակույթի, գիտության առաջադեմ երեւույթների մասին է, մենքՙ որպես ժառանգորդներ, հետ նայելու անհրաժեշտությունը գիտակցում ու ամեն կերպ փորձում ենք չխզել այդ կապը եւ չմոռանալ դա: Նույն տրամաբանությամբ չպետք է անտեսել կամ հարեւանցի նայել անցյալի մեր սխալներին ու սայթաքումներին: Պատմության, ժողովրդի անցյալի դասի իմաստը սովորել-սովորեցնելն է: Հաջորդ սերունդների համար որպես հիմքՙ պատմական սկզբնաղբյուրներն են, վավերագիր-արձանագրությունները, փաստաթղթային արխիվները եւ դրանց արտացոլումը գրականության մեջ եւ արվեստում: Իսկ արվեստը, գրականությունը ստեղծագործողի անհատական մոտեցման ու մեկնաբանության արդյունք-արգասիքն է, իրականության ու երեւակայության ստեղծագործական խառնուրդ: Եվ որքան անկրկնելի ու ինքնատիպՙ այնքան բարձր է արվեստի արժեքը:
Փաստավավերագրության (նաեւ ֆիլմերի) պարագայում գլխավորը փաստագրությունը ստուգապես ներկայացնելն է, մեկնաբանություններն արվում են յուրովի, ինչն անում է ոչ միայն արվեստագետը, այլեւ հենց ինքըՙ պատմաբանըՙ պատմությունը դիտարկել, մեկնաբանելով ըստ նախասիրությունների (կուսակցական կամ այլ) եւ կամ քաղաքական նպատակահարմարության: (Դրա վառ վկայությունը սովետական պատմագրությունն է. ժամանակին մեզ անգիր հանձնարարվող ՍՄԿԿ պատմության կամ հենց հայ ժողովրդի պատմության դասագրքերը, որոնցից առաջինը դուրս շպրտվեց, երկրորդում խոշոր սրբագրումներ են արվում):
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը երեք խաղարկային եւ տասներեք վավերագրական ֆիլմերի հեղինակ է, միջազգային մի շարք փառատոնների մրցանակակիր: Ֆիլմերից մեկը («Արամ Խաչատրյանի դարը») հռչակվեց 2005-ի լավագույն մշակութային նախագիծ մուլտիմեդիայի համաշխարհային մրցույթում: Մասնագիտությամբ բանասեր է, գիտությունների թեկնածու, տարբեր տարիներ աշխատել է Երեւանի պետական համալսարանում, դասավանդել ռուս գրականություն, գրականության պատմություն եւ տեսություն առարկաներ: Վերջին շրջանում ժուռնալիստիկայի ֆակուլտետում վարել է վավերագրական կինոյի դասընթացներ: Կատարել է նաեւ թարգմանական աշխատանքներ, հայերեն ներկայացնելով մ.թ.ա. 5-րդ դարի չին մտածող Լաո Ցզիի «Բնական հունի ուսմունքը» գիրքը:
Վերջին շրջանում մամուլն ակտիվորեն անդրադառնում է «Մոսկվա» կինոթատրոնի ցուցադրությունից (սեպտեմբերի 26-27-ին) հանված Տիգրան Խզմալյանի « Սարդարապատ de՛jaՙ vu » ֆիլմի եւ դրան թեմատիկ առումով առնչվող նրա նախորդՙ մշակույթի նախարարության պատվերով նկարահանած « Սարդարապատ » ֆիլմի շուրջ կատարվող իրադարձություններին: Այս երկու ֆիլմերի մասին գրվում եւ խոսվում է բավականին առատորեն, իսկ ֆիլմերը հանրության դատին չեն հանձնվում: Պարադոքս է: Փորձեցինք զրուցել կինոռեժիսորների հետՙ մտովի պատկերացնելով ֆիլմըՙ եղած խոսակցություններից: Ռեժիսորը իրավացիորեն նկատում է. «Ես պահանջում եմ ֆիլմի հետ վարվել այնպես, ինչպես ընդունված է, ցուցադրել, հետո գրաքննել, վերլուծել, քննադատել: Ես համարում եմ, որ այդպես վարվելու որեւէ փորձՙ իմ կամ մեկ ուրիշի ֆիլմի հետ, ուղղակի կամ անուղղակի գրաքննություն է: Խորհրդային ժամանակներում կային հատուկ մարդիկ, որոնք կարդում եւ դիտում էին այնպիսի գրքեր կամ ֆիլմեր, որոնք արգելվում եւ չէին ցուցադրվում, հետո հրապարակավ իրենց կարծիքն էին հայտնում, բայց մենք գոնե այդ ստվերներով փորձում էինք վերականգնել այն, ինչ մեզ հասանելի չէր» :
«Սարդարապատը» 1916-20-ականների իրադարձությունների մասին 39 րոպեանոց կինոնկար է, որի սցենարը Տ. Խզմալյանը գրել է մարտին, ֆիլմը հանձնվել է մայիսի կեսերին («Հայկ» կինոստուդիայի տնօրեն, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի հավանությանն է արժանացել, մշակույթի նախարարը դեռ չէր հասցրել դիտել), ներկայացվելու էր 28-ին, ինչը չի կայացել: Ֆիլմը փաստավավերագրություն էՙ սկզբնաղբյուրային, արխիվային նյութերին համապատասխան հղումներով: Ֆիլմի մասին առաջին առարկությունը պաշտոնական նամակի տեսքով «Հայկ» ստուդիայի տնօրեն Ռ. Գեւորգյանցից ստացվել է 4 ամիս անց, սեպտեմբերի 22-ինՙ երեք պատմաբաններիՙ բավական իրարամերժ կարծիքներով: Մասնավորապես, Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը առկա խմբագրմամբ ֆիլմի մասսայական տարածումը համարել է աննպատակահարմար, որովհետեւ իր կարծիքով, ֆիլմում անհաջող փորձ է արվել դարասկզբի պատմությունը դիտել այսօրվա իրողության պրիզմայով: Պրոֆ. Մհեր Կարապետյանը նշել է, որ չնայած առկա որոշ վրիպումներին, դրանք չեն կարող խոչընդոտել ֆիլմի ցուցադրմանը: Կինոռեժիսորը այսպես է մտածում. «Ոչ ոք չպետք է պատմության մենաշնորհ ունենա: Ինձ տարօրինակ է թվում, երբ սկսում են քննարկել, թե ներկան կարելի՞ է դիտել պատմական փորձի հիման վրա, թե՞ ոչ: Բազմիցս ասել եմ, որ ֆիլմի բովանդակությունը պատմաբանների վերլուծությանը թողնելու առաջարկը ես ընդունում եմ այնպես, ինչպես Հայոց ցեղասպանությունը պատմաբանների քննարկմանը հանձնելու թուրքերի առաջարկը» :
«Սարդարապատ» ֆիլմի աշխատանքների ընթացքում կինոռեժիսորը ուսումնասիրել է բազմաթիվ փաստեր, արխիվային նյութեր, հայթայել նոր տեսանյութերՙ Հայաստանում եւ արտերկրում, հանդիպել մարդկանց, մասնավորապես Դանիել Բեկ-Փիրումովի մոսկվայաբնակ թոռանՙ Յուրի Բեկ-Փիրումովին: Այս ընթացքում հավաքված բազմաթիվ փաստագրական նյութերի հիման վրա նա սեփական նախաձեռնությամբ եւ միջոցներով ստեղծել է «Սարդարապատ de՛jaՙ vu» ֆիլմը, որի 68 րոպե տեւողությամբ նկարահանումները վերաբերում են 1916-20 թվականների Կովկասյան ճակատին, Հայաստանի առաջին հանրապետության տարիներին, իսկ ամենակարեւորըՙ տեսանյութի մի մասն առաջին անգամ է հայտնվում էկրանին: Դրանք ժամանակին ռուսական, ամերիկյան, գերմանական կողմի արված նկարահանումներից են: Այս ֆիլմի արգելման պատճառը, ըստ կինոռեժիսորի, առաջինի չընդունելն է: Նա մտահոգված է 2-րդ ֆիլմի ճակատագրով, գտնելով, որ «Սարդարապատի» իրավունքը պատվիրողինն է: Երկրորդում օգտագործել է հոգեբանության մեջ կիրառվող մի հասկացողություն, ինչը նշանակում է մեկ անգամ տեսած: «Ընդամենը մարդկանց ուշադրությունն ուզում էի հրավիրել այն փաստին, որ մենք նույն փոցխի վրա կանգնում ենք նորից ու նորից, երբ պառակտված հասարակությունը, օտարացված իշխանությունը ճակատագրական պահերին մեզ դնում է ծանր իրավիճակում: Վերնախավը նման պահերին կամ բացակայում, կամ բոլորովին չի համապատասխանում օրվա պահանջներին»: «Ինձ բավական դժվար է ծռել, ջարդել, որքան էլ դա փորձեն անելՙ արգելելով իմ ֆիլմերը, միեւնույն էՙ չի հաջողվելու: Ես կինոռեժիսոր եմ եւ հույս ունեմ իմ երկրում ընտանիքս պահել իմ աշխատանքով: Բայց սա վտանգավոր է մի ամբողջ սերնդի համար. երբ նրանք տեսնեն, որ շատ հեշտությամբ կարելի է սանձել, դուրս շպրտել երկրից կամ մասնագիտական ասպարեզից նրան, ով չի փորձում հարմարվել»:
DVD տարբերակով «Սարդարապատ de՛jaՙ vu» ֆիլմը հասնելու է հանրությանը, փաստաթղթերը գրքույկի տեսքովՙ ընթերցողին, որովհետեւ ինչպես զրուցակիցս է ասում, ֆիլմը արված է ոչ թե պատմաբանների կամ մշակույթի նախարարության աշխատողների, այլ հանդիսատեսի համար:
Ի դեպ, Տիգրան Խզմալյանի ստեղծագործական կենսագրությունը գնալով հարստանում է արգելված ֆիլմերով: «Երեւան» հեռուստաֆիլմերի ստուդիան, որտեղ աշխատել է 8,5 տարիՙ կանոնավորել-կարգավորելով եւ նախկին անմխիթար կացությունից վերափոխել նորմալ աշխատանքային վիճակի, լուծարվեց տարիներ առաջ: Ռեժիսորը զրկվեց աշխատանքիցՙ կրելով դրա սոցիալական եւ բարոյական հետեւանքները: Կարճ ժամանակ անց դարձյալ վերադարձավ կինո եւ սկսեց ֆիլմեր նկարել ինքնուրույն: Ժիրայր Սեֆիլյանի հետ նախաձեռնած «Արաքսից Քուռ, Արցախից Ջավախք» ֆիլմի CD-ները առգրավվեցին Սեֆիլյանի ձերբակալությունից հետո:
Վերջերս Վենետիկի բիենալեում ճարտարապետ Աշոտ Արշակյանը Հայաստանի ազգային նախագիծ ծրագրում ներկայացրել էր Տիգրան Խզմալյանի նկարահանած 10 րոպեանոց «Օպերա» ֆիլմըՙ հայերենով, անգլերենով, իտալերենով: Ռեժիսորը օպերայի շենքը դիտել է որպես երեւույթ, որպես ճարտարապետական կառույց, որպես Բաբելոնի աշտարակ, որի շուրջը անընդհատ կրքեր են բորբոքվումՙ օգտագործելով 1988-ի, 1998-ի եւ 2008-ի վավերագրական կադրերՙ առանց մեկնաբանության: Ֆիլմի ցուցադրությունը հայկական տաղավարում արգելվել է քաղաքաշինության նախարարությունում, մեկնելու նախորդ օրերին:
«Քաղաքական հալածանքները զուգորդվում են մշակութային հալածանքներին: Եվ վտանգն այն է, որ քաղաքական անհանդուրժողականությունը, վախի մթնոլորտը ապահովում են ոչ միայն ոստիկանները, զորքը կամ դատախազները, այլ հենց մտավորականներըՙ իրենց պասիվ կեցվածքով կամ հարմարվողականությամբ: Նման հասարակական մթնոլորտում է հնարավոր այսպիսի հալածանքներ: Եթե մեր երիտասարդ սերնդի հետ հաջողվի անել այն, ինչ իրենք են ձգտումՙ սպառող եւ հարմարվող, ապա մենք կորցնելու ենք երկիրը: Որովհետեւ միակ բանը, որ Հայաստանին տարբերում է 3-րդ, 4-րդ կարգի աշխարհից, մշակույթն է: Իսկ որ մենք կորցնում ենք մշակույթը, ակնհայտ է, հեռուստաեթերները ամեն պահի դա են ապացուցում: Դրանով մենք դառնալու ենք ոչ միայն խոցելի, այլեւ վերանալու ենք որպես ազգ: Սա ազգային անվտանգության խնդիր է: Ես պատրաստ եմ հետամուտ լինել այս խնդրին մինչեւ վերջ, որքան կկարողանամ: Տվյալ դեպքում ոչ թե իմ ֆիլմն եմ պաշտպանում, այլՙ մեր բոլորի իրավունքըՙ կարդալ, դիտել այն, ինչ մենք ենք ուզում, այլ ոչ թե ինչ որոշում են մեր փոխարեն ուրիշները: Մտավորականների պարտականությունն է դիմադրության շարժման մեջ լինել միշտ, դիմադրել գորշությանը, որը կա միշտ. կար ե՛ւ կոմունիստների ժամանակ, ե՛ւ հիմա: Այսօր ուղղակի գորշությունը, գավառականությունը, քաղքենիականությունը իշխանության է եկել, որտեղ աշխատում են մարդիկ, ովքեր ուզում են ավելի կաթոլիկ լինել, քան Հռոմի պապըՙ ինչ-ինչ նկրտումներով: Որեւէ մեկը ինչո՞ւ պիտի որոշիՙ ես ի՞նչ պիտի անեմ եւ որտեղ պիտի ապրեմ: Ստեղծում են պայմաններՙ հեռանալու, բայց ես միեւնույն էՙ չեմ գնալու: Կարծում եմՙ իրենց չի հաջողվելու, մենք կտպենք մեր գրքերը, կնկարահանենք մեր ֆիլմերըՙ պահպանելով դիմադրության մթնոլորտը»:
Հ. Գ. Մի քանի խոսքՙ պատվիրված ֆիլմի ֆինանսական խնդիրներին առնչվող:
«Սարդարապատ» ֆիլմի նկարահանումների համար տրամադրվել է 3,5 մլն դրամ: Բյուջեից նախատեսված գումարի 40 տոկոսը ձեւակերպվել է որպես «Հայկ» ստուդիայի ներքին ծախսեր, մյուս 40 տոկոսըՙ որպես պետական հարկեր եւ գանձումներ: Ռեժիսորը ստացել է 50 հազար դրամ սցենարի համար եւ 3 անգամ 50-ական հազար դրամ աշխատավարձՙ աշխատանքային շրջանում: Պայմանագրի ժամկետի ավարտից մեկ շաբաթ առաջ ֆիլմի նկարահանման փաստացի վճարումները կազմել են բյուջեի ընդամենը 4 տոկոսը: Մնացած աշխատանքներն ավարտվել են սեփական միջոցներով, իսկ աշխատակազմը բեմադրական վարձատրություն առայժմ չի ստացել: