ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հետեւելով «Օդնօկլասնիկի» սրճարանում տեղի ունեցած ծեծուջարդի վերաբերյալ այն հրապարակումների կամ լրագրային սերիալների շարքին, որին հաճույքով ձեռնամուխ է եղել մամուլը, կարելի է ասել, որ դրանց մի զգալի մասն ապակողմնորոշող նպատակներ են հետապնդում` նայած պատվիրատուի, կամ, այդպես չասենք, լրատվության աղբյուրի: Բայց արդեն տեւական ժամանակ հետեւելով այդ բոլորին` կարելի է հանգիստ ապատեղեկատվության գոնե աղբյուրները մատնացույց անել: Իսկ ուշադիր աչքը կարող է նկատել, որ դա նախՙ «Ռադիոլուրի» տնօրեն Արթուր Սահակյանն էր. ակնհայտորեն նա շտապում էր ինչ-որ մարդկանցից առաջ ընկնել եւ տեղի ունեցածի սեփական վարկածը ներկայացնել` սեպտեմբերի 29-ին զանգահարելով մի շարք խմբագրություններ եւ նույն բանը պատմելով այն ժամանակ, երբ դեպքի մասին առաջին լուրերը հայտնի դարձան: Ումից եւ ինչու էր ուզում առաջ ընկնել նա, ինչն իրականում նա պետք է աներ գոնե սեպտեմբերի 21-ին, մինչդեռ ինչ-որ պատճառներ դա նրան հարկադրել են անել սեպտեմբերի 28-ին: Անհայտ է` իբր բռնաբարության փորձի սուբյեկտի ոստիկանություն դիմելու փա՞ստն է եղել դրա պատճառը, թե այլ, շատ ավելի լուրջ եւ շատ ավելի լուրջ թեմայով մի «ռազբիրատ», որը գնալով բարդացրել է իրավիճակը` Մ. Մադաթյանի ոստիկանություն դիմելը այդ բարդացման ցուցիչն է գուցե եղել: Մեր ասածի մեջ տրամաբանություն կա, որովհետեւ իբր բռնաբարության սուբյեկտը ոստիկանություն է դիմել այն փաստից հետո, երբ «Օդնօկլասնիկի» սրճարանի մոտերքում ծեծված Անդրանիկ Բաբայանն արդեն անգիտակից վիճակում հիվանդանոցում էր եւ մեղայականով ոստիկանություն էր ներկայացել ինչ-որ Արմեն Սարգսյան:
Ոստիկանության առաջին հաղորդագրությունները դեպքից 9 օր անց եւ իբր բռնաբարման սուբյեկտի` ոստիկանություն դիմելուց 6 օր անց են հրապարակայնացվել, մինչ այդ ոստիկանությունում ինչ-որ դզոցի-փչոցի է եղել հաստատ:
Աննկատելի մնացած մի պահի մասին. առաջին անգամ Արթուր Սահակյանի անհետանալու մասին լուր է տվել «Հայկական ժամանակը», սեպտեմբերի 27-ին: Նույն օրը մի ուրիշ լուր կա նույն թերթում Լեւոն Սարգսյանի` նույն Ալրաղացի Լյովիկի մասին, թե իր որդուն ծեծած ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի որդու է ծեծել վերջինս, հետո նաեւ` այդ պաշտոնյային, որը հայտնվել է հիվանդանոցում: Այն ժամանակ ոչ ոք ուշադրության չառավ այս հաղորդումը, իսկ ահա, երբ Արթուր Սահակյանը մամուլին պատմեց, թե Ալրաղացի Լյովիկի բանդան 70 հոգով հետապնդել է իրեն, հետո ծեծել «Օդնօկլասնիկի» համասեփականատեր Ա. Միքայելյանին, ապա եւ նրա ընկերոջը` Անդրանիկ Բաբայանին, որին Ա. Սահակյանը տվել էր իր մեքենայի բանալին եւ ուղարկել ստույգ ծեծուջարդի, ահա այդ ժամանակ տողերիս հեղինակը փնտրեց «ՀԺ-ն» եւ նայեց այդ լուրը` փորձելով գտնել կապը. ո՞վ է այդ պաշտոնյան, ի՞նչ էր կատարվել նույն Ալրաղացի Լյովիկի մասնակցությամբ մինչեւ Արթուր Սահակյանի հետ կապված միջադեպը եւ «Օդնօկլասնիկի» սրճարանի ծեծուջարդը: Սա բացահայտելն իր հրատապությունը, մեր կարծիքով, չի կորցրել:
Բոլոր դեպքերում, չուզենալով նորից վերլուծել մամուլում հաճույքով դետալ առ դետալ ծամվող նյութը (լրագրողների մի մասը դրանով իր հացն է վաստակում), ընդամենը կարելի է առանձնացնել մի քանի պարադոքս. Ա. Սահակյանը շատ է ուզեցել ուղղորդել լրատվությունը` վախենալով կարծես, որ դա իր համար անցանկալի ուղղությամբ կգնա: Ինչո՞ւ. խոսքը Ալրաղացի եւ իր բանդայի մասին չէ, հավանաբար նա վախենալու մի այլ ստույգ պատճառ է ունեցել: Երկրորդ պարադոքսը վերաբերում է ոստիկանության պահվածքին: Եթե ոստիկանությունը չի կարողանում իր քաղաքացիներին պաշտպանել օլիգարխների բանդաներից, ուրեմն այդպիսի ոստիկանություն` այդքան ուտող բերան, պահել պետք չէ. կոնկրետՙ եթե քաղաքային վարչության ծառայությունն ուշացել է եւ այդ պատճառով տեղի է ունեցել անուղղելի ողբերգությունը, ապա նորմալ երկրում տվյալ ծառայության ղեկավարներին պաշտոնանկ են անում: Մյուս կողմից` այդպիսի ոստիկանությունից որեւէ օբյեկտիվ քննություն հնարավոր չէ սպասել` չենք վստահի պարզապես, որովհետեւ այստեղ հենց գործել ու գործելու է նախագահ Սերժ Սարգսյանի ասած «հեռախոսային արդարադատությունը», միայն սեփական անգործությունն արդարացնելու պահը հերիք է, էլ ուր մնաց այսպիսի հնչեղության գործի շահագրգիռ կողմերի ճնշումները. նե վերյու, նու նե վերյու, ինչպես ասում է Ալիսա Ֆրեյնդլիխի հերոսուհին, որ արդար քննություն կիրականացվի եւ ճնշումներ չեն գործադրվի վկաների եւ տուժողների վրա:
Իսկ Ալրաղացի Լյովի մասով, ում հրահանգով, տարբեր մամուլային հրապարակումների վկայությամբ, սեփական սափրագլուխների «զորքը» մարդկանց հետ վարվել է այնպես, ինչպես ամերիկյան վատորակ ֆիլմում նեգրական թաղամասերում հանցագործ տարրերն են վարվում անմեղ մարդկանց հետ, ընդամենը ուղերձ անենք էլի նախագահ Ս. Սարգսյանի ելույթին, երբ նա հայտարարեց, թե ոչ ոք իրեն չի կարող անպատժելի համարել, ոչ ոք չի կարող պետության գործառույթներ իրեն վերագրել. ուզում ենք իմանալ` ինչպե՞ս: Ոստիկանության հաղորդագրություններից արդեն երեւում է, որ սույն քաջին փորձ է արվում շրջանցել: Նույնիսկ եթե մինչեւ վերջ այդպես են վարվելու, հասարակությունը հոգնել է ամենուր երեւակվող սափրագլուխներից եւ սրանց պաշտպանյալներից ու այդ ուղղությամբ իրավունք ունի երկրի նախագահից միջոցառումներ պահանջելու:
Անձամբ եսՙ խորհրդարանական լրագրողս, ինձ ապահով չեմ զգում, երբ խորհրդարան մուտք գործելուց հետ Ազգային ժողովի միջանցքներում զանազան մականունավոր պատգամավորների սափրագլուխներին եմ տեսնում. անվտանգության ծառայություն պետք է ունենան երկրի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, եւ միայն: Պատգամավորը, որ ժողովրդի ծառան է օրենքով, ինչո՞ւ պետք է սափրագլուխներին քամակին գցած ման գա, ումի՞ց է վախենում, թե որ վախենալու բան ունի, բա սովորական ընտրողին ո՞նց է օգնելու, կամ որ էն տեսակ բաներ է արել ու ում որ արել է` նրանից վախենում է, ուրեմն մեզ էդպիսի պատգամավոր պետք չէ: Ընդհանրապես` երկրի նախագահից, որը ամենամեծ կուսակցության նախագահն է նաեւ, ու էդ կուսակցության մեջ են հենց մականունավոր պատգամավորների զգալի մասը, հասարակությունն իրավունք ունի պահանջելու հրաժարվել այդ մականունավորների պատգամավորական ծառայություններից. ինչ կերպ էլ նրանք օգտակար եղած լինեն նախագահին, նրանց ներկայությունը խորհրդարանում, այս տեսակ ողբերգությունն ու խայտառակությունը վկա, նրանց տված օգուտից տասնապատիկ վնաս է պատճառում նախագահի հեղինակությանը, եւ նա կարող է իր կուսակից այս «խորհրդարանականներին», եւ առաջին հերթին Ալրաղացի Լյովիկին խորհուրդ տալ` վայր դնել մանդատները: Հատկապես վերջինը, որովհետեւ եթե վստահություն չունենք, որ իրավապահ մարմինները հասնելու են նրան ու պատժելու են, գոնե վստահ լինենք, որ Ազգային ժողովում նրա եւ նրա նմանների «խելացի» դեմքերն էլ չենք տեսնի:
Հ.Գ. Անգամ Արմեն Աշոտյանի ասած եկեղեցու կառուցումը չի կարող փրկել Ազգային ժողովն այսպիսի վայ-պատգամավորների նետած ստվերից ու վատ համբավից: