«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2008-10-03 | #182, 2008-10-04 | #183, 2008-10-07


ԵՐԵՎԱՆ-ԹԲԻԼԻՍԻ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ ՀԱՅ ԵՎ ՎՐԱՑ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Երեւան-Ջավախք-Բաթումի մայրուղուն կողմ եւ դեմ

Երեւան-Ջավախք-Բաթումի մայրուղու վերակառուցումը մտահոգել է վրաց քաղաքագետներին: Նախագահ Սերժ Սարգսյանի այցի կարեւորությունը եւ անհրաժեշտությունը նրանց համար ակնհայտ է, սակայն նույն այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության անհրաժեշտությունը` ոչ այնքան:

«Վրաստանն այսօր բազմաթիվ այլ խնդիրներ ունի լուծելու, ճանապարհի կառուցումն այսօր արդիական չէ», համոզված է քաղաքագետ Նիկո Օրվելաշվիլին : «Եթե խոսքը լիներ կայուն եւ զարգացած տարածաշրջանի մասին, ապա ես վստահաբար կարող էի ասել, որ սա երկու երկրների ղեկավարների որոշման արդյունք է: Այսօր, սակայն, ես վստահ չեմ, որ սա Ռուսաստանի վարչապետ Պուտինի նախապատրաստած ծրագրերից չէ: Ո՞վ կարող է վստահաբար ասել, որ ռուսական զորքերը մի օր այդ ճանապարհով չեն անցնի», հայտարարում է վրաց քաղաքագետը: Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը համոզված է. ճանապարհը հավասարապես հարկավոր է թե՛ հայերին եւ թե՛ վրացիներին: «Նույն հաջողությամբ կարելի էր ենթադրել, որ այս ճանապարհը հարկավոր է ամերիկացիներին: Դուք ինքներդ էլ համոզվեցիք, որ օգոստոսյան իրադարձությունների ժամանակ ռուսներն անցել են այն վայրերով, ուր անգամ ճանապարհի հետք չկար: Իսկ այս ճանապարհը եղել է, գործարկվել է, այժմ հարկավոր է վերակառուցել», նշում է Վան Բայբուրդը: Նախատեսվող մայրուղին Վրաստանի հարավային շրջանները կապելու է սեւծովյան նավահանգիստների հետ, միեւնույն ժամանակ, գրեթե կիսով չափ կրճատելու է Հայաստանը Բաթումին կապող ճանապարհը: «Նման նախագիծ սկսելուց առաջ առնվազն պետք է հաշվարկվեր նախագծի եկամտաբերությունը: Հակառակ դեպքում մենք ականատես ենք լինում այնպիսի իրավիճակի, երբ իրականությունն ու նախագծերը, մեղմ ասած, իրար համարժեք չեն», նշեց Նիկո Օրվելաշվիլին: Երեւանի պետական համալսարանի փոխպրոռեկտոր Ալեքսանդր Մակարովը համոզված է. Վրաստանում մինչ այժմ իրականացված նախագծերից շատերի հիմքում հենց քաղաքական շահն է եղել, տնտեսական եկամտաբերության գործոնը հաճախ հաշվի չի առնվել:

«Այս ճանապարհն իրար է կապում Ախալցխան եւ Աջարիան: Ախալցխայից Աջարիա հասնելու համար այսօր բնակիչները շրջանցում են ավելի քան 100 կմ ճանապարհ: Եվ մտածել, որ ճանապարհը կառուցվում է Հայաստանի խնդրանքով, սխալ է», ասում է Միխեիլ Սաակաշվիլու խորհրդականը: Տնտեսական եկամտաբերությունն ու ժամանակային նպատակահարմարությունը ճանապարհի վերակառուցման հարցում վրաց քաղաքագետներին անհանգստացնում է, սակայն առավել հուզում է հայաբնակ Ջավախքի խնդիրը: Նրանք չեն բացառում, որ ճանապարհի կառուցմամբ այդ տարածքների բնակիչները գուցե անջատողական տրամադրություններ ցուցաբերեն: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ էՙ տարածքները մեկուսացնելով խնդիր չեն լուծում: «Ես կտրականապես համաձայն չեմ այդ մտքին: Մայրուղու կառուցումը անջատողական տրամադրությունների հիմք չի տալիս: Ճանապարհներից կոնֆլիկտներ չեն ծագում: Ընդհակառակը, մեկուսացնելով դուք հիմք եք տալիս տեղի բնակիչների դժգոհությանը: Ճանապարհը, իհարկե, անհրաժեշտ է Հայաստանին եւ միաժամանակ կաշխուժանան վրացական բնակավայրերը», ասում է հայ քաղաքագետը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4