Երեւանյան աշունը սովորաբար հարուստ է լինում մշակութային զանազան փառատոներովՙ երաժշտական, թատերական. այս տարի դրանց ավելացավ եւս մեկըՙ պատկերապատումի փառատոնը: Մեկ տարի առաջ «Հայաստանում պատկերապատումի զարգացման միությունը» աջակցության համար դիմել է Ֆրանսիայի դեսպանատուն եւ ՀՀ մշակույթի նախարարություն եւ ստացել այն: Միության նպատակն է զարգացնել արվեստի այս տեսակը Հայաստանում, հեռանկարայինՙ պատկերապատումի դպրոց հիմնելու եւ փառատոնն ավանդական դարձնելու միտումով: Այս արվեստը համարվում է նաեւ պատկերային պատմվածք, սրանք գրավիչ, ծիծաղաշարժ, հետաքրքրաշարժ գծանկարչական պատկերազարդումներ ենՙ նաեւ ուղեկցվող բացատրական տեքստերով:
Պատկերապատումի արվեստը Ֆրանսիայում ծաղկում ապրել է հատկապես 50-70-ականներին, մասնավորապես գրքի գեղարվեստական, վարպետորեն արված ձեւավորումները նպաստել են ընթերցողական ճաշակի բարձրացմանը: Պատկերապատումի առաջին փառատոնը տեղի է ունեցել ֆրանսիական Անգուլեմ քաղաքում, 35 տարի առաջ: Երեւանյան փառատոնը կայացավ հոկտեմբերի 3-5-ըՙ Ֆրանսիայից ժամանած 7 նկարիչների մասնակցությամբՙ Շառլ Բերբերյան, Ֆարիդ Բուջելալ, Ֆրանկ Մարլերեն, Ֆլորանս Սեստակ, Ֆիլիպ Կարակասյան, Ժան-Կլոդ Դընի Ժերալդ Գորիջ: Փառատոնի ընթացքում եղան մի շարք կոնֆերանսներՙ տարբեր դասախոսություններով («Ի՞նչ է պատկերապատումը», «Պատումի սկզբունքը պատկերապատման մեջ»), գործնական պարապմունք (վիետնամական փորձի ուսումնասիրում), տեսաֆիլմի ցուցադրություն:
Անգուլեմի պատկերապատումի եւ պատկերի ազգային կենտրոնի հավաքածուի շուրջ 7.000 բնօրինակից Երեւան բերվել էին 45 նկարների ֆաքսիմիլե օրինակները. դրանց ցուցադրությունը կայացավ Պետական կամերային թատրոնում: Փառատոնն ավարտվեց կիրակիՙ «Ոսկե նուռ» մրցանակաբաշխությամբ: Ներկայացված մի շարք գրքերից լավագույնը համարվեց (ֆրանսիական հրատ.) «Ճակատամարտերի սիրտը» գիրքը: Հայ արվեստագետներից մրցանակների արժանացան երեք մասնակիցՙ հումորային պատկերների անվանակարգումՙ Ռոբերտ Սահակյանցը , կարճ պատկերապատում անվանակարգումՙ Հարություն Սամվելյանը եւ պատկերապատում անվանակարգումՙ Սամվել Վանոյանը :
Երեւանյան փառատոնը ֆրանսիացի մասնակիցների, APBDA-ի նախագահ Ժան Մարտիկյանի կողմից գնահատվեց բավարար: Անգուլեմը համարվում է պատկերապատումի համաշխարհային մայրաքաղաք, որի փառատոնին մասնակցել էր 10.000 մարդ, երեւանյանինՙ 1000: Հյուրերը կարծում են, որ Երեւանն ունի բոլոր հնարավորությունները դառնալու Արեւելյան Եվրոպայի պատկերապատումի մայրաքաղաք:
Մ. Բ.