Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լեւոն Խաչիկյանի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 9-11-ը Մատենադարանում կանցկացվի միջազգային գիտաժողովՙ նվիրված մեծավաստակ հայագետի եւ ուսուցչապետի գիտական հարուստ ժառանգությանը: Կմասնակցեն ավելի քան 40 հայագետներ Ֆրանսիայից, Իտալիայից, Մ. Նահանգներից, Ռուսաստանից, Հայաստանից, կընթերցվեն բազմաբովանդակ զեկուցումներՙ արտացոլող ոչ միայն Խաչիկյանի կյանքի ու գիտական գործունեության խորիմաստ էջերը, այլեւ վեր հանող հայ միջնադարագիտության տարբեր ճյուղերի նորանոր ծալքերը:
Մատենադարանի գիտնական քարտուղար Շուշանիկ Խաչիկյանի տեղեկացմամբ, գիտաժողովում զեկուցումներով հանդես կգան անվանի հայագետներ Ժան Պիեռ Մահենՙ «Պապ թագավորը եւ արծաթասերի նկարը Հովհաննես Ոսկեբերանի մոտ», Պարույր Մուրադյանըՙ «Միջէթնիկական համերաշխության եւ դավանական հանդուրժողականության գաղափարը հայոց միջնադարում», Փիթեր Քաուինՙ «Վահրամ Րաբունու «Ռուբենեաց պատմությունը» եւ թագավորական գաղափարախոսությունը 13-րդ դ. Կիլիկիայում», Լեւոն Զեքիյանըՙ «Լեւոն Խաչիկյանի կյանքն ու գործը», Շառլ Ռենունՙ «Հայկական շարականի հունական ակունքները», Թեո վան Լինթըՙ «Վարդան Անեցու Եզեկիելի տեսիլքը եւ աստվածային արքայությունը», Արմեն Քլոդ Մութաֆյանըՙ «Ավինյոնի պապությունը եւ հայերը», Լյուդմիլա Կիսելովանՙ «Լ. Խաչիկյան. ձեռագրագիտության եւ հնագրության խնդիրներ», Գեւորգ Տեր-Վարդանյանըՙ «Հիշատակարանների ժողովածուներ կազմելու Լ. Խաչիկյանի մշակած սկզբունքները», Էմմա Կորխմազյանըՙ «Լեւոն Խաչիկյանը եւ Ղրիմի հայկական գաղութի ուսումնասիրության խնդիրները», Ստելլա Վարդանյանըՙ «Լեւոն Խաչիկյանի ներդրումը միջնադարյան բժշկագիտական մատենագրության ուսումնասիրության մեջ», Ալեքսանդրո Օրենգոնՙ «Հայերը Տոսկանիայում 14-18 դդ.» եւ ուրիշներ:
Հայագիտական եռօրյա գիտաժողովի բոլոր զեկուցումները գիտական հանրությանը հասանելի դարձնելու նպատակով լույս կտեսնեն առանձին ժողովածուով:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ