Ամերիկաբնակ նորջուղայեցի Սոնա Չափչովյան-Նազլումյանը օրերս Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեց Նազլումյան մեծ գերդաստանի տոհմական բժշկարանըՙ Նազլումը, որը 4 դար սերնդե սերունդ փոխանցվելուց հետո, տոհմի ավագների որոշմամբ, հանձնվել է գերդաստանի մեծ հարսինՙ Նազլումին, որը բավականին հմուտ է եղել բժշկական արվեստի մեջ: Հենց նրանից է սկիզբ առել Նազլումյանների շառավիղը, նրա անձնուրաց կյանքն ու գործունեությունը բյուրեղյա էջ է բացել գերդաստանի պատմության մեջ, նա եղել է մարդասիրության եւ գթասրտության մարմնացում, անխտիր բուժել է բոլորին, եւ այնքան մեծ համբավ ձեռք բերել հայերի ու պարսիկների մեջ, որ Նոր Ջուղայի փողոցներից մեկը կոչվել է Նազլումյան հարսի փողոց եւ այդպես պահպանվել առ այսօր: Նրա որդինՙ Գրիգորը եղել է Նոր Ջուղայի Երեւան թաղի թաղապետը:
Նազլումյան տոհմի ակունքները նշմարվում են 17-րդ դարի սկզբին, Նոր Ջուղայի սկզբնավորման շրջանում: Տոհմի զավակներից է նաեւ նվիրատուի մայրիկըՙ տիկին Վարդուհին, որն ապրել է 105 տարի եւ մահացել է 2005-ին Մ. Նահանգներում: Գերդաստանի շառավիղները հիմա ցրված են աշխարհով մեկՙ Հայաստան, Պարսկաստան, Մ. Նահանգներ, Անգլիա, Հոլանդիա, Ավստրալիա: Այդ մեծ գերդաստանի բոլոր անդամների անունները մեկառմեկ թվարկված են նվիրաբերված ձեռագրի հիշատակարանում. «Մենք Նազլումյան գերդաստանի թոռներս ու ծոռներս, այս բժշկարանը սիրով նվիրում ենք Հայաստանի Մատենադարանինՙ անցյալի, ներկայի եւ գալիքի Նազլումյանների կողմից»:
Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը երախտագիտություն հայտնեց գերդաստանի բոլոր անդամներինՙ Սոնա Չափչովյան-Նազլումյանին հանձնելով Մեսրոպ Մաշտոցի անվան հուշամեդալը եւ Գրիգոր Նարեկացու «Մատյանի» հնագույն ձեռագրի (1073 թ., պատվիրատուՙ Ներսես Լամբրոնացի, ծաղկող Սկեւրացի ) տպագիր նմանահանության օրինակը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ