Պետական ֆինանսների կառավարման համակարգի գնահատման հաշվետվությունը երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ներկայացրեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը : Հիշյալ փաստաթուղթը նախարարությունը մշակել է Համաշխարհային բանկի աջակցությամբ:
Հաշվետվության ներկայացմանը մասնակցում էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը , որն իր ելույթում նշեց, որ պետական ֆինանսների կառավարման համակարգում արվել են լուրջ քայլեր: Նա, փաստելով այստեղ արձանագրված հաջողությունները, միաժամանակ մատնանշեց շեղումները բյուջեի կատարողականում: «Առաջին եռամսյակում ունենում ենք խնայողություններ, իսկ չորրորդումՙ մեծ ծավալի ծախսեր: Սա նշանակում է, որ բյուջետային ծախսերի ծանրաբեռնվածությունն ընկնում է չորրորդ եռամսյակի վրա: Ո՞րն է պատճառը, որ չենք կարողանում այս խնդիրը լուծել», ասաց վարչապետը: Այնուհետեւ նա անդրադարձավ ներքին աուդիտիՙ պետական ֆինանսական հաստատություններում աշխատանքի հարցին: Ըստ Տիգրան Սարգսյանի, ներքին աուդիտը պետք է հետեւիՙ բիզնես գործընթացով նկարագրված ընթացակարգերը պահպանվում են, թե՞ ոչ: Եթե կան շեղումներ, ապա դրանք պետք է դառնան վերադասի քննարկման առարկա: Վարչապետը նշեց այդ շեղումների 2 պատճառ: Առաջինն այն է, որ ուղղակի թերացում կա, երկրորդըՙ պետական միջոցների կառավարման գործընթացը ճիշտ կազմակերպված չէ:
Ա. Մ.