Աշխատաշուկան թելադրում է իր կանոնները
Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի արդեն նախկին չորս ուսուցիչները համոզված են, որ իրենք այսօր աշխատանքից զրկված են միմիայն տնօրենի քմահաճության պատճառով: Տնօրեն Տիգրան Հեքեքյանն էլ պնդում է. անձնական խնդիրներ այստեղ չկան, դպրոցի սահմանափակ բյուջեն չի բավարարում մանկավարժական մեծ կոլեկտիվի աշխատավարձերը վճարելուն, ստիպված են դիմել կրճատումների:
Խնդիրը, սակայն, իրականում ավելի խոր արմատներ ունի, համոզված են «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ներկայացուցիչները: Հայաստանում այսօր գործատուն գրեթե միշտ հանդես է գալիս շահեկան դիրքերից, աշխատողն էլ կախյալ վիճակում է: Իրադրությունը չի փրկում անգամ 2005 թվականից ուժի մեջ մտած նոր աշխատանքային օրենսգիրքը, որը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցչի հավաստմամբ, լավագույններից մեկն է Եվրոպայում: «Աշխատանքային օրենսգիրքը մշակելիս հիմք ենք ընդունել Լիտվայի օրենսդրությունը, որն աշխարհում համարվում է լավագույններից մեկը», նշում է նախարարության ներկայացուցիչ Գագիկ Բլեյանը : «Տնտեսական իրավունքի պաշտպանության» ծրագրի ղեկավար Ժորա Խաչատրյանը պատրաստ է քննարկել օրենսգրքի յուրաքանչյուր հոդվածը, նա համոզված է, որ աշխատանքային օրենսգիրքը ոչ միայն հեռու է կատարյալ լինելուց, այլեւ գրեթե միշտ առավելությունը թողնում է գործատուի օգտին: «Աշխատուժի հագեցվածության պատճառով այսօր գործատուն իրեն թույլ է տալիս բազմաթիվ խախտումներ կատարել. նա կարող է առանց պայմանագրի աշխատանքի ընդունել կամ անորոշ ժամկետով պայմանագիր կնքելու փոխարեն առաջարկել որոշակի ժամկետով` 6 ամսից մինչեւ 1 տարի ժամանակահատվածով պայմանագիր: Այն լրանալուց հետո էլ գործատուն կարող է առանց որեւէ բացատրության լուծարել պայմանագիրը», ասում է Ժորա Խաչատրյանը :
Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախկին ուսուցչուհի Սուսաննա Արմենակյանը վստահ է, որ իր հետ դեռ 2005 թվականին պետք է անորոշ ժամկետով պայմանագիր կնքվեր, մինչդեռ արդեն երրորդ տարին Տիգրան Հեքեքյանը պայմանագիր էր կնքում 10 ամիս ժամկետով: «Սեպտեմբերից հուլիս աշխատանք ունեի: Այնուհետեւ երկու ամիս գործազուրկի կարգավիճակում էի, առանց իմանալուՙ արդյոք սեպտեմբերին կկնքվի՞ նոր պայմանագիր, թե՞ ոչ: Այս տարվա հուլիսին չորս ուսուցիչներ դիմեցին դատարան` պահանջելով վերականգնել իրենց իրավունքները եւ կնքել անորոշ ժամկետով պայմանագիր: Սեպտեմբերին էլ պարզ դարձավ, որ ոչ միայն իմ, այլեւ շուրջ 15 ուսուցիչների հետ չի կնքվել պայմանագիր: Այստեղ գործել է միայն անձնական հաշիվներ մաքրելու ցանկությունը: Տիգրան Հեքեքյանը պարզապես չի հանդուրժել դատարան դիմելու մեր նախաձեռնությունը», ասում է Սուսաննա Արմենակյանը:
«Պայմանագիր չի կնքվել միայն այն ուսուցիչների հետ, ովքեր 16 ժամից պակաս ծանրաբեռնվածություն ունեին: Մյուս բոլոր ուսուցիչների հետ սեպտեմբերից կնքվել են անորոշ ժամկետով պայմանագրեր: Անձնական որեւէ խնդիր այստեղ չի կարող լինել: Յուրաքանչյուր տնօրենի նպատակն է, որ իր ղեկավարած հաստատությունում աշխատեն լավ մասնագետներ: Դպրոցի ուսուցիչները ստանում են նվազագույն աշխատավարձ, սակայն այդ պարագայում անգամ դպրոցի սահմանափակ բյուջեն բավարար չէ աշխատավարձերի վճարման եւ դպրոցի զարգացումն ապահովելու համար», վստահեցնում է Տիգրան Հեքեքյանը:
Մինչդեռ 2007 թվականին լավագույն ուսուցչուհի հռչակված Սուսաննա Արմենակյանը վստահեցնում է. դրանք անիմաստ պատճառաբանություններ են: «Ես 20 ժամ ծանրաբեռնվածություն ունեի»:
Դատարան դիմած չորս ուսուցիչների փաստաբան Մարիամ Ղուլյանը դատարանից օբյեկտիվ վճիռ է ակնկալում: «Դեպքն իսկապես բացառիկ է: Այսօր աշխատողի իրավունքների ոտնահարման կարող ենք հանդիպել ամեն քայլափոխի, սակայն բացառիկներն են փորձում պաշտպանել իրենց իրավունքները, այն էլ դատարանի միջոցով: Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է, թե որ դեպքերում կարելի է կնքել որոշակի ժամկետով պայմանագիր: Ուսուցիչների հետ նման պայմանագրի կնքումն արդեն իսկ օրենքի խախտում էր», նշում է իրավաբան Մարիամ Ղուլյանը: Բոլոր հարցերը ծագում են օրենքի սխալ մեկնաբանումից, համոզված է Գագիկ Բլեյանը: «Այդ իսկ պատճառով մշակել ենք փոփոխությունների եւ լրացումների փաթեթ, որոնց ընդունմամբ օրենսգրքի 70 հոդված փոփոխությունների կենթարկվի», ասում է նա:
Ո՞վ է ի վերջո արդարացի. գործատու դպրոցի տնօրենը, թե՞ աշխատողի կարգավիճակում հանդես եկող ուսուցիչները, կորոշի դատարանը: Գործընթացն արդեն վճռի կայացման փուլում է:
Ա. Բ.