«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2008-10-04 | #183, 2008-10-07 | #184, 2008-10-08


ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ԲՈԼՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԵՆ

Ռուբեն Գեւորգյանցը «Ոսկե ծիրանին» առաջարկում է մեկ տարով գնալ Երգի պետական թատրոն

Մեր նախորդ հրապարակումից («Ոսկե ծիրանը» ծվարել է Թատերական գործիչների միության մեկ սենյակում: Կինոյի տան նորակառույց հսկա շենքում կինոփառատոնի համար տեղ չկա», «Ազգ», 4.10.08) իր դժգոհությունը կինոմիության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը սկսեց այն բանից, որ «Ոսկե ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանը իրենից Կինոյի տանը տարածք է խնդրել ոչ թե 5 տարի շարունակ, ինչպես նշված է նյութում, այլ «անցած տարի մի անգամ բանավոր Հարությունը ասել էՙ «Չե՞ք կարող մեզ տարածք տալ», ես էլ ասել եմՙ «Չէ, չենք կարող, բոլոր տարածքները վարձակալած են, այդ գումարներով ապրում են Կինոմիությունը եւ Կինոյի տունը»: «Իսկ ո՞ւր են գնում այդ գումարները, շատ հետաքրքիր է, չէ՞», ինքն իրեն հարց տվեց Գեւորգյանցն ու պատասխանեց. «Մենք կինոյի բոլոր վետերաններին ամեն ամիս թոշակ ենք տալիս, 200 անդամները տարեկան 4 անգամ գումարային եւ այլ օգնություն են ստանում, նշում ենք բոլորի հոբելյաններըՙ լավ նվերներով, բաներով, էլ չեմ ասումՙ դժբախտության ժամանակ բոլորին օգնություն են տալիս: Բացի այդ, այստեղ անցկացնում են միջազգային փառատոն, մյուս տարի 5-րդ տարին է լինելու, այս տարի պիտի լիներ, բայց տեղափոխեցինք, եւ արտադրում ենք ամսագիր, որի ամեն մի համարն արժե 12 հազար դոլար: Ահա թե ուր են գնում այդ փողերը»:

Հարություն Խաչատրյանն իրեն նամակով դիմել է ընդամենը 20 օր առաջ եւ ինքը անմիջապես հավաքել է վարչության բոլոր անդամներին ու ասել, որ «Ոսկե ծիրանը» մեր թանկագին փառատոնն է, թեպետ, իր համոզմամբ, իրենք պարտավոր չեն «Ոսկե ծիրանին» տարածք տրամադրել: «Մենք մի կազմակերպություն ենք, իսկ «Ոսկե ծիրանը» ուրիշ կազմակերպություն է: Մենք ապրում ենք լրիվ մեր հաշվին, իսկ «Ոսկե ծիրանը» ապրում է նաեւ պետության հաշվին: Բայց քանի որ կինոյի հետ կապ ունի, իհարկե, մենք պարտավոր ենք ինչ-որ բան անել: Եվ ձեզ ասեմ, որ նիստին ներկա վարչության 17 անդամները համաձայնեցին օգնել: Մենք ունենք մի տարածք, որտեղ արդեն 9 տարի ինչ-որ բար է նստած, եւ ես մտածեցի, որ մենք կարող ենք դիմել այդ բարին եւ ասելՙ «ազատեք մեր տարածքը», եւ այդ 100 քմ տարածքը տրամադրենք Հարությունին: Այդ բարի աշխատողները, երբ իմացել են այդ մասին, գնացել են Հարություն Խաչատրյանի մոտ, թե. «Դու մեր տեղն ես ուզում եւ այլն»: Դա ինձնից անկախ է լինում, եւ շատ վատ են արել, որ գնացել են, որովհետեւ դա կապ չունի»:

Համառոտելով Գեւորգյանցի խոսքն ասենք, որ բարի տնօրենությունը Հարություն Խաչատրյանի հետ վիճաբանել է իրենց տարածքի հանդեպ «ոտնձգություն» կատարելու համար, իսկ Կինոմիության նախագահին ցույց է տվել իրենց հետ մինչեւ 2009-ի օգոստոսի վերջը կնքած վարձակալության պայմանագիրը, ասելով, որ այն խախտելու դեպքում կդիմեն դատարան: Փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո Գեւորգյանցը համոզվել է, որ դատական ամբողջ ընթացքը կտեւի մեկ տարի, հետեւաբար ավելի լավ է Կինոմիության միջոցներով 12 հազար դոլար տրամադրել եւ Երգի պետական թատրոնի 7 հարկի 150 քմ տարածքը վարձակալել «Ոսկե ծիրանի» համար: «Մենք խոսել ենք Արթուր Գրիգորյանի հետ, ինքը մեզ զեղչ գներով այդ տարածքը տալիս է մեկ տարով: Մենք մեր գրպանից փող ենք տալիս, որ «Ոսկե ծիրանը» մեկ տարի ապահով լինի, մինչեւ մյուս տարի բարն ազատվի: Ինչո՞ւ Հարություն Խաչատրյանը չի ասում, որ մենք իրեն տարածք ենք տալիս Երգի պետական թատրոնում», հարցրեց Գեւորգյանցը: Նրան հիշեցրի, որ հրապարակման մեջ Հարություն Խաչատրյանը ասել է, որ Կինոմիությունը մերժել է գրասենյակ տրամադրել Կինոյի տանը, իսկ Կինոմիության հաշվին Երգի պետական թատրոնում տարածք վարձելու մասին խոսք չի եղել, որովհետեւ դա բոլորովին այլ պատմություն է:

Իսկ ի՞նչ երաշխիքներ ունի «Ոսկե ծիրանը», որ մյուս տարի Կինոյի տան բարի տնօրենության հետ չի հայտնվելու անհաճո եւ սկանդալային նույն վիճակի մեջ, Գեւորգյանցն ասաց, որ նրանք այլեւս չենք կարող դուրս չգալ, քանի որ պայմանագրի ժամկետը լրանում է:

Այս ամենի մեջ զարմանալի էր այն, որ Կինոմիության նախագահը սկզբում «Ոսկե ծիրանին» առաջարկել է տարածք Կինոյի տանըՙ անտեղյակ իր իսկ կնքած վարձակալության պայմանագրից, եւ հիմա էլ առաջարկում է Կինոմիության հաշվին փառատոնի համար տարածք վարձակալել Երգի պետական թատրոնի 7-րդ հարկում, որտեղ սենյակ է վարձակալում նաեւ Կինոյի տան տարածքի 400 քմ զբաղեցնող «Շարմ» ընկերությունը: Մեզ հաջողվեց պարզել, որ այդ հարկի սենյակների մեծ մասը զբաղված են: Գուցե պրն Գեւորգյանցի մտքով չի անցնում, որ դրական պատասխան տալու դեպքում «Ոսկե ծիրանի» տնօրենը կարող է նոր վիճաբանությունների մեջ ընկնել:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4