Երեկ Ազգային գրադարանում տեղի ունեցավ կույրերի եւ թույլ տեսողություն ունեցողների համար նախատեսված հատուկ, հարմարավետ ընթերցասրահի հանդիսավոր բացումը: Ընթերցասրահը նախատեսված է Հայաստանում բնակվող մոտ 5000 կույրերի եւ թույլ տեսողությամբ մարդկանց համար: Հատուկ ծրագրային ապահովումն ու համակարգիչները կարողանում են տեքստային ազդանշանը վերածել ձայնայինի` հնարավորություն տալով օգտվել ժամանակակից տեխնիկայի ընձեռած հնարավորություններից: Կրելով կոորպորատիվ պատասխանատվություն` ծրագրի իրականացման համար «Վիվասել-ՄՏՍ»-ը հատկացրել է 1.02 միլիոն դրամ, ինչի շնորհիվ ստեղծվել է ծրագրային փաթեթ, ձեռք են բերվել համակարգիչ ու անհրաժեշտ տեխնիկա:
Հայաստանում շատ են գրադարանները, սակայն թույլ տեսողություն ունեցողները կարողանում են օգտվել միայն այն գրականությունից, որ նախատեսված է հատուկ իրենց համար` հնացած, ոչ ժամանակակից գրականություն, որին փոխարինողներն արտասահմանում վաղուց են հայտնվել: Եվ ահա «Վիվասել-ՄՏՍ»-ի աջակցությամբ ստեղծվեց «Արեւ» համակարգչային ծրագիրը (ստեղծվել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում): Անձը հավաքում է տեքստը (սկզբում նրան սովորեցնում են սովորական ստեղնաշարով աշխատել) կամ տպագիր տեքստը սքաներով անցկացնում է համակարգիչ, եւ համակարգիչը տպվածը վերափոխում է հեշտ հասկացվող խոսքի:
«Դրսի աշխարհի հետ շփումն ու կարդալը կույր մարդկանց երկու մեծ երազանքներն են: Մենք հուսով ենք, որ այս հատուկ ընթերցասրահում նրանք այսուհետեւ կկարողանան առանց որեւէ խոչընդոտի կարդալ», նշեց «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Այժմ, երբ գոյություն ունեն «Արեւ» ծրագիրը եւ տեխնիկայով հագեցած ու կահավորված ընթերցասրահը, կկազմակերպվեն հատուկ դասընթացներ տեսողության խնդիրներ ունեցողների համար, ինչի շնորհիվ նրանք կկարողանան առանց միջամտության օգտվել համակարգչից, սքաներից, տպիչից եւ ստանալ իրենց հետաքրքրող տեղեկությունները, նաեւ ինտերնետի եւ նամակագրության միջոցով շփվել միմյանց հետ:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ