Մինչդեռ զարգացած երկրներում սա արդեն բարի ավանդույթ է
«Պահանջվում են մինչեւ 25 տարեկան բարետես արտաքինով աղջիկներ»: Գործատուի հայտարարությունն է հայաստանյան իրականությունում:
«Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, գործատուների միությունը եւ արհմիությունների կոնֆեդերացիան մինչեւ 2011 թվականն իրականացնելու են ծրագիր, որի հաջող ավարտի դեպքում նման հայտարարությունները պետք է մեր առօրյայում տեղ չգտնեն: Գործատուն պետք է աշխատող ընդունի` հաշվի առնելով միայն մասնագիտական ունակությունները: Հակառակ դեպքում գործատուն ստիպված կլինի պատասխան տալ օրենքի առջեւ», նշում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը :
Նման իրականություն մեզ կարող է սպասել միայն 2011 թվականին, այսօր, աշխատուժի հագեցվածության պայմաններում, պատկերը տրամագծորեն հակառակն է: «Աշխատանքային հարաբերություններում խախտումների կարող ենք հանդիպել ամեն քայլափոխին: Մարդիկ աշխատում են առանց աշխատանքային պայմանագրերի, չեն հարգվում նրանց իրավունքները: Բազմաթիվ ընկերություններում պարզապես չկան արհմիություններ, աշխատողներն իրենք էլ հետամուտ չեն լինում իրենց իրավունքների պաշտպանությանը` վախենալով կորցնել աշխատանքը», ասում է Էդուարդ Թումասյանը:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ողջ հանրապետությունում ունի 23 ճյուղային միություն: Վերջին կիսամյակի ընթացքում ստացել են 255 դիմում բողոք: Ընթացք են տրվել բոլոր գործերին, հիմնականում խնդիրը լուծվում է աշխատողի օգտին: «Դպրոցներից մեկում տնօրենն աշխատողներից մեկին հեռացրել էր աշխատանքից: Վերջինս դիմել էր մեզ` համոզված լինելով, որ իրեն աշխատանքից անօրինական կերպով են հեռացրել: Մեր մասնագետները խոսեցին տնօրենի հետ` ներկայացնելով նրան խախտումները, եւ նա վերականգնեց աշխատակցին իր պաշտոնում: Գործատուները հիմնականում լսում են մեր հիմնավորումները եւ պատրաստ են երկխոսության», համոզված է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի վարիչ Միքայել Փիլիպոսյանը : Իսկ երկխոսություն կառավարության, գործատուների եւ արհմիությունների միջեւ սկսվել է միայն այս տարի: «Կնքվել է եռակողմ պայմանագիր, որի նպատակն աշխատողի իրավունքների պաշտպանությունն է եւ արժանապատիվ աշխատանքի ապահովումը», նշում է Էդուարդ Թումասյանը: Արժանապատիվ աշխատանքի բանաձեւ արհմիությունների կոնֆեդերացիայում սահմանել են: Զբաղվածություն, իրավունքներ, պաշտպանվածություն եւ երկխոսություն. այս տարրերի ներկայացմամբ եւ շաղկապմամբ կոնֆեդերացիայում փորձում են հասնել արժանապատիվ աշխատանքի հաստատմանը մեր իրականությունում: Քայլերից մեկն արդեն արված է: Հոկտեմբերի 7-ը արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրն է:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ