«Կատաղած ցուլն» ու ցլամարտիկը
Օգոստոսին ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովին հաղթելուց ու առաջին թեթեւագույն քաշում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Վախթանգ Դարչինյանը հայտարարել էր, որ մտադիր է պայքարել աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար: Եվ ահա պրոֆեսիոնալ բռնցքամարտում առաջին անգամ հայ բռնցքամարտիկին հնարավորություն է ընձեռվել միավորելու աշխարհի չեմպիոնների տիտղոսները:
Նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ի Կարսոն քաղաքում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը կմենամարտի WBC-ի եւ WBA-ի վարկածներով չեմպիոնական գոտիների տեր, մեքսիկացի Քրիստիան Միխարեսի հետ:
Միխարեսը 27 տարեկան է, պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 41 մենամարտ, որից 36-ում հաղթել է, 2-ն ավարտել է ոչ-ոքի, 3-ում պարտվել է: Վախթանգը մրցակցից 5 տարով մեծ է: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 32 մենամարտերից 30-ում Վախթանգը հաղթանակ է տարել, մեկն ավարտել է ոչ-ոքի, մեկում պարտվել է: Այդ միակ պարտությունը շատ թանկ նստեց Վախթանգի վրա, որը զրկվեց IBF-ի վարկածով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսից: Սակայն հայ բռնցքամարտիկը, որն իր ակտիվ մարտավարության եւ ուժգին հարվածների համար «Կատաղած ցուլ» մականունն է կրում, չընկճվեց այդ պարտությունից: Նա տեղափոխվեց քաշային հաջորդ կարգ, որտեղ իրեն գերազանց դրսեւորեց եւ կարճ ժամանակում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Քրիստիան Միխարեսը բավական ինքնավստահ հայտարարություն է արել առաջիկա հանդիպման վերաբերյալ. «Անկախ քաշային կարգից ես աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկն եմ: Նոյեմբերի 1-ին Դարչինյանը դա կզգա իր մաշկի վրա, երբ կմիավորեմ աշխարհի չեմպիոնի տիտղոսները»:
Ի պատասխան Միխարեսի հայտարարության, Վախթանգ Դարչինյանը հետեւյալն է նշել. «Միխարեսն ունի այն, ինչ հարկավոր է ինձ` չեմպիոնական երկու տիտղոսները: Տեսնենք, թե նա ինչպիսի ցլամարտիկ է, երբ ռինգում հանդիպի «Կատաղած ցուլի» հետ: Եվ նա ռինգում կբացականչի ոչ թե «տորո», այլ` հանձնվում եմ»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ