Ռաֆայել Վահանյանը կմասնակցի նոյեմբերի 7-8-ին Ալմաթիում կայանալիք արագ շախմատի աշխարհի առաջնությանը: Արդեն հայտնի են մասնակից 16 շախմատիստներից 12-ը: Վահանյանի մրցակիցները կլինեն ռուսաստանցի գրոսմայստերներ Մորոզեւիչը, Ռուբլյովսկին, Սվիդլերը եւ Գրիշչուկը, ուկրաինացի Իվանչուկը, ադրբեջանցի Ռաջաբովը, իսրայելցի Գելֆանդը, հունգարուհի Պոլգարը, Ֆրանսիան ներկայացնող Տկաչովը, կուբացի Պերեսը եւ ղազախստանցի Խաջգալեեւը: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 280 հազար շվեյցարական ֆրանկ է, որից 64 հազարը կստանա հաղթողը: Մինչ Ղազախստան մեկնելը Ռաֆայել Վահանյանը «Բանկային արքա» թիմի կազմում կմասնակցի հոկտեմբերի 16-ին Հունաստանի Կալիթեա քաղաքում մեկնարկելիք շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ