Հայաստանի Հելսինկյան կոմիտեն այս տարի առաջին անգամ իրականացրել է պաշտոնական դիտորդական առաքելություն: Դիտորդները ներկա են եղել ոչ միայն նախագահական ընտրություններին, այլեւ ՏԻՄ ընտրություններին: Երեկ «Ուրբաթ» մամուլի ակումբում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց իրենց դիտորդական առաքելության արդյունքները ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ: Նրա խոսքովՙ իրենց զեկույցը հիմնված է միայն կոմիտեի դիտորդների տեղեկությունների հիման վրա:
«Ամենակարեւորը քվեախցիկների տեղադրման հարցն է: Շատ տեղամասերում դրանք այնպես էին դրված, որ հնարավոր էր լինում վերահսկել քվեարկության ընթացքը, տեղամասերում եւ քվեատուփերի մոտ լինում էին կուտակումներ, մեքենաներով մարդկանց էին բերում ընտրության, եղել են նաեւ ուրիշի անձնագրերով քվեարկելու դեպքեր: Ավանի 10/01 տեղամասում ծերանոցի բնակիչների փոխարեն քվեարկել է սոցիալական աշխատողը: Շատ են եղել դեպքեր, երբ կողմնակի անձինք ուղղորդել են ընտրողներին», նկատեց ակումբի հյուրը:
Իշխանյանի մատուցմամբ, չնայած ընտրատեղամասերի զգալի մասում ձայների հաշվարկի գործընթացներն անցել են հանգիստ ու թափանցիկ, Երեւան քաղաքի Արաբկիր համայնքում 2008-ի սեպտեմբերի 7-ի ընտրությունների ընտրական գործընթացներում տեղ են գտել մի շարք ընտրախախտումներ ու թերություններ, որոնք արժանի են ուշադրության ու գնահատականի:
«Գրեթե բոլոր տեղամասերում մշտական ներկայությունը զգաստացրել է հանձնաժողովի անդամներին ու նպաստել քվեարկության պատշաճ կազմակերպմանը: Սակայն հանձնաժողովների անդամները մի շարք ընտրախախտումներ ու թերություններ ոչ միայն չեն կարեւորել, անտեսել են ու չեն արձանագրել, այլեւ դրանց վերացման վերաբերյալ պատշաճ որոշումներ չեն կայացրել», նշում է Իշխանյանը:
Բանախոսի բերած փաստերի համաձայն` 4/39, 4/41, 4/46 տեղամասերում գրանցվել են դեպքեր, երբ ընտրողների անվան դիմաց արդեն ստորագրված է եղել: 4/05 տեղամասում, ուղիղ տեղամասի դիմաց առանց պետ. համարանիշների «Մերսեդես» s 600 մակնիշի ավտոմեքենայից ընտրակաշառք է բաժանվել ընտրողներին նախքան ընտրության մտնելը:
Դիտորդներն արձանագրել են նաեւ բաց եւ խմբակային քվեարկության մի շարք դեպքեր` 4/19, 4/24, 4/30, 4/34, 4/37, 4/45, 4/49 տեղամասերում:
Կենտրոնում նկատվել են բռնություններ, ճնշումներ ընդդիմադիր թեկնածուի վստահված անձանց, նաեւ հանձնաժողովի անդամների նկատմամբ: Ի դեպ, հատկապես Նորագյուղի տեղամասերից մեկում տեղի ունեցած բռնությունների եւ ճնշումների հետեւանքով տեղամասը լքել են ընդդիմադիր թեկնածուի վստահված անձինք, ինչպես նաեւ Հելսինկյան կոմիտեի դիտորդները, քանի որ, Ավետիք Իշխանյանի հավաստմամբ, այնտեղ իրավիճակը եղել է անվերահսկելի: Դիտորդները նաեւ արձանագրել են Կենտրոն համայնքի 10/02, 10/18, 10/46, 10/53, 10/49 ընտրատեղամասերում ոստիկանների ներկայության փաստեր, ինչպես ընտրատեղամասի ներսում քվեարկության ընթացքում, այնպես էլ ձայների հաշվարկի ժամանակ:
Ավետիք Իշխանյանը տեղեկացրեց, որ կեղծիքներ իրականացվել են նաեւ այն համայնքներում, որտեղ առաջադրված է եղել մեկ թեկնածու: Դա Ավետիք Իշխանյանը մեկնաբանում է հետեւյալ կերպ. «Քանի որ ՏԻՄ ընտրությունները համեմատաբար պասսիվ են անցնում, թեկնածուն ուզում է ցույց տալ, որ իրեն շատ մարդ է աջակցում: Ես կարծում եմ, որ Հայաստանում ՏԻՄ ընտրությունների նկատմամբ առանձնապես հետաքրքրություն չկա, դրանք անցնում են ավանդական հայկական ճանապարհով»: Այս ամենի դեմ պայքարելու համար Ավետիք Իշխանյանը դեռ որեւէ դեղատոմս չի կարող առաջարկել:
«Ազգ» -ի այն հարցին, թե Իշխանյանի թվարկած խախտումների առնչությամբ եղե՞լ են մարդիկ, որ պատժվել են իրենց արարքների համար, բանախոսը նշեց, որ մինչեւ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ