Իր պաշտոնավարման մեկ տարին լրանալու կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել «Ազատ Արցախ» հանրապետական թերթին, որում ամփոփել է մեկամյա աշխատանքի արդյունքները:
Մասնավորապես, ինչպես նշել է Բակո Սահակյանը, անցած մեկ տարվա ընթացքում շոշափելի առաջընթաց է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 35,3 մլրդ դրամ` նախորդ տարվա 28,7 մլրդ դրամի փոխարեն: Դարձյալ համեմատական ցուցանիշներով, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բնակչության դրամական եկամուտներն աճել են շուրջ 22,4 տոկոսով:
Աննախադեպ փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ պետական բյուջեի ծավալում եւ կառուցվածքում: 2008 թվականի պետբյուջեն իր ծավալներով նախորդ տարվանը գերազանցում է ավելի քան 1,3 անգամ: Հանրապետությունում մեկնարկել եւ մեծ թափով ընթանում են ռազմավարական կարեւորություն ունեցող մի շարք ծրագրեր: Դրանցից են, օրինակ, Խաչենի եւ Մատաղիսի ջրամբարների վերանորոգումը եւ Թրղե գետի ջրերը Սարսանգի ջրամբար տեղափոխելու ուղղությամբ դեռեւս 2006 թվականին սկսված եւ այժմ արդյունավետորեն շարունակվող աշխատանքները: Արդեն իսկ սկսել է գործել «Արցախֆրուտ» ձեռնարկությունը, որի հզորությունները հնարավորություն են տալիս վերամշակելու գյուղմթերքների հսկայական ծավալներ` ապահովելով ե՛ւ տեղական շուկայի պահանջները, ե՛ւ արտադրանքի արտահանումը արտերկիր: Ստեփանակերտում վերագործարկվել են ալրաղացի համալիրը եւ հացի գործարանը:
Միեւնույն ժամանակ, ըստ ԼՂՀ նախագահի, անելիքներ դեռ շատ կան: Չի կարելի բավարար համարել, որ համախառն ներքին արդյունքի կառուցվածքում ագրարային ոլորտին բաժին է ընկնում ընդամենը 9,5 տոկոսը: Չնայած նախորդ տարվա համեմատությամբ այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում արտաքին առեւտրաշրջանառության ծավալը աճել է, սակայն մտահոգիչ է, որ դա գլխավորապես ներմուծման ծավալների աճի հետեւանք է:
Ներկայումս իրականացվում է բյուջետային գործընթացի առաջին փուլը, որը 2009-2011թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի մշակումն ու հաստատումն է: Նախագահի հավաստմամբ, հաջորդ տարվա բյուջեն ակնհայտորեն կգերազանցի 2008 թվականինը: Նա առանձնացրել է երկրի զարգացման համար կարեւորություն ունեցող ոլորտները` գյուղատնտեսություն, արդյունաբերություն, էներգետիկա, կրթություն ու գիտություն, շինարարություն:
Բակո Սահակյանը ընդունել է «Ազատ Արցախի» արտահայտած այն մտահոգությունը, թե ԼՂՀ-ում նկատելի է կենտրոնի եւ շրջանների զարգացման ակնհայտ անհավասարակշռություն:
«Մեր երկրի եւ նրա տնտեսության ապագան մեծապես կախված է հանրապետության շրջանների, մասնավորապես գյուղական բնակավայրերի զարգացումից: Հաշվի առնելով տարբեր տարածքների առանձնահատկությունները եւ առկա ներուժը, աշխատանքներ են տարվում գյուղերի զարգացման առավել օպտիմալ ուղիների բացահայտման ուղղությամբ: Շրջանների զարգացմանը նոր որակ հաղորդելու համար առաջին հերթին անհրաժեշտ է գյուղերում զարգացնել ենթակառուցվածքները, ինչը կնպաստի ինչպես գյուղում բնակչության ամրապնդմանը, այնպես էլ մեր հանրապետության համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող մի շարք խնդիրների լուծմանը», ասել է նախագահը: Խոսելով շրջանների զարգացման մասին, նա չափազանց կարեւոր է համարել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը: «Մեր պետական կառավարման համակարգում տեղական ինքնակառավարման մարմիններն այսօրվա դրությամբ թույլ օղակներից են, ինչն արտահայտվում է հատկապես վարչական ոլորտում: Բավարար չափով չէ զարգացած կապը ինչպես տեղական, շրջանային եւ հանրապետական մարմինների, այնպես էլ շրջանային կառավարման օղակների միջեւ», շեշտել է Բակո Սահակյանը:
Անդրադառնալով ժողովրդագրության վիճակին, հանրապետության նախագահը չի համաձայնել այն տեսակետին, թե այդ ոլորտում իրավիճակն էապես չի փոխվումՙ սկսած զինադադարի հաստատումից: Նա վկայաբերել է բնական ու մեխանիկական աճը հավաստող տվյալներ: Մասնավորապես, ավելի քան 4 անգամ աճել է ամուսնությունների թիվը, մոտ նույնքան անգամ նվազել են ամուսնալուծությունները:
Բակո Սահակյանը ԼՂՀ-ում ամենախոցելի խավ է համարել ղարաբաղյան պատերազմում զոհվածների, հաշմանդամների եւ անհայտ կորածների ընտանիքները եւ նշել, որ բնակչության այդ շերտի սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ պետությունը շոշափելի քայլեր է անում: Այսպես, պետական բյուջեի միջոցների հաշվին կազմակերպվում է ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների եւ հաշմանդամ դարձած անձանց առողջարանային, այդ թվումՙ արտասահմանյան մասնագիտացված առողջարաններում բուժումը: Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին առաջնահերթության կարգով տրամադրվում են հանգստյան տների ուղեգրեր: Այս տարվանից իրականացվում է մեկ այլ` Արցախյան պատերազմի 1-ին խմբի հաշմանդամներին ձեռքի կառավարմամբ ավտոմեքենաների հատկացման ծրագիրը: Բացի այդ, պետբյուջեի հաշվին հեռախոսներ են տեղադրվում նրանց բնակարաններում, գազի, ջրամատակարարման ծառայություններից եւ տրանսպորտից օգտվելու, ինչպես նաեւ ջրահեռացման, աղբահանության եւ ռադիոյի բաժանորդային վարձերը վճարելու համար տրամադրվում է ամենամսյա դրամական օգնություն: Օժանդակությունները հետեւողական շարունակություն են ունենալու, հավաստիացրել է նախագահը:
Երկրի ղեկավարը չի շրջանցել նաեւ տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի թեման: «Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակն իրոք փոխվել է, եւ այս ամենը հաշվի է առնվում մեր երկրի արտաքին քաղաքականությունը վարելու գործընթացում: Սակայն կան հիմնարար սկզբունքներ, որոնք կմնան անփոփոխ: Դրանք են` արտաքին քաղաքականության հավասարակշռվածությունն ու բազմաուղղվածությունը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը հետամուտ լինելը, բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնումը Արցախի` որպես բանակցային լիիրավ կողմի, մասնակցությամբ: Անփոփոխ է մնացել նաեւ մեր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագայի հանդեպ: Արցախի անկախությունն ու անվտանգությունը շահարկումների եւ սակարկությունների ենթակա չեն», ասել է Բակո Սահակյանը:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ