«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2008-10-08 | #185, 2008-10-09 | #186, 2008-10-10


ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ, ՈՒ ՆԱԵՎ` ՀՀԿ-Ի...

Լրանում է մարտի 1-2-ի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության 6 ամիսը: Հանձնաժողովն այդպես էլ ինչ-որ միջանկյալ հաղորդում չներկայացրեց, թեեւ չի կարելի ասել, թե հանձնաժողովի նիստերի հանդեպ հետաքրքրությունը փոքր էր: Անգամ ընդդիմախոսները, ովքեր նախապես հրաժարվեցին այս հանձնաժողովում ներկայացուցիչ ունենալուց, լրատվության միջոցներով անմիջապես արձագանքում էին հանձնաժողովի նիստում արտասանված յուրաքանչյուր նախադասության: Վերջին աղմուկը բարձրացվեց այն փորձաքննության շուրջը, որ կատարվել է ընդդիմության տրամադրած հայտնի տեսաերիզի հետ կապված: Ճիշտն ասած, երբ սպանողների վերաբերյալ նախաքննության մարմիններից որեւէ որոշակի տեղեկատվություն չկա, բուն նախաքննությունը ձգձգվում է եւ դատական պատասխանը չի հնչում` ո՞վ կրակեց, այս դեպքում պարզապես կարելի է ասել, որ հանձնաժողովը հենց ծառայում է նրան, ինչն իրենց մտքում ունեցել են այն ստեղծողները` գոլորշի արձակել, քննադատության թիրախ դարձնել հենց այս հանձնաժողովը եւ հանձնաժողովականներին, մինչեւ տեսնեն` ինչ է լինում: Այսինքնՙ ոչ մի կողմն էլ, կարծես, այս հանձնաժողովի գնահատականին չի սպասում, մի կողմին ձեռք է տալիս, որ այս հանձնաժողովների նիստերը տեղի ունենան, կարեւոր չէ, թե այնտեղ ինչի մասին կխոսեն` այնտեղ քննարկվող նյութի վերաբերյալ բոլորը կտան-կառնեն, ժամանակը կանցնի, մյուս կողմին էլ (արմատականներին) այս հանձնաժողովը պետք է` իրենց հավիտենական աղմուկը վառ պահելու համար: Ու հանձնաժողովն այդպես 6 ամիս գլորեց: Հիմա եվրոպացիների` էն գլխից ասված փաստահավաք խումբը, 6 ամիս անց, հանձնաժողովականների բավական տքնաջան աշխատանքից հետո ստեղծվում է: Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ս. Նիկոյանը հաստատեց, որ փաստահավաք խումբը շատ մոտ ժամանակում կստեղծվի, փաստեր կհավաքի եւ կտրամադրի հանձնաժողովին, իսկ հանձնաժողովի գործողության ժամկետը երեւի առաջիկա քառօրյայում կերկարաձգվի: Բայց նախ պետք է ճշտվեն փաստահավաք խումբ ստեղծելու սկզբունքները: Ամեն դեպքում գոնե նախնական պատկերացումներով խումբն այնպես պետք է կազմվի, որ երկուսն ընդդիմադիր` Տեր-Պետրոսյանի եւ «Ժառանգության» թեւերից լինեն, երկուսը ներկայացնեն իշխանական թեւը, նաեւ մարդու իրավունքների պաշտպանն ընդգրկվի: Ս. Նիկոյանի կարծիքով` այս դեպքում բոլոր կողմերը պետք է պատրաստակամությամբ մասնակցեն, որովհետեւ ժամանակավոր հանձնաժողովին չմասնակցելու իրենց թույլ տված սխալն արդեն հասկացել են, եւ սա թերեւս ընդդիմախոսների համար կլինի լայն հնարավորություն` իրենց սխալն ուղղելու:

Փաստահավաք խմբի հավաքած փաստերը կգումարվեն ժամանակավոր հանձնաժողովի հավաքածին, իսկ ամփոփիչ գնահատականները երեւի կհնչեն այս տարեվերջին:

  «Ազգը» հետաքրքրվեց` ի վերջո հանձնաժողովում լսելո՞ւ են «Ա1+»-ի օպերատորին, որը փորձաքննության ենթարկված տեսանյութն է նկարահանել եւ ականատես է. Ս. Նիկոյանն ավելի ընդհանրական, այլ հրավիրյալների մասով էլ պատասխանեց. «Եթե ես ընկնում եմ նրանց հետեւից, հրավեր եմ ուղարկում, սպասում եմ պատասխանին, հասկանում եմ, որ իզուր ժամանակ եմ կորցրել, միգուցե եւ նա գա, բայց ես հասկացա, որ այստեղ խոսքը միայն քարոզչություն անելու մասին է, միայն քարոզչական նպատակներ են հետապնդվում, եւ ոչ թե նրանք ուզում են, որ ճշմարտությունը բացահայտվի»:

Հանձնաժողովի աշխատանքի եւ փաստահավաք խմբի ստեղծման խնդիրն առաջիկա օրերի հետաքրքրության ծիրում կլինի, սակայն ՀՀԿ խմբակցությունում այս պահին նաեւ այլ հոգսեր կան, որոնց մասին ոչ ոք հրապարակավ չի ուզում խոսել: Իրողությունն այն է, որ ՀՀԿ-ում այժմ ակամա մրցակցության մեջ են ՀՀԿ փորձառու գործիչները եւ վերջին հոսքերով եկածները: Իբր, հանրապետական գործիչներից մեկի խոսքով, վերին ցանկությամբ ճանապարհ է տրվում երիտասարդներին: Այնպես որ պատահական չէ, որ Արմեն Աշոտյանը հանձնաժողովի նախագահ դարձավ, հավանականություն կա, որ Էդուարդ Շարմազանովը դառնա ՀՀԿ խմբակցության ղեկավար, ուրիշ պաշտոնների սպասման հերթի են այլ երիտասարդ հանրապետական պատգամավորներ: Սակայն իրականում դա ոչ միայն երիտասարդությանը ճանապարհ տալու խնդիր է, համենայն դեպս` կողքից այդպես է դիտվում, այլ առավել` հանրապետականի ընդամենը մի քանի երեւացող, եղանակ ստեղծող եւ փորձառու գործիչներին զսպաշապիկ հագցնելու, քանի որ եթե հանրապետականների մի մասը համարում է, որ ԱԺ նախագահ է դարձել ուժեղ հանրապետական գործիչ, ապա վերջինս դժվար թե իր ձեռքի տակ հանդուրժի ուրիշ ուժեղների ու բնականաբար որոշիչ պաշտոններում գերադասելու է տեսնել գորշ ու ենթարկվող զանգվածին: Բայց այստեղ բաց է մնում հեղինակություններ կամ անհատականություններ ունենալու խնդիրը, առանց որոնց որեւէ կուսակցություն վերածվում է զորանոցի:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4