Զարգացման երկրորդ փուլի երկրների հետ մրցակցությունն ավելի է դժվարանում
«2008-2009 մրցունակության համաշխարհային զեկույցի» համաձայն, Հայաստանն իր մրցունակությամբ 97-րդն է աշխարհումՙ 134 երկրների մեջ: Այս մասին երեկ «Նովոստի» գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց զեկույցը պատրաստած Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) հայաստանյան գործընկեր, «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը : Այդ ցուցանիշով մեր երկիրը 4 կետով իջել է 2007-2008-ին զեկույցում իր զբաղեցրած 93-րդ տեղից:
Մանուկ Հերգնյանը նշեց, որ մրցունակություն ցուցիչը ՀՏՖ-ն որոշում է 110 գործոնների գնահատականներով, որոնք իրենց հերթին խմբավորված են 12 հենասյուներում: Դրանք ենՙ հիմնական պայմաններիցՙ ինստիտուտները, ենթակառուցվածքները, մակրոտնտեսական կայունությունը, առողջապահությունը եւ տարրական կրթությունը, արդյունավետության խթաններիցՙ բարձրագույն կրթությունը եւ վերապատրաստումը, ապրանքների շուկայի արդյունավետությունը, աշխատուժի շուկայի արդյունավետությունը, ֆինանսական շուկայի արդյունավետությունը, տեխնոլոգիական պատրաստվածությունը, շուկայի չափը, ինչպես նաեւ նորարարությունն ու գործարարության կատարելագործվածությունը:
Մրցունակության համաշխարհային զեկույցում վերլուծություններն ու համեմատություններն արվում ենՙ առաջինՙ հենվելով երկրների պաշտոնական վիճակագրական եւ միջազգային կառույցների հրապարակած տվյալների եւ երկրորդՙ տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող ընկերությունների ղեկավարների շրջանում անցկացվող հարցումների տվյալների վրա:
Ինչպես տեղեկացրեց Մանուկ Հերգնյանը, այս տարի Հայաստանը զարգացման առաջինՙ ռեսուրսների վրա հիմնված փուլից տեղափոխվել է երկրորդՙ արդյունավետության վրա հիմնված զարգացման փուլ: Նրա հավաստմամբ, Հայաստանը դրական տեղաշարժ է արձանագրել, տեղափոխվելով 1 շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2000-3000 դոլար ունեցող երկրներիՙ Չինաստանի, Ղազախստանի, Հորդանանի, Ադրբեջանի, Վրաստանի շարքը: Ավելի բարձր զարգացման դաշտ անցնելը, հետազոտական կենտրոնի ղեկավարի հավաստմամբ, ավելի է դժվարացնում մրցակցությունը: Այդուհանդերձ, Հայաստանի մրցակցային դիրքը նախորդ տարվա համեմատ նկատելի փոփոխությունների չի ենթարկվել եւ մնում է ցածր գլոբալ ենթատեքստում:
Ամենաբարձր տեղը Հայաստանը գրավում է աշխատուժի շուկայի արդյունավետությամբՙ 45-րդը, իսկ ամենացածրը գործարար կատարելագործման ցուցանիշն էՙ 120-րդ տեղ: Մակրոտնտեսական կայունացմամբ 83-րդն ենք, նախորդ տարվա 57-րդի համեմատ, ապրանքների շուկայի արդյունավետությամբ 110-րդն ենք, նախորդ տարվա 104-ի փոխարեն եւ այլն: Որոշ առաջընթաց, նախորդ զեկույցի համեմատ, արձանագրել ենք առողջապահության եւ տարրական կրթության, բարձրագույն կրթության եւ վերապատրաստման, ֆինանսական շուկայի արդյունավետության ցուցանիշներով, սակայն ընդհանուր առմամբ այս ցուցանիշներով եւս հետին դիրքեր ունենք:
ԱՊՀ երկրների կտրվածքով Հայաստանին գերազանցում են Ռուսաստանըՙ 51-րդ տեղ, Ղազախստանըՙ 66-րդ տեղ, Ադրբեջանըՙ 69-րդ տեղ, Ուկրաինանՙ 72-րդ տեղ, Վրաստանըՙ 90-րդ տեղ, Մոլդովանՙ 95-րդ տեղ: Մեզանից հետ են մնում Տաջիկստանըՙ 116-րդ տեղ եւ Ղըրղզստանըՙ 122-րդ տեղ:
Մրցունակությամբ առաջատար երեք երկրներն են ԱՄՆ-ն, Շվեյցարիան եւ Դանիան, որոնց հաջորդում են Շվեդիան, Սինգապուրը, Ֆինլանդիան, Գերմանիան, Հոլանդիան, Ճապոնիան եւ Կանադան:
Մասնավորեցնելով մակրոտնտեսական կայունության վրա ազդող գործոններըՙ Մանուկ Հերգնյանը որպես այդպիսին թվարկեց բյուջեի այս տարվա 2,8 տոկոս դեֆիցիտը, գնաճը, ավանդների եւ վարկերի տոկոսների տարբերությունը: Նա նաեւ նշեց, որ Հայաստանի մրցունակության բարձրացման ուղղությամբ հետազոտական կենտրոնը առաջարկում է համալիր զարգացում երեք ուղղություններովՙ կլաստերների ստեղծում եւ զարգացում, նորարարական տեխնոլոգիաների ներդրում եւ տարածաշրջանների զարգացում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ