«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2008-10-08 | #185, 2008-10-09 | #186, 2008-10-10


«ԳՆԱՀԱՏՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԶԳԱՑՈՒՄԸ ՆԱԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՌԻԹ Է»

Արագածոտնի մարզում Սեդա Հովհաննիսյանը երկրորդն է, որ ստանում է վաստակավոր ուսուցչի կոչում, իսկ հայրենի գյուղում առաջինն է: Կարբի գյուղի բնակիչների համար այս հանգամանքը հպարտության իսկական առիթ է դարձել: Աշխարհագրության ուսուցչուհի Սեդա Հովհաննիսյանն էլ, իհարկե, հպարտ է, սակայն կարեւորն իր աշակերտների հաջողություններն է համարում եւ առաջին հերթին պատմում է, թե ինչպես են նրանք տարիներ շարունակ ոչ միայն ամենաբարձր միավորները ստացել ընդունելության քննություններից, այլեւ շատերը գյուղ են վերադարձել աշխարհագրության ուսուցչի որակավորմամբ: «Միշտ երազել եմ պաշտոնյա դառնալ եւ վաստակավորի կոչում հանձնել իմ դասղեկին` Լենա Մուսայելյանին: Սակայն ինքս ուսուցիչ դարձա եւ 32 տարվա աշխատանքից հետո ստացա վաստակավոր ուսուցչի կոչումը: Սա, իհարկե, ուրախալի է, միեւնույն ժամանակ անչափ պատասխանատու», ասում է Սեդա Հովհաննիսյանը:

Ուրախանալու եւ պատասխանատվության առիթ, այս անգամ Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան դպրոցի բոլոր ուսուցիչներն ունեին: Արդեն 7-րդ տարին Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ հանրապետության եւ Արցախի 5 դպրոցի աշխատակազմերը ստանում են դրամական աջակցություն: Ամեն տարի Թեքեյան մշակութային միության ամերիկա-կանադական մասնաճյուղը հանգանակած գումարները փոխանցում է հենց այս նպատակով: «Այս աջակցությունը համակարգված բնույթ ունի: Ամեն տարի այս ամիսներին հանրապետության Վահան Թեքեյանի անվան անունը կրող բոլոր դպրոցների ուսուցիչներին դրամական աջակցություն է տրվում: Նպատակն առաջին հերթին նրանց ոգեւորելն է: Ծրագիրն ուղղված է ոչ միայն ուսուցիչներին, այլեւ դպրոցի ողջ աշխատակազմին», ասում է Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը : Կարբիի Վահան Թեքեյանի անվան դպրոցում սովորում է 720 աշակերտ, միայն այս տարի բացվել է երկու առաջին դասարան` 68 աշակերտով: «Մինչեւ այս տարվա վերջը նախատեսում ենք ավարտել դպրոցի վերանորոգումը: Վերակառուցումն իրականացվում է պետական միջոցներով: Կունենանք ոչ միայն վերակառուցված դպրոց, այլեւ լոկալ ջեռուցման կաթսայատուն», ասում է դպրոցի տնօրեն Արսեն Օհանյանը : Շվեցարահայ Թալին Ավագյան-Ուզունյանն այստեղ է եկել նախորդ տարի: «Փոփոխություններն ակնհայտ են», ասում է: «Այս ծրագրի նպատակն է, որպեսզի ուսուցիչները մշտապես նվիրված լինեն իրենց աշխատանքին: Նրանք են նոր սերնդի առաջին կրթողները, նրանց նշանակությունը մեծ է եւ անփոխարինելի», նշում է Թալին Ուզունյանը: «Ամեն տարի թեքեյանցիներն այցելում են մեզ: Սա ոչ միայն բարի ավանդույթ է, այլեւ ուսուցիչների հանդեպ ուշադրության եւ հարգանքի նշան: Իսկապես ոգեւորիչ է, երբ զգում ես, որ գնահատված ես», ասում է դպրոցի եւ գյուղի առայժմ միակ վաստակավոր ուսուցչուհին:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4