Ինչպես արդեն տեղեկացրել ենք, IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ներկայացուցիչները բանակցում էին առաջին միջին քաշում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Ռոնալդ Վինկի Ռայթի հետ մենամարտելու հարցի շուրջը: Վերջինս 2009-ի հունվարի 24-ին մասնակցելու է HBO հեռուստաալիքով ցուցադրվելիք բռնցքամարտի շոու երեկոյին: Հեռուստաալիքի ղեկավարության պահանջով Ռայթն այդ երեկոյի ընթացքում պետք է մենամարտի Արթուր Աբրահամի հետ:
Սակայն նշված մենամարտի անցկացմանը հնարավոր է խանգարեն մի շարք հանգամանքներ: Դրանցից առաջինն այն է, որ Արթուր Աբրահամի եւ Ռաուլ Մարկեսի մենամարտը հայ բռնցքամարտիկի հիվանդության պատճառով հետաձգվել է եւ կայանալու է նոյեմբերի 8-ին: Բացի այդ էլ, Արթուրը վաղուց է երազում միավորել աշխարհի չեմպիոնի տիտղոսները եւ մտադիր է հաջորդ տարվա սկզբին մենամարտել WBC-ի եւ WBO-ի վարկածներով միջին քաշում չեմպիոնական գոտիների տեր Կելի Պավլիկի հետ: Ճիշտ է, վերջինս էլ ծրագրում է նույն ժամկետներում հանդիպել Ջո Կալզագեի եւ Ռոյ Ջոնսի մենամարտի հաղթողի հետ: Այդ մենամարտերը նախատեսված են հաջորդ տարվա սկզբին:
Ամեն դեպքում Աբրահամ-Ռայթ հնարավոր մենամարտը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Ռոնալդ Ռայթը ծնվել եւ մեծացել է Վաշինգտոնում: Նա ներկայում 37 տարեկան է: Բռնցքամարտով սկսել է զբաղվել 16 տարեկանից, իսկ մինչ այդ ամերիկացի շատ պատանիների նման նա էլ հրապուրվել է բեյսբոլով ու բասկետբոլով` այդ մարզաձեւերում հասնելով որոշակի հաջողության:
Սիրողական բռնցքամարտում անցկացնելով ընդամենը 69 մենամարտ, որից 65-ում հաղթող էր ճանաչվել, Ռայթը 19 տարեկանում ընդգրկվեց պրոֆեսիոնալների շարքերը: Պրոֆեսիոնալ ռինգում նա իր առաջին մենամարտն անցկացրել է 1990-ի հոկտեմբերի 16-ին` հաղթելով Էնթոնի Սալեռնոյին: Հաջորդ երկու տարիներին նա պրոֆեսիոնալ ռինգում եւս 15 հաղթանակ տոնեց, սակայն պրոմոութերները նրան չէին ցանկանում նկատել: Ուստի Ռայթը պայմանագիր կնքեց ֆրանսիացի պրոմոութերի հետ եւ մեկնեց Եվրոպա: Այդ քայլն արդարացրեց իրեն եւ արդեն 1994-ին Ռոնալդն իրավունք ստացավ մրցելու WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Խուլիո Սեզար Վասկեսի հետ: Նա հինգ անգամ հայտնվեց նոկդաունում, սակայն մրցակցին զիջեց միայն միավորներով:
1995-ի մայիսին Ռայթը եւս մեկ հնարավորություն ստացավ վիճարկելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը WBO-ի վարկածով չեմպիոնական գոտու տեր Բրոնկո Մակարտի հետ մենամարտում: Ռայթը դժվարին, բայց արժանի հաղթանակ տարավ: Սակայն չեմպիոնական գոտին երկար չմնաց Ռայթի մոտ: 1998-ի օգոստոսին նա տիտղոսը զիջեց կոլումբիացի Գարի Սայմոնին: Սակայն հետագայում նա իրեն վերադարձրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը մի քանի անգամ հաջողությամբ պաշտպանեց:
Ռայթի երազանքն աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի նվաճումն էր: Այդ պայքարում նրա մրցակիցը հանրահայտ Շեյն Մոզլին էր, որին շատերը համարում էին մենամարտի հաղթողի գլխավոր հավակնորդը: Սակայն Ռայթին հաջողվեց «ծնկի բերել» Մոզլիին եւ իրականացնել երազանքը: Հետագայում, իհարկե, նա զրկվեց այդ տիտղոսից: Պրոֆեսիոնալ ռինգում Ռայթը 50 մենամարտ է անցկացրել, որից 47-ում հաղթել է (25-ը` նոկաուտով):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ