«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2008-10-09 | #186, 2008-10-10 | #187, 2008-10-11


«ԵՐԵՎԱՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻ»

Երեւանի օրվա տոնակատարության բացմանը փաստեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը

Երեկ մեկնարկեցին Երեւանի հոբելյանական տարեդարձինՙ 2790-ամյակին նվիրված միջոցառումները: Տոնակատարության հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնումՙ Ամենայն հայոց հայրապետի, Ազգային Ժողովի նախագահի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախարարների, Երեւանի քույր քաղաքներից ժամանած ներկայացուցիչների եւ հանդիսությանը մասնակից բազմաթիվ այլ հյուրերի ներկայությամբ: Բացման խոսքով հանդես եկավ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ներկայացնելով վերջին տարիներին մայրաքաղաքում իրականացված մեծածավալ աշխատանքներն ու առկա խնդիրները, դրանց լուծման հեռանկարները:

«Կենսագործունեության հիմնական ոլորտներում հաղթահարելով անկախության առաջին տարիների դժվարությունները, Երեւանն այսօր ամբողջությամբ դուրս է եկել ժամանակակից զարգացման ուղի», իր ելույթում փաստեց Երվանդ Զախարյանը, մատնանշելով դրա առարկայական ապացույցներըՙ 2005-ից ուժի մեջ մտած մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը, մայրաքաղաքի դեմքն ու կենցաղն ապահովող ենթակառուցվածքների հիմնական հատվածի վերականգնումն ու զարգացումը, գազաֆիկացումը, որի մակարդակով Երեւանը առաջին տեղերից մեկն է ԱՊՀ երկրների մայրաքաղաքների շարքում, ջրամատակարարման վիճակի էական բարելավումը, 1000-ից ավելի փողոցների, պուրակների, հուշարձանների լուսավորումը, ընդգրկելով քաղաքի 90 տոկոսից ավելին, մայրաքաղաքի շուրջ 500 կմ երկարությամբ ոռոգման ցանցի վերականգնումը:

«Մենք շատ անելիքներ ունենք բնապահպանության հարցերում», ասաց Երեւանի քաղաքապետը, հավելելով, որ մեր քաղաքն աշխարհագրական այնպիսի գոտում է գտնվում, որտեղ կանաչ տարածքների պահպանումը բազմապատիկ ավելի ծախսատար է: Չնայած այդ հանգամանքին, 2003-2008 թթ. ընթացքում մայրաքաղաքում ստեղծվել է շուրջ 30 նոր զբոսայգի եւ պուրակ, մեկ շնչին հասնող հանրային նշանակության կանաչ տարածքը 90-ականների սկզբի 4,9 քառակուսի մետրից 2008-ին հասել է 7,2 քառակուսի մետրի: Այս տարի շահագործման հանձնվող Երեւանի քաղաքային տնկարանի շնորհիվ էլ այսուհետեւ քաղաքի կանաչապատումը կիրականացվի բացառապես այստեղ աճեցված բուսատեսակներով:

Մայրաքաղաքի տրանսպորտային խնդրին անդրադառնալով, Երվանդ Զախարյանը կարեւորեց ամբողջովին ոչնչացված ավտոբուսային պարկի վերականգնումը եւ վերջին տարիներին շուրջ 400 միավոր ավտոբուսների ներմուծումն ու գործունեությունը Երեւանի երթուղիներում:

«Քաղաքաշինության բնագավառում նշանակալի իրադարձություն էր Հյուսիսային պողոտայի կառուցումը, որին սպասել էինք բազում տասնամյակներ: Այն անմիջապես դարձավ մեր հասարակության սիրելի վայրերից մեկը նույնիսկ ընդդիմախոսների համար: Այսօր արագորեն կառուցապատվում է Կենտրոնի համալիրն ամբողջացնող Գլխավոր պողոտան», քաղաքաշինական այսՙ ամենանշանակալի կառույցների մասին խոսելով, քաղաքապետը շարունակեց թվարկել մյուսներըՙ փողոցների թողունակության բարձրացմանն ու տրանսպորտային հաղորդակցության թեթեւացմանն ուղղված ծրագրերը Բաղրամյան, Օրբելի, Խանջյան, Մյասնիկյան պողոտաներում, «Այրարատ» կինոթատրոնին հարակից տրանսպորտային մեծ խաչմերուկում: Հայ մեծ բարերար Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի կողմից «Երեւանին մեծ նվերը» Երվանդ Զախարյանը համարեց Սարալանջի արագընթաց մայրուղու շահագործման հանձնումը, որը ավարտին հասցվեց երկու տարում: Միաժամանակ, քաղաքապետը հիշատակեց նաեւ պետական բյուջեի միջոցներով Մյասնիկյան, Հերացու փողոցները եւ Աբովյան պուրակը միացնող խաչմերուկում տրանսպորտային թունելի շինարարությունը:

«Առաջիկայում կավարտվեն Գետառի նախկին հունով անցնող նոր ճանապարհի վերջին հանգույցների շինարարական աշխատանքները: Դրանով կամբողջանա մայրաքաղաքի փոքր կենտրոնը շրջանցող առաջին արագընթաց ուղինՙ «Այրարատ» կինոթատրոնից, Սարալանջի ճանապարհով մինչեւ Կոմիտասի պողոտա եւ Դավթաշենի կամուրջ: Այն էականորեն կփոխի տրանսպորտային հաղորդակցության վիճակը քաղաքի երթեւեկության ամենալարված հատվածներից մեկում, թեթեւացնելով նաեւ կենտրոնական մյուս փողոցների ծանրաբեռնվածությունը», հավաստիացրեց Երվանդ Զախարյանը, նշելով, որ մայրաքաղաքում ընթացող բոլոր շինարարական աշխատանքները իրականացվել են եռահերթ աշխատանքային գրաֆիկով:

Երեւանի համար կարեւորագույն խնդրիՙ մեքենաների կայանատեղերի հարցի մասին խոսելով, քաղաքապետը նշեց, որ խորհրդային տարիներից ի վեր անուշադրության մատնված այս հարցի վրա Երեւանի քաղաքապետարան կատարած այցի ժամանակ ուշադրություն հրավիրեց եւ հանձնարարություն տվեց հանրապետության նախագահը: Երեւանի կենտրոնում արդեն սկսվել է ժամանակակից քաղաքաշինական սկզբունքներին համապատասխան ստորգետնյա ավտոհանգրվանների ծավալուն շինարարությունը:

Պետական ներդրումներ են կատարվում սոցիալական շինարարության ոլորտում: Այս տարի 4-րդ աստիճանի վթարայնության, քանդման ենթակա շենքերի բնակիչներին նոր բնակարանով ապահովելու նպատակով շահագործման կհանձնվի եւս 2 բազմահարկ բնակելի շենք` նախատեսված 100 ընտանիքի համար: Շարունակվում են 3-րդ կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագրի աշխատանքները, այս տարի ամրացվել է եւս 10 շենք: Երեւանի քաղաքապետի հիշատակած մեկ այլ սոցիալական նշանակության նախագիծ էլ, որն իրականացվում է 2007 թվականից հանրապետության նախագահի անմիջական նախաձեռնությամբ, մայրաքաղաքի վերելակների հիմնանորոգման 3 մլրդ դրամ արժողությամբ ծրագիրն է:

Շարունակելով ելույթը, Երվանդ Զախարյանը թվարկեց այն խոշոր նախագծերը, որոնք պետք է իրագործվեն «սահմանված ժամանակացույցով»: Մասնավորապես, քաղաքապետի հավաստմամբ, կառուցապատվելու են մայրաքաղաքի կենտրոնում գտնվող խարխուլ եւ այսօրվա կենցաղի ու քաղաքաշինության ոչ մի չափանիշի չհամապատասխանող Կոնդի, Կոզեռնի, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից, 30-րդ թաղամասերը: Օդանավակայանից Աջափնյակ կձգվի ամբողջովին նոր մայրուղի, շարք կմտնեն նոր թաղամասերՙ ժամանակակից կառուցապատմամբ: Կոնկրետ քննարկումներ են ընթանում Երեւանի մետրոպոլիտենի հետագա զարգացման ուղղությամբ, «ամենամոտ ապագայում» կվերսկսվի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի կառուցումը:

Քաղաքապետի ելույթին հաջորդեց տոնական համերգը Հայաստանի ճանաչված երգիչ-երգչուհիների, հայտնի կոմպոզիտորների, դերասանների եւ մշակույթի այլ գործիչների մասնակցությամբ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4