ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Չնայած Շվեյցարիան 700 տարվա ժողովրդավարություն ունի (այդպես ասացին շվեյցարացի խորհրդարանականները) եւ օմբուդսմեն չունեն, քանի որ դրա կարիքը չկա, մարդու իրավունքների հետ կապված այդ երկրում ամեն ինչ կարգին է, այնուամենայնիվ Շվեյցարիան ու Հայաստանն իրար շատ նման երկրներ են` փոքր տարածքներ ունեն, ծով չունեն, գեղեցիկ բնություն ունեն երկուսն էլ եւ արժե, որ համագործակցեն: Այս տեսակետին էին Շվեյցարիայի Դաշնային ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերն եւ Դոմինիկ դը Բյումանը, որոնք Հայաստան-Շվեյցարիա հայ խորհրդարանական խմբի նախագահ Արա Բաբլոյանի հետ երեկ Ազգային ժողովում հանդիպեցին լրագրողներին: Վերջինս ներկայացնելով բարեկամության խմբի անդամներին, հատկապես երկու համանախագահներին` ասաց, որ խումբը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 8-ին եւ կմնա մինչեւ հոկտեմբերի 13-ը, սա նրա առաջին այցելությունն է: Շվեյցարիայի Դաշնային ժողովը իր կառուցվածքում այդպիսի խումբ ստեղծելու հրամայական չունի, այս խումբը ստեղծվել է հատկապես Հայաստանի հետ բարեկամական կապերը զարգացնելու համար, իսկ Հայաստանում խմբին ընդունել են Հայաստանի նախագահը, ԱԺ նախագահը, արտաքին գործոց, էկոնոմիկայի նախարարները, այլ գերատեսչությունների ղեկավարների եւ ընդդիմության հետ են հանդիպումներ եղել, իսկ երեկ Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչությունում ԼՂՀ պատվիրակության հետ նույնպես խումբը հանդիպել է: Ցեղասպանության թանգարան եւ հուշարձան այցելելով` խումբը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրին, ապա եւ ծառ տնկել հուշահամալիրի ծառուղում: Ի դեպ, համանախագահները Շվեյցարիայի Դաշնային ժողովում Ցեղասպանության ճանաչման օրինագծի հեղինակներից են, այդ իմաստով` թանգարանի վավերագրերը նրանց համար փաստական նյութ եղան:
Շվեյցարացի համանախագահ Դոմինիկ դը Բյումանը ասաց, որ Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խումբը ստեղծվել է 2004-ին, Հայոց ցեղասպանության ընդունումից հետո: Այցը լավ նախապատրաստվել է արգասաբեր շփումների համար: Օրինակելի համագործակցությունը, մեր երկրի սովորույթներին ծանոթանալը հնարավոր է դարձել Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի ընդհանուր քարտուղար, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչ Սարգիս Շահինյանի շնորհիվ, որը բոլոր անհրաժեշտ կապերը հաստատել է, որ այս առաջին այցելությունը ապագա շփումների հիմք դառնա:
Լոյենբերգերը ե՛ւ պաշտոնական, ե՛ւ ոչ պաշտոնական հանդիպումները հարուստ եւ բովանդակալից անվանեց, որոնց արդյունքում նա իր համար ճշտել է, թե Հայաստանը քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական հարցերում բավական լուրջ խնդիրների առաջ է կանգնած, ինչն էլ պատճառ է, որ մեր երկու երկրներն էլ ավելի սերտ համագործակցեն: Ըստ նրա` կարեւոր է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան հիմնումը, նաեւ` որ Հայաստանն իր դեսպանն ունենա Շվեյցարիայում, այդպիսով` երկու երկրների շփումներն ավելի ակտիվացնելով:
ԼՂՀ ներկայացուցիչների հետ հանդիպմանը շվեյցարացիները վստահություն էին տեսել առ խաղաղ կարգավորում, առ Մինսկի խմբի աշխատանքի շարունակում, ինչպես նաեւ այլ նախաձեռնություններում տարածաշրջանային կայունության համատեքստում` ԼՂՀ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովում:
Ընդդիմության հետ հանդիպումների արդյունքում շվեյացարացի համանախագահները հույս ունեին, որ Հայաստանը կընտրի այն ճիշտ ուղին, որ թույլ կտա քաղաքական բոլոր ուժերի ներգրավմամբ լուծել խնդիրները, հատկապես ԵԽԽՎ բանաձեւերի կատարման մասով:
Դը Բյումանը առանձնացրեց հանդիպումներում կարեւորված երկու ուղղություն` տնտեսական եւ սրտից եկող` մշակութային ծրագրեր: Տնտեսական համագործակցությունը հատկապես կարելի է զարգացնել այն ոլորտներում, որտեղ Հայաստանն ավանդաբար ուժեղ է, ասենքՙ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ առողջապահական ոլորտում, երկուսն էլ նաեւ Շվեյացարիայում են զարգացած, իսկ Ա. Բաբլոյանի ստեղծած երկու մանկական հիվանդանոցներ`«Արաբկիր» եւ «Արբես», այցելությունը հիացրել էր շվեյցարացի համանախագահին. «Նրա աշխատանքի շնորհիվ միջազգային օգնության ոլորտը վստահություն է ստանում», ասաց նա: Երրորդ հետաքրքրող ոլորտը զբոսաշրջությունն է` Հայաստանի բացառիկ գեղեցիկ բնաշխարհը, շվեյցարականի նման, դրա հնարավորությունը կտա, այս ուղղությամբ մտածել եւ ենթակառուցվածքներ ստեղծել է պետք. այս եւ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտները շվեյցարացիներին հետաքրքրում են: Հանդիպումների ընթացքում ծնվել է նաեւ Շվեյցարիայի առեւտրային պալատ ստեղծելու գաղափարը (մեզ հիշեցրին միայն, որ 150 մլն ֆրանկի արտահանում կա Շվեյցարիայից Հայաստան եւ 15 մլն ֆրանկի ներմուծում Հայաստանից, որը պետք է զարգացնել):
Ամփոփելով` Լոյենբերգերը ծանրացավ ցեղասպանության ժխտողականության անընդունելիության վրա` հատկապես Շվեյցարիայում թուրք համայնքի գոյության պարագայում, եւ հույս հայտնեց, որ ինչպես իր տնկած ծառը կջրվի, այդպես կսնուցվի նաեւ երկու երկրների բարեկամությունն ու համագործակցությունը:
Ի դեպ, լրագրողների հարցերին պատասխանելիս Լոյենբերգերը հայտնեց, թե իրենք քննադատաբար են վերաբերվում նոր ատոմակայան կառուցելու Հայաստանի ծրագրին, քանի որ երկրաշարժ տեսած երկրում դարն ապրած տեխնոլոգիաներով նոր ատոմակայան կառուցելը ճիշտ չէ, սակայն որոշումն ի վերջո պետք է կայացնի Հայաստանը, իր վերականգնվող էներգետիկայի համատեքստում:
Մենք զրուցեցինք խմբի` շվեյցարահայ համայնքը ներկայացնող, բայց եւ ի պաշտոնե խմբի կարեւոր պատվիրակներ Սարգիս Շահինյանի եւ Դավիթ Էքչյանի հետ: Սարգիս Շահինյանը` խորհրդարանական խմբի քարտուղարը «Ազգին» հայտնեց, որ այս այցելության ծրագրային մասի հիմնական կատարողներից մեկն ինքն է եղել: Նրա կարեւորմամբ` այս այցով Շվեյցարիան ուզեց փաստել իր աջակցությունը Հայաստանին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի անվտանգության գաղափարին, բայց առանց տնտեսական եւ հասարակական աճի ոչ մի հնարավորություն չկա աղքատությունից ժողովրդին բարեկեցության հասցնելու. պետք է հիմքեր ստեղծել, որ Հայաստանի ժողովուրդը չհեռանա:
Իսկ Դավիթ Էքչյանը` Շվեյցարիա-Հայաստան հասարակական (օժանդակ) խմբի քարտուղարն էլ պատրաստել էր այցը նախապատրաստող տեղեկատվական հիմքերը, ստեղծել ինտերնետային կայք, որտեղ ներկա են Հայաստանի հետ կապված շվեյցարական կազմակերպությունները` www. armenian.ch:
Նկար 1. Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները Երեւանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում