«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2008-10-09 | #186, 2008-10-10 | #187, 2008-10-11


ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽ

Աստղագիտության բաց դասՙ նվիրված Վիկտոր Համբարձումյանին

Տարին առանձնահատուկ է հոբելյանական մեծությունների առումով: Այս օրերին մեծ հանդիսություններ, գիտաժողովներ են կազմակերպվում, հաղորդումներ ու հրապարակումներ են արվում երեք մեծ հայորդիներիՙ Վազգեն Ա Վեհափառի, Վիկտոր Համբարձումյանի, Վիլյամ Սարոյանի 100-ամյակներին նվիրված: Ուրախալին այն է, որ մեր մեծերը պատշաճորեն հիշվում են նաեւ կրթօջախներում եւ արժեքավոր է, երբ դա արվում է ոչ թե հարեւանցիորեն, այլ ըստ էության:

Երեւանի Ս. Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցը բաց դասերի օրինակելի փորձ ունի: Դրանցից վերջինը երեկվա ավարտական դասարանի աստղաֆիզիկայի բաց դասն էրՙ Վիկտոր Համբարձումյանի մեկդարյա հոբելյանին նվիրված: Ուսուցչուհինՙ դպրոցի տնօրեն Ժաննա Թադեւոսյանը դասը ներկայացրեց իբրեւ զրույց: Աշակերտների ակտիվ մասնակցությամբ նա մեկ դասաժամի ընթացքում հրաշալի ներկայացրեց հայ մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանինՙ ամենատարբեր ասպեկտներովՙ իբրեւ մտավորական, ազգային-հասարակական գործիչ, իբրեւ հայ, մանկավարժ, իբրեւ մարդ:

Սեպտեմբերի կեսերին դասարանը այցելել էր Բյուրականի թանգարան, ծանոթացել մեծ գիտնականի կյանքի ու գործունեության մանրամասներին, եղել աստղադիտարանում, թանգարանում: Երեկվա դասը հաճախ էր ընդհատվում բյուրականյան տպավորություններովՙ աստղադիտակի, դեպի թանգարան տանող ծառուղու, որի ծառատեսակները ժամանակին բերել էին Ռուսաստանիցՙ ստեղծելու ռուսական միկրոկլիմա (Վ. Համբարձումյանի կինն ազգությամբ ռուս էր), մարդու ուղեղ հիշեցնող մուտքի մոտ դրված գրանիտե խոշոր բնական քանդակի, Համբարձումյանների տոհմական գերեզմանի, որտեղ հանգչում է մեծ հայը:

Դասասենյակի դաշտային նուրբ ծաղիկները, տնօրենիՙ հյուրերին դասավարտից հետո առաջարկվող մասուրի թեյը նույնպես մթնոլորտ, տրամադրություն էին ստեղծում. Վ. Համբարձումյանը սիրել է դաշտային ծաղիկներ եւ մասուրի թեյ:

Աշակերտները համառոտ, բայց ամփոփ ներկայացրին գիտնականի ծագումը, ընտանիքը, ուսումնառության շրջանը, գիտական կենսագրությունը, անդրադարձան ամենաուշագրավ տարեթվերինՙ 1943, երբ բացվեց Հայաստանի գիտությունների ակադեմիան, որի փոխնախագահը, ավելի ուշ 2-րդ նախագահը Վ. Համբարձումյանն էր (առաջինըՙ Հովսեփ Օրբելին էր), ապա 1946-ին, երբ բացվեց Բյուրականի աստղադիտարանը: Ուսուցչուհու եւ աշակերտների խոսքն ուղեկցվում էր համապատասխան լուսանկարներով, տեսանյութերով:

70-ականներին Մոսկվայում տեղի ունեցած մի գիտաժողովի ընթացքում նշանավոր մի շարք գիտնականների, այդ թվում նաեւ Գրիգոր Գուրզադյանի կարծիքները Վ. Համբարձումյանի մասին, ըստ Աշոտ Արզումանյանի «Բյուրականի միջօրեականներում» գրքի, աշակերտները ներկայացրին բեմականացմամբ, որը մտահղացել եւ վարում էր դասարանից ԵՊՀ աստղաֆիզիկայի բաժնի միակ դիմորդ Արփի Հարությունյանը:

Ուշագրավ էր եւ դրվատելի դասը վարող Ժաննա Թադեւոսյանի մատուցման եղանակըՙ բովանդակալից, ակտիվ, անմիջական, հրաշալի հայերենով, իսկ ամենակարեւորըՙ սիրով: Նա ֆիզիկայի, աստղաֆիզիկայի եւ փիլիսոփայության ու գրականության միջեւ ուշագրավ զուգահեռներ անցկացրեց: Հիշատակեց Վիկտոր Համբարձումյանի մեծ սերը դեպի պոեզիան, մասնավորապես Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունը: Դասը բանաստեղծական շունչ առավ: Լավ էր մտածված նաեւ դասավարտը. հնչեցին Վիկտոր Համբարձումյանի պատգամներից եւ նրա կտակը: Իսկ կտակը, իրոք, մեծ մարդուն հատուկ վերջին խոսք էր. «Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ, իսկ գաղափարների մեջ ամենաթանկը հայոց լեզուն է»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4