Հալեպի (Բերիո) հայոց թեմի առաջնորդ Շահան եպիսկոպոս Սարգիսյանի նախաձեռնությամբ եւ սիրիահայ Գասպարյան ընտանիքի հովանավորությամբ Հալեպում լույս է տեսել «Տաթեւ» հայագիտական տարեգիրքը, որի շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ Մատենադարանումՙ հայագիտական միջազգային գիտաժողովի մասնակիցների ներկայությամբ: Շահան սրբազանի խոսքովՙ հայագիտական այս տարեգիրքը ստեղծելու իր փափագը ծնվել է մոտ հազար տարվա պատմություն ունեցող սիրիահայ համայնքի կյանքը պեղելու, ուսումնասիրելու եւ գիտական հանրությանը իրազեկելու անհրաժեշտությունից. «Հավատում եմ, որ հայագիտական բազմաթիվ տարեգրքեր տպելը անպատեհություն չի ստեղծի, այլ, ընդհակառակը, շատ գիտնականների առիթ կտա զանազան միջոցներով ու ձեւերով արտահայտվելու: Այս տարեգիրքը հանձնում ենք գիտնականներին, որպեսզի նրանք կարողանան վայելել կամ, ինչպես ասվում է մեր սուրբ եւ անմահ պատարագի հասկացողությամբՙ ճաշակել: Ուրախ եմ, որ այս տարեգիրքը տպվեց ըստ հայկական ավանդության եւ սովորությանՙ մեկենասությամբ: Մեր փափագն էր այս տարեգիրքը հանձնել մեր ազգային հոգեւոր տաճարինՙ Մաշտոցի անվան Մատենադարանին, գիտաժողովի մասնակից հայագետներին: Բարի դիտավորությամբ տարեգրքի առաջին համարի հոդվածները միայն արեւմտահայերեն են, բայց հաջորդ հատորներում կլինեն նաեւ օտարալեզու հոդվածներ: Հավատում եմ, որ «Տաթեւը» ավելի կամրացնի Բերիո հայոց թեմի կապը Մատենադարանի եւ գիտական հանրության հետ», ասաց Շահան սրբազանը:
Տարեգրքի առաջին համարում տեղ են գտել հայագիտական 17 հոդվածներՙ Տիմոթեոս վարդապետի «Արարածոց Մեկնությունը» (Շահան եպս. Սարգիսյան), «Հայ-արաբական պատմամշակութային կապերի պատմությունից (պրոֆ. Արշակ Փոլադյան), «Վարդան Անեցին եւ իր «Ներբողը» (Զուլալ Գազանճյան), «Սիրիահայերը Մուհամեդ Քուրդ Ալիի հուշերում» (դոկտոր Նորա Արիսյան), «Հայագիտությունը եվրոպական համալսարաններում» (Սալբի Գասպարյան) եւ այլն:
Լեւոն Խաչիկյանի գիտական ժառանգությանը նվիրված գիտաժողովի 2-րդ օրը Մատենադարանի ցուցասրահում բացվեց Ղրիմի մանրանկարչությանը նվիրված ցուցահանդես, որի ժամանակ ներկայացվեց նաեւ գիտաժողովի մասնակից, ավստրիացի արվեստաբան Հելմուտ Բուշհաուզենի «14-րդ դարի Ղրիմի մանրանկարչությունը Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ» ալբոմ - գրքի նախնական տարբերակը: Պրն Բուշհաուզենն ասաց, որ իր տիկնոջ հետ այս ալբոմի ստեղծմամբ սկսել են զբաղվել 30 տարի առաջՙ Լեւոն Խաչիկյանի խորհրդով եւ ցուցումով: Իրենք մի ամբողջ կյանք են նվիրաբերել այս գործին եւ երջանիկ են, որ առաջիկա ամիսներին ալբոմը կհրատարակվի Հայաստանում:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ