Արդեն երկրորդ տարին ԼՂՀ մայրաքաղաքը նշում է իր տոնը:
Հոկտեմբերի 11-ի տոնակատարությունը հագեցած էր բազմաթիվ միջոցառումներով: Համայնքի ղեկավարության նախատեսած ծրագրով տեղի ունեցան մարզամշակութային մի շարք միջոցառումներ Ստեփանակերտի տարբեր փողոցներում: Այդ թվում եղավ միասնության շուրջպար` բոլորին համախմբելով տոնական տրամադրությամբ: Ստեփան Շահումյանի հուշարձանի մոտ տեղի ունեցավ հանրահավաք, որին մասնակցում էին նաեւ տարեց ստեփանակերտցիները: Նրանց ելույթները բովանդակում էին ե՛ւ հին օրերի կարոտ, ե՛ւ ապագայի լավատեսություն:
Մայրաքաղաքի կայազորային սպայի տանը կազմակերպված հանդիսավոր ժողովին ներկա էր հանրապետության ղեկավարությունը` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Քաղաքի օրվա առթիվ ստեփանակերտցիներին շնորհավորանքի ուղերձ է հղել հանրապետության նախագահը:
Քաղաքապետ Վազգեն Միքայելյանը ստեփանակերտցիներին շնորհավորելով տոնի կապակցությամբ, խոսեց մայրաքաղաքում իրականացվող եւ իրականացվելիք ծրագրերի մասին` ընդգծելով ԼՂՀ ղեկավարության աջակցությունը սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում: Ստեփանակերտ քաղաքի զարգացման ու բարգավաճման գործում ունեցած անուրանալի ծառայությունների համար «Պատվավոր քաղաքացու» կոչում շնորհվեց մի շարք անձանց:
Երեկոյան Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ համերգ, որն ուղեկցվեց տոնական հրավառությամբ:
Կ. Գ., Ստեփանակերտ