«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2008-10-10 | #187, 2008-10-11 | #188, 2008-10-14


ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՓՈՍԵՐԸ` ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Երբ Մոսկվայից գալիս ես Երեւան եւ մեքենայով շրջագայում նրա գեղատեսիլ փողոցներով, հիանում ես քաղաքային իշխանությունների ինքնատիպ մի հնարամտությամբ: Այն տպավորությունն է ստեղծվում, որ մեքենաների արագությունը սահմանափակելու անկեղծ մղումով նրանք չեն վերացնում փողոցների անթիվ-անհամար էկզոտիկ... դարուփոսերը: Նույնիսկ Շումախերը հազիվ թե համաձայներ որեւէ արագություն զարգացնել հայոց մայրաքաղաքում, մտավախություն չունենալով, որ կհայտնվի փոսերի, այդ թվում` նաեւ անտակ դիտանցքերի մեջ:

Նույնիսկ զարմանալի է, թե եղբայր-քաղաք Մոսկվան ինչո՞ւ չի փոխառում բնավ էլ ճարտար միտք չպահանջող, սակայն ամենայնս արդյունավետ նորարարական այս մեթոդը: Ավելին, «անֆայմ» մոսկվացիները նույնիսկ հեռախոսային հատուկ ծառայություն են ստեղծել, որի միջոցով ոչ միայն փոսացավից տառապող բազմաչարչար վարորդները, այլեւ նրանց ոխերիմ թշնամի հետիոտն-անցորդները կարող են կոնկրետ հեռախոսահամարներով օպերատիվորեն իրազեկել ճանապարհային անհարթությունների մասին: Չասենք, թե բոլոր ահազանգերն են լուրջ արձագանք գտնում, սակայն գարնանն ու աշնանը միշտ կարելի է Մոսկվայի փողոցները տեսնել «կարկատան» անող բազում ասֆալտագործ բրիգադների:

Հայտնի չէ` Երեւանի քաղաքային իշխանություններն իրենց հակափոսային հապաղումները համաձայնեցրե՞լ են ավտոտեսչության ղեկավարության հետ, թե ոչ: Բայց եթե վերջիններս չեն դժգոհում, ապա ուրեմն գործ ունենք արագության սահմանափակման հիրավի եզակի, արմատական, միասնական եւ արդյունավետ մեթոդի հետ:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4