«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2008-10-10 | #187, 2008-10-11 | #188, 2008-10-14


ԳՈԼ ԽՓԵԼԸ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ Է ԴԱՐՁԵԼ

ՀՀ հավաքականն արմատական փոփոխությունների կարիք ունի

Բելգիա-Հայաստանՙ 2-0 (2-0)

11 հոկտեմբերի, Բրյուսել, «Ռուա Բոդուեն» մարզադաշտ:

Մրցավարՙ Պետեր Ռասմուսեն (Դանիա):

Բելգիա- Սթեյն Սթեյնեն, Ելե վան Դամ, Վինսան Կոմպանի, Յան Վերտոնգեն, Տիմի Սիմոնս, Գիյոմ Ժիլե, Աքսել Վիտցել, Մարուան Ֆելաինի, Սթիվեն Դեֆուր (Սթեյն Հուսեգեմս, 73), Մուսա Դեմբելե, Ուեսլի Սոնկ (Թոմ դե Սուտեր, 88):

Հայաստան- Ռոման Բերեզովսկի, Ալեքսանդր Թադեւոսյան, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Աղվան Մկրտչյան, Արարատ Առաքելյան, Արթուր Ոսկանյան, Կարեն Ալեքսանյան (Արա Հակոբյան, 64), Լեւոն Փաչաջյան, Արման Քարամյան (Հենրիխ Մխիթարյան, 87), Ռոբերտ Զեբելյան (Սամվել Մելքոնյան, 81):

Գոլերըՙ Սոնկ (22), Ֆելաինի (38):

Զգուշացվեցինՙ Թադեւոսյան, Ալեքսանյան:

Հայաստանի ազգային հավաքականը կրկին հուսախաբ արեց իր երկրպագուներինՙ ընտրական մրցաշարում կրելով 3-րդ անընդմեջ պարտությունը եւ դարձյալ չկարողանալով բացել գոլերի հաշիվը: Անկեղծ ասած, հաշվի առնելով մեր ֆուտբոլիստների ցուցադրած անորակ ու բովանդակությունից զուրկ ֆուտբոլը նախորդ երկու հանդիպումներում, նրանց ներկայիս մարզավիճակը (հատկապես, լեգեոնականների, որոնք իրենց ակումբներում հազվադեպ են խաղադաշտ դուրս գալիս) եւ բելգիացիների հետ մրցավեճում տխուր հաշվեկշիռը (4 պարտություն ընդհանուր 0-8 հաշվով), դժվար էր հավատալ, որ Հայաստանի հավաքականը դրական արդյունքի կհասնի:

Ճիշտ է, նախորդ հանդիպումների համեմատ մեր ֆուտբոլիստներն այս անգամ ավելի ակտիվ էին գործում, սակայն նրանց օգտակար գործողության գործակիցը շատ ցածր էր: Դրան գումարվեց պաշտպանական գծի խաղացողների թույլ տված մի շարք կոպիտ սխալները, որոնցից երկուսը հաջողությամբ օգտագործելով, բելգիացիները շահեցին հանդիպումը: Իհարկե, եթե նրանք ավելի հաշվենկատ գործեին գրոհների եզրափակիչ փուլում, իսկ Ռոման Բերեզովսկին էլ մի քանի դրվագներում հուսալի չգործեր, ապա մեր հավաքականը խոշոր հաշվով կպարտվեր:

Կարծում ենք, որ ֆուտբոլասերներին այնքան ցավ չեն պատճառում հավաքականի պարտությունները, որքան թիմի ցուցադրած խաղի որակը: Պաշտպանության մասին արդեն նշեցինք, որ գործում էր բազում սխալներով: Ոչնչով աչքի չընկավ կիսապաշտպանական օղակը, որում հանդես եկող ֆուտբոլիստները ե՛ւ պետք է օգնեն պաշտպաններին, ե՛ւ կազմակերպեն խաղն ու խաղընկերներին գրոհի առաջնորդեն: Սակայն այսօր այս օղակում հենակետային կիսապաշտպանների դերում հանդես են գալիս այնպիսի ֆուտբոլիստներ (Արթուր Ոսկանյան, Կարեն Ալեքսանյան, Արարատ Առաքելյան), որոնք օժտված չեն խաղը կազմակերպելու հմտությամբ, չունեն դիսպետչերին հատուկ հատկանիշներ, բացի այդ էլ իրենց ակումբներում հազվադեպ են հանդես գալիս ու, բնականաբար, լավ մարզավիճակում չեն: Իրենց խաղամակարդակը զգալիորեն իջեցրել են Լեւոն Փաչաջյանն ու Արման Քարամյանը: Ճիշտ է, վերջինս այս խաղում որոշակի ակտիվություն դրսեւորեց, փորձեց մի քանի անգամ դարպասին հարվածել:

Հարձակման գիծը դարձել է մեր հավաքականի «աքիլլեսյան գարշապարը»: Երեք հանդիպումներում այս գծում տարբեր տարբերակներ փորձարկվեցին, սակայն արդյունք չկա: Այս անգամ էլ մեկնարկային կազմում ընդգրկվել էր Ռոբերտ Զեբելյանը, որն ընդհանրապես ոչինչ չկարողացավ ձեռնարկել: Այստեղ տեղին է մեկ անգամ եւս հիշատակել Հովհաննես Գոհարյանին, որի խաղը չգիտես ինչու չի հավանել Յան Պոուլսենըՙ փոխարենը վստահելով ՌԴ առաջին խմբում հանդես եկող Զեբելյանին:

Բելգիացիների հետ խաղում էլ մեր հավաքականը գրոհում էր փոքր ուժերովՙ հիմնականում փորձելով պաշտպանությունը ճեղքել եզրերով, որտեղ հաճախակի էր հայտնվում հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը: Սակայն այդպես էլ ողջ հանդիպման ժամանակ չհաջողվեց գոլային պահ ստեղծել: Թերեւս կարելի է հիշատակել միայն 25-րդ րոպեն, երբ աջ թեւից Սարգիս Հովսեփյանի փոխանցումից հետո Արման Քարամյանի հարվածը նպաստավոր դիրքից չստացվեց: Իսկ դարպասին կատարված երկու հարվածները հեշտությամբ որսաց բելգիացիների դարպասապահը: Մեր հավաքականի գրոհներում սրություն չկար, բացակայում էր կոմբինացիոն խաղը, մեկ-երկու փոխանցումից հետո մերոնք հեշտությամբ կորցնում էին գնդակը: Իհարկե, նման խաղով մրցակցի դարպասը գրավելը հեշտ չէ: Գոլ խփելը մեր ֆուտբոլիստների համար մեծ հիմնախնդիր է դարձել:

Վերջերս կայացած մամուլի ասուլիսում Պոուլսենը նշել էր, որ երիտասարդ ֆուտբոլիստներ է ընդգրկել հավաքականում: Սակայն այդպես էլ նրանց խաղադաշտում չտեսանք (Հենրիխ Մխիթարյանըՙ խաղավարտից ընդամենը 3 րոպե առաջ): Արդեն բոլորին էլ պարզ է, որ այս ընտրական մրցաշարն էլ մեր հավաքականը ձախողել է: Ուրեմն ավելի լավ չէ՞ հավաքականում տեղ տալ երիտասարդ ֆուտբոլիստներին, ովքեր գոնե խաղային պրակտիկա ունեն եւ վատ չեն դրսեւորում իրենց ՀՀ առաջնությունում, քան հիմնվել «հին գվարդիայի» վրա, որի շատ անդամներ արդեն սպառել են իրենց եւ ոչինչ չեն կարող տալ հավաքականին, մանավանդ, որ խաղային պրակտիկայի պակաս ունեն: Եվ ընդհանրապես, հարկավոր է հրաժարվել «Եթե լեգեոնական ես, ուրեմն տեղ ունես հավաքականում» սկզբունքից:

Յան Պոուլսենի գլխավորությամբ մեր հավաքականն ընտրական մրցաշարում 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Դանիացի մասնագետը կրկնեց տխրահռչակ ֆրանսիացի մարզիչ Բեռնար Կազոնիի ռեկորդը, որի օրոք 2006-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկում մեր ֆուտբոլիստները երեք անընդմեջ պարտություն էին կրել ընդհանուր 1-8 հաշվով: Հոկտեմբերի 15-ին Բոսնիայի հավաքականի հետ հանդիպումը պետք է որ վճռորոշ լինի Պոուլսենի համար: Անհաջողության դեպքում կարծում ենք Պոուլսենն ինքը պետք է հրաժարական տաՙ չսպասելով պաշտոնանկության մասին որոշմանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4